«Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան. քաղաքական նոր եռանկյունաչափություն»
2008-ի ամառվանից, ՀՀ նախագահի մոսկովյան հայտարարությունից հետո սկիզբ առած հայ-թուրքական գործընթացն այսօր ակներեւ է դարձրել ոչ միայն Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու ներսում եղած ողջ «պայթուցիկ զանգվածի» իրական ուրվագծերը, այլեւ այս եռանկյունու վրա աշխարհաքաղաքական նոր խաղագումարներ դնելու ճիգերը:
Թե եռանկյունու ներսում, թե դրանից դուրս հակասություններն այսօր էլ այնքան հին են ու այնքան տիպիկ միջազգային գլոբալ քաղաքական համապատկերի համար, որ կարծես ինչպես ոչինչ չէր կարող, այնպես էլ չի կարող տեղահան անել շահերի հավասարակշիռ կառույցը: Սակայն, ընթացքը ցույց է տալիս, որ հնարավոր է առաջանա շահերի հավասարակշռման նոր մոտեցումների ու ձեռնարկումների, ռազմավարական նոր գործընկերական հարաբերությունների պահանջ: Արդյո՞ք, հայ-թուրքական գործընթացը տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքականության հետեւանք է, ի՞նչ ազդեցություններ կարող է այդ «նորն» ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի` Ղարաբաղյան հակամարտության մեջ ունեցած դիրքերի վրա: Հայ եւ ադրբեջանցի փորձագետների հետ մեր հարցազրույցների հաջորդ խումբն ուղղված է այս եւ ածանցյալ խնդիրների մեկնաբանմանը: «Առավոտ» եւ Բաքվում «Նովոյե վրեմյա» թերթերում տպագրվող նյութերը պատրաստվել են Conciliation Resourses միջազգային կազմակերպության աջակցությամբ:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոն
Ո՞րն է ավելի հեշտ` ԱՄՆ-ի համար՝ բացել սահմանը, քան եվրոպացիների համար՝ պայմանավորվածության հասնել ռուսների հետ
Հարցազրույց փորձագետ, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ
- Որո՞նք են ԱՄՆ-ի՝ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված հիմնական շահերը, եւ ի՞նչ դիրք ունի այդ հարցում Ռուսաստանը։
- Թեեւ դա կարող է պարադոքսային թվալ, բայց հայ-թուրքական հարաբերությունների, երկու երկրների միջեւ սահմանի բացման խնդիրը՝ Եվրոպայի եւ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության կարեւորագույն գործիք է։ Ավելի կոնկրետ՝ այդ գործիքի օգնությամբ ԱՄՆ-ը ձգտում է կանխել Ռուսաստանի մենաշնորհի հաստատումը Եվրոպա էներգակիրների մատակարարման ոլորտում և արդյունքում կանխել նաև դրա հնարավոր հետևանքները` ռուսական ռեսուրսային եւ տարածքային բազայի և եվրոպական գիտատեխնիկական բազայի եւ կազմակերպական-վարչարարական հնարավորությունների սերտաճումը։ Այդպիսի սերտաճումից խուսափելու համար՝ ի դեմս Մերձբալթյան երկրների, Լեհաստանի եւ Ուկրաինայի, արդեն ստեղծվել եւ հաջողությամբ գործում է Ռուսաստանը և ԵՄ-ի ֆրանկոգերմանական կորիզը տարանջատող պատնեշը: Մեր տարածաշրջանում իրավիճակը բարդացած է տարածաշրջանային հակամարտություններով եւ ներկայումս Հարավային Կովկասի մի շարք պետությունների միջեւ ձեւավորված ոչ բարեկամական հարաբերություններով։ Իսկ եթե հարավկովկասյան միջանցքը՝ հայ թուրքական սահմանի բացման եւ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կողմերի համեմատաբար երկարաժամկետ հաշտեցման շնորհիվ կարողանա անխափան գործել, ապա ԱՄՆ-ի համար դա կարող է դառնալ նոր սպառնալիք, քանի որ արդյունքում կարող է տեղի ունենալ արեւմտաեվրոպական գիտատեխնիկական ներուժի եւ Հարավ-արեւելյան Ասիայի տարածաշրջանի վիթխարի աշխատանքի ու սպառողական շուկաների սերտաճում։ Իր հերթին դա կարող է շատ արագ հանգեցնել ԱՄՆ-ի տնտեսական մրցունակության կորստին։ Ուստի՝ ԱՄՆ-ի երկարաժամկետ շահերի տեսանկյունից հարավկովկասյան միջանցքն առանց Հարավային Կովկասում ԱՄՆ-ի լուրջ ռազմաքաղաքական ներկայության կարող է դառնալ սպառնալիք։ Բացի այդ, ԱՄՆ-ի համար կարեւոր էր արեւմտաեվրոպական գործընկերներին ցույց տալ, որ ցանկալի նպատակին հասնելը, այն է՝ ռուսական կոմունիկացիաներին արդյունավետ այլընտրանք ստեղծելը շատ ավելի հեշտ կլինի Հարավային Կովկասում հայ-թուրքական սահմանի բացման եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջոցով, քան ռուսների հետ ուղիղ և առարկայական համաձայնության գալը ռազմավարական հարաբերություններ կառուցելու հարցում։ 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի շնորհիվ ամերիկյան ներկայությունը եւ ազդեցությունը Վրաստանում եւ Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ մեծացավ, ընդ որում՝ ի վնաս ռուսական ազդեցության։ Ըստ էության, այդպիսով ավելի արագացավ տվյալ տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելու գործընթացքը։ Հայ-թուրքական սահմանի բացումը կարող էր դառնալ հերթական քայլն այդ ուղղությամբ։ Սակայն հազիվ թե նման բան կատարվի տեսանելի ապագայում, եթե միայն Ռուսաստանը չցանկանա կամավոր կերպով եւ անհայտ պատճառներով Հայաստանից դուրս բերել իր ռազմակայանը եւ սահմանապահ զորքը։ Եթե Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերում ինչ-որ ընդհանուր բան կա, ապա դա այն է, որ այդ երկրներից եւ ոչ մեկին ձեռնտու չէ, որ ԵՄ-ը սեփական ցամաքային ելքն ունենա դեպի Հարավ-արեւելյան Ասիայի տարածաշրջաններ՝ Չինաստան եւ Հնդկաստան։
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այսօր կարո՞ղ է լինել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերի համընկնման կետ։
- Այո։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս՝ ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Ռուսաստանը հետապնդում են այնպիսի նպատակներ, որոնք միայն անուղղակիորեն են կապվում տվյալ թեմային, այդ թեմայի շահարկումների արդյունք են։ Այս ձեւով ԱՄՆ-ը փորձում է իր եվրոպական դաշնակիցներին եւ, միաժամանակ, պոտենցիալ մրցակիցներին ետ պահել Ռուսաստանի հետ ավելի առարկայական, ռազմավարական երկխոսության մտքից, իսկ Ռուսաստանը ստացավ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հնարավորություն, վերջինիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկայացնելով որպես լրջագույն սպառնալիք նրա ազգային շահերին եւ ակնարկելով, որ Ադրբեջանը կարող է դիմակայել այդ մարտահրավերներին միայն ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացման, դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու դեպքում։
- Հայաստանի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կազդի՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա։
- Եթե կողմերի համար դա լինի զուտ ձեւական ակտ, ապա՝ ոչ։ Ուրիշ բան, որ այդ դեպքում եւ ԱՄՆ-ը, եւ Ռուսաստանը կկարողանան ավելի առարկայորեն փաստարկել սեփական հռետորությունը՝ համապատասխանաբար ԵՄ-ի եւ Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններում։
- Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարո՞ղ է դառնալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ընդհանուր խնդիրը, որի լուծումը կհամապատասխանի այդ երկրների շահերին։
- Դա հնարավոր կդառնա խիստ առանձնահատուկ աշխարհաքաղաքական իրավիճակում, որն, իմ կարծիքով, դեռ չի հասունացել։ Առայժմ հենց հակամարտության չկարգավորվածությունն է այդ երկրներին ընձեռում լայն հնարավորությունների տարատեսակ նախաձեռնությունների եւ ակտիվ քաղաքականության համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել