
Հունիսի 8-ին Ալավերդու քաղաքապետարանում տեղի ունեցավ «Alaverdi. am» կայքէջի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին քաղաքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Կայքէջի համար ալավերդցիները պարտական են Ալավերդիում ինտերնետ ծառայություն մատուցող «Բետանեթ» ՍՊԸ-ի նախագահ, գործարար Սամվել Բեկթաշյանին, որի անմիջական ջանքերով ու բարեգործությամբ ստեղծվեց կայքէջը:
Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը կայքի բացումը կարևոր քայլ համարեց Ալավերդու համար: «Սրանով քաղաքապետարանի աշխատանքներն էլ ավելի թափանցիկ և հասանելի կդառնա բնակչությանը:Ուզում եմ հատկապես իմ շնորհակալությունը հայտնել Սամվել Բեկթաշյանին և այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունը և լուման դրեցին, որպեսզի այս կայքը կայանա: Եթե հիշում ենք, Սամվելն իր ուսանողական վերջին հանդիպմանը խոստացավ, որ ինքն ամեն ինչ անելու է, որ Ալավերդիում իրականացնի ինտերնետային նորմալ կապի ապահովումը, խոստացավ նաև, որ Ալավերդին կունենա իր կայքէջը, այսօրը դրա վառ ապացույցն է: Հպարտանում եմ, որ այսօր Ալավերդին վերջապես իր կայքէջն ունի»,- ասաց քաղաքապետը:

«Բետանեթ» ՍՊԸ-ի նախագահ Սամվել Բեկթաշյանն էլ ասաց. «Ես շատ ուրախ եմ, ինձ մոտ այն զգացողությունն է, որ մի բան շատ ուզում ես անել, ու տարիներ հետո արդյունքը տեսնում ես: Այս կայքը մտահղացվել է դեռ 2002թ.-ին, այն ժամանակ քաղաքային իշխանությունների հետ հանդիպումներ են եղել, միայն հիմա հնարավոր եղավ, այդ թվում նաև ռեսուրսների առումով»:
Սամվել Բեկթաշյանը հավաքվածներին ներկայացրեց կայքէջը: «Կայքէջի արտաքին տեսքը մենք չենք մշակել:Այն գնել ենք ամերիկյան մի ընկերությունից: Գնել ենք արտաքին տեսքը օգտագործելու իրավունքը: Մի առանձնահատկությունն էլ այն է, որ փաստորեն մենք ընտրել ենք կապույտ երանգը, սակայն տոնական օրերին, էջն ունենալու է տարբեր գույներ:Կայքը լինելու է դինամիկ, այսինքն այն պարբերաբար թարմացվելու է: Շեշտը դրվելու է քաղաքի նորությունների վրա: Առաջին հերթին կտեղադրվեն նոր որոշումներ, և այն ամենը, ինչ կհետաքրքրի շարքային ալավերդցուն:Ալավերդիում նոր տեխնոլոգիաների զարգացման հետ , ասենք որ շատ մարդիկ տներից օգտվում են ինտերնետ ծառայություններից: Այնպես ենք արել, որ կայքի այցելուի համար շատ պարզ լինի կայքի կառուցվածքը:Կայքում կա որոնման համակարգ, որը գտնվում է միայն կայքի մեջ: Հիմնականում կայքում բերված են ինֆորմացիայի ընդհանուր խմբեր, որոնք հենց առաջին հայացքից աչքի են զարնում»,- հավաքվածներին էջը ներկայացրեց Ս. Բեկթաշյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ կայքէջն ունի գլխավոր, քաղաքապետարան, քաղաքն այսօր, պատմություն, զբոսաշրջիկին, բարեկամ քաղաքներ և բիզնես բաժինները: Քաղաքապետարան բաժնում տեղադրված են քաղաքապետարանի հետ կապված բոլոր տեղեկությունները: Այս էջում կարելի է ծանոթանալ ներկա քաղաքապետի կենսագրությանը, ավագանու յուրաքանչյուր անդամ ևս ունի իր էջը, տեղադրված են իրենց լուսանկարները, անձնագրային տվյալները, նրանց հիմնական զբաղմունքը, ու նաև հեռախոսահամարները, շարքային ընտրողը կարող է կապվել ավագանու անդամի հետ: Ներկայացված են քաղաքապետարանի աշխատակազմն ու հանձնաժողովները, կզետեղվեն այն հայտարարությունները, որոնք կլինեն մամուլում և հեռուստատեսությամբ: Դժբախտաբար, կայքէջում տեղ չեն զբաղեցնի քաղաքապետարանի ավագանու որոշումները, որը Ս. Բեկթաշյանը պատճառաբանեց այսպես. «Խնդիր կա որոշել, թե որ ժամանակահատվածից կարող է այդ որոշումները կայքում տեղադրել, քանի որ ծավալուն աշխատանք է կոնկրետ ժամանակ չենք կարող ասել, թե այդ որոշումները, երբ կտեղավորվեն կայքում, բայց կարծում եմ դա առաջնահերթ խնդիր է, ուղղակի շնորհանդեսը կարիք չկար դրա պատճառով հետաձգել, ընթացքում զուգահեռաբար կանենք»:
Հավաքվածներին Ս. Բեկթաշյանը ներկայացրեց կայքի բոլոր էջերի բովանդակությունը, որոնք ընդգրկում էին քաղաքի պատմությունը, սպորտայի, մշակութային տեղեկություններ, անվանի մարդկանց մասին տեղեկություններ և այլն: Հավաքվածները շնորհավորեցին «Alaverdi. am» կայքէջի բացումը և շնորհակալություն հայտնեցին երիտասարդ գործարար Սամվել Բեկթաշյանի նախաձեռնության համար:
Եղան նաև առաջարկություններ կայքում Ալավերդու գլխավոր հատակագիծը, ավագանու որոշումները առաջնահերթ տեղադրելու, համայնքի բյուջեն, քաղաքի պատվավոր քաղաքացիների ցուցակը կայքում ներգրավելու և քաղաքի տոնին եւ Թեղուտի հանքավայրին վերաբերող էջեր բացելու վերաբերյալ:
Առաջարկվեց նաև զբոսաշրջիկներին էջում տեղադրել քաղաքի բանկերի և ՀԿ-ների ցուցակները:
«Ես քաղաքում փոքրիկ հյուրանոցային համալիր ունեմ, կարող եմ սպասարկել 18 հյուրի, կազմակերպում ենք նաև նրանց սնունդը, խնդրում եմ կայքում տեղեկություններ տեղադրեք նաև իմ համալիրի մասին»,- առաջարկեց Հրանուշ Թանդիլյանը:
Ալավերդու Հյուսիսային համալսարանի տնօրեն Վլադիմիր Բեկթաշյանն էլ առաջարկեց ուսումնասիրել նաև հանրապետության մյուս մարզերի ու համայնքների կայքէջերը, որը կօգնի էլ ավելի ընդլայնելու «Alaverdi. am» կայքէջի հնարավորությունները: Վերջում քաղաքապետ Արթուր Նաբանդյանը հավաստիացրեց, որ քաղաքապետարանի կողմից ամեն ինչ կարվի, որ կայքէջում անընդհատ փոփոխություններ լինեն, որպեսզի չնմանվեն այն համայնքներին, որոնց կայքէջերը բացվելուց հետո, մնում են անշարժ և փոփոխությունների չեն ենթարկվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել