Եթե Ախալքալաքի ծեր տղամարդիկ չմահանան, բոշա Աղասը կշարունակի գլխարկ կարել (վիդեո)
50 տարի է՝ բոշա Աղասը գլխարկ է կարում Ախալքալաքում: Նրա մոտ դեռ պահպանվում են ստալինյան ոճի գլխարկները, չնայած տեղացիներն արդեն այդ ոճի գլխարկներ չեն դնում: Հարցնում եմ` եթե այլևս չեն դնում, ինչո՞ւ եք շարունակում կարել այս գլխարկները, վարպետ Աղասը պատասխանում է. «Արհեստ է, ուզած-չուզած պետք է անես»:
Ախալքալաքի շուկայում գլխարկների նրա տաղավարն ամենամեծն է, չնայած բացի իր կարածներից, հիմա նորաձև այլ գլխարկներ էլ է վաճառում, որովհետև վերջին տարիներին իր կարած գլխարկները քիչ է վաճառվում:
Մինչև 1980-ականները ուստա Աղասի գլխարկները լավ են վաճառվել: Նույնիսկ գիշերները չի քնել, որպեսզի հասցնի ավարտին հասցնել պատվերները: Իսկ դրանից հետո գնորդները հետզհետե մահացել են, նոր սերունդն էլ գլխարկ չի դնում: «Բախտ չունենք, մեռան գնացին,-կատակում է Աղաս պապը,- ինչքան շատ ապրեին, իմ օգուտն էր, վաճառում էինք, գոյություններս պաշտպանում էինք»:
Ուստա Աղասը իր արհեստը հորից չի ժառանգել: Հայրը «կաշկաճի» (սայլապան) է եղել, Հայրենական պատերազմի ժամանակ կորել է: 15 տարեկանից Աղաս Բալոյանը ուստա Վարդանի մոտ է սովորել, հետո` ուստա Գրիգորի մոտ: Բոլոր ոճի գլխարկներից Աղաս պապը գլուխ հանում է` ստալինյան, բելգիական, վրացական խինկալի և այլն: Չի կարում այն գլխարկները, որոնց հումքը դժվար է գտնել: Օրինակ` չի կարում ծղոտե գլխարկներ:
Բոշաները Ախալքալաքում արհեստավորի մեծ համբավ ունեն: 69-ամյա Աղասի Բալոյանն էլ գլխարկ կարող վերջին բոշա արհեստավորն է Ախալքալաքում:
շարունակելի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել