HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Արցախի հարցի լուծումը Արցախի անկախությունն է»,-համոզված է պատերազմի ողջ ընթացքը լուսաբանած լրագրողը

Մոսկվա. լռություն Գետաշենից և Մարտունաշենից հայերի տեղահանման ժամանակ

Երբ սկսվեց Ղարաբաղյան հակամարտությունը, և տեղի ունեցավ հայերի տեղահանումը Գետաշենից և Մարտունաշենից, ռուսական հեռուստատեսությունը լռում էր:

Գորբաչովյան «Վերակառուցումն» էր, և ռուսական հեռուստատեսությունը, որն այն ժամանակ ստեղծվել էր ու փոքր-ինչ ավելի առաջադեմ էր, քան «ОРТ»-ն և կենտրոնական հեռուստատեսությունը, որևէ բան չէր ասում այն մասին, թե ինչ է տեղի ունենում Արցախում` Գետաշենում և Մարտունաշենում: Այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր և սցենարիստ Ցվետանա Պասկալևան: «Տարբեր-տարբեր մարդկանցից ես իմացա, որ այնտեղ շատ արյուն է թափվել։ Ես ուզում էի օգնել այն ազգին, որի վրա հարձակվել էին, և տեսնում էի, որ նա պատրաստ չէր պաշտպանել իրեն։ Եվ այդ ժամանակ այնտեղ ոչ մի լրագրող չկար։ Ես հանկարծ ստանձնեցի Ղարաբաղում տեղի ունեցողը միջազգային հանրությանը ներկայացնելու գործը։ Երբ տեսա Ղարաբաղի ժողովրդի տառապանքը, այդ բարբարոսական տեսարանները, պատկերացրի իմ բուլղարական բազմադարյա պատմությունը. բուլղար ժողովուրդը 5 դար եղել է թուրքական լծի տակ, և մեր գյուղերում նույնպես թուրքերը ոչնչացնում էին մեզ։ Երբ տեսա Ղարաբաղի այդ տեսարանները, ինչ-որ բան խոսեց իմ մեջ»,- ասաց Ց. Պասկալևան: Նա Արցախ է եկել 1991 թ. մայիսին: Այս ժամանակ Ց. Պասկալևան ասպիրանտ էր Մոսկվայում` հեղինակային վավերագրական ֆիլմ մասնագիտությամբ: Նա արդեն հասցրել էր լուսաբանել 1990 թ. բռնկված վրաց-հարավօսական հակամարտությունը, որի մասին պատրաստել էր մոտ 10 ռեպորտաժ և մեկ վավերագրական ֆիլմ Բուլղարական ազգային հեռուստատեսության համար: «Արդեն ունենալով այդպիսի փորձ` որպես ռազմական լրագրող գնացի Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցչություն, հանդիպեցի դեսպանի հետ և հարցուփորձ արեցի. «Ի՞նչ է տեղի ունեցել: Ես ուզում եմ գնալ և ռեպորտաժ նկարահանել»: Իսկ դեսպանը ժպտալով ասաց. «Շատ լավ է, որ ուզում ես դա անել մեզ համար: Բայց մենք այլևս չենք վերահսկում իրավիճակը: Այն արդեն ադրբեջանցիների ձեռքն է անցել, և մենք ոչնչով չենք կարող օգնել, որ այնտեղ գնաս»»,- պատմեց Ց. Պասկալևան: Նա խնդրել է իրեն տալ ռուսերենով հրապարակված ամեն ինչ Արցախի մասին և մի շաբաթ մնացել է հայկական ներկայացուցչությունում ու կարդացել այդ ամենը: «Որովհետև մինչ այդ պահը ես ոչինչ չգիտեի Ղարաբաղի մասին: Ես ասացի. «Ուզում եմ տեղյակ լինել` ու՞մ հողն է սա, որտեղի՞ց է ծագում հակամարտությունը, ի՞նչ տեսակի հակամարտություն է դա, ո՞վ է այնտեղ ապրում»: Մեկ շաբաթ հետո ես ասացի. «Ես գիտեմ հակամարտությունը, դրա սկզբնաղբյուրը: Ես հոգեպես պատրաստ եմ, գիտեմ ճշմարտությունը: Ես գիտեմ` ուր եմ գնում, ինչի համար եմ գնում և ում պետք է պաշտպանեմ»»,- ասաց Ց. Պասկալևան: Նրա խոսքերով, Հարավային Օսիայի հակամարտությունը լուսաբանելիս ինքը չգիտեր, թե կողմերից որին հավատար, իսկ Արցախում արդեն գիտեր ճշմարտությունը: «Ես Հարավային Օսիա գնացի չպատրաստված, տեղեկատվական պատրաստվածության առումով, ինչպես և անում են շատ լրագրողներ, երբ իրենց ինչ-որ տեղ են ուղարկում: Նրանց համար կարևոր չէ` ո՞վ է այնտեղ ապրում, ի՞նչ վեճեր կան, ի՞նչ հարցեր են լուծվում: Եվ տարբեր թեժ կետերից հաղորդվող միջազգային ռեպորտաժների անգամ մեծ մասի դեպքում քեզ կարող են այնպես մոլորեցնել, որ ոչինչ չես հասկանա` ո՞վ է այնտեղ ապրում, ինչի՞ համար է պայքարում, ի՞նչ խնդիրներ են այնտեղ լուծվում»,- ասաց լրագրողը: Ց. Պասկալևան Մոսկվայից եկել է Երևան: Իսկ այստեղից Ստեփանակերտ էին թռչում միայն «ԱՆ-24» ինքնաթիռները:

Ստեփանակերտ. ադրբեջանական ՕՄՕՆ-ի վերահսկողության տակ

«Ես նստեցի այդ ինքնաթիռը, եկա Ստեփանակերտ: Ստեփանակերտի օդանավակայանը վերահսկում էր ադրբեջանական ՕՄՕՆ-ը: Գիտե՞ք` ինչ տեսարան է. հենց ինքնաթիռը վայրէջք է կատարում, զինվորները երկու օղակապով վերցնում են այդ տարածքը»,- ասաց լրագրողը` հավելելով, որ այնուհետև ինքնաթիռից դուրս էին գալիս Արցախի գրանցում ունեցող հայերը. Հայաստանի հայերն իրավունք չունեին այնտեղ թռչելու, քանի որ վերջիններիս ադրբեջանցիները կամավորներ էին համարում: Հենց օդանավակայանի հրապարակում ադրբեջանցիները սկսում էին իրերի խուզարկությունը և իրենց դուր չեկած հայերի հետ հարաբերություններ պարզելը: «Մի փոքրիկ գաղնիք բացեմ։ Երբ ես թռչում էի հայ օդաչուների հետ, նրանք շատ էին անհանգստանում ինձ համար։ Նրանք հասկացան իմ ցանկությունը՝ ուր եմ գնում և ինչի եմ գնում, և ասացին. «Քանի որ Երևանից ես գալիս, քեզ էլ չեն թողնի առաջ գնալ»։ Իսկ շաբաթական ընդամենը մեկ ինքնառիթ էր թռչում։ «Այդ պատճառով մենք քեզ կսպասենք. եթե զգաս, որ նրանք քո նկատմամբ վատ են իրենց պահում, մենք մի քիչ ավելի երկար կպահենք ինքնաթիռը։ Դու նստիր և մեզ հետ վերադարձիր»»,- պատմեց Ց. Պասկալևան։ Օդանավակայանում կազմակերպված «օպերացիայի» ժամանակ, տեսնելով, որ լրագրողն օտարերկրացի է, ադրբեջանցի օմոնականները խնդրում են նրան իրենց հետ դահլիճ գնալ: «Դա հին, կեղտոտ ու ահավոր գարշահոտ բուրող շենք էր, և բոլոր սենյակներից տարբեր ճիչեր էին գալիս: Նրանք այդ սենյակներում մշակում էին մարդկանց: Մթնոլորտն այնպիսին էր, որ երբ ես մտա, մի անգամից հասկացա, թե ուր եմ մտել: Օմոնականը բացեց օդանավակայանի պետի դուռը: Տնօրենի ազգանունը Գաջիև էր: Գաջիևը գոռում էր ինչ-որ հայի վրա և բռունցքներով նրա վրա հարձակվում։ Եվ ես շատ վատ ժամանակ էի եկել։ Երբ նա ասաց. «Իսկ դու ո՞վ ես», նրան պատասխանեցին. «Բուլղարացի լրագրող է: Երևանից է եկել»: «Հա՞,- ասաց նա, վերցրեց իմ փաստաթղթերը` անձնագիրը, միանգամից գետնին շպրտեց ու ասաց,- Որտեղից եկել ես, այնտեղ էլ գնա»»,- պատմեց Ց. Պասկալևան: Ըստ նրա` այդ իրավիճակում լրագրողի իրավունքներից խոսելը «կորած բան» էր: Այդ պատճառով հատակից վերցրեց իր փաստաթղթերը, ներողություն խնդրեց և դուրս եկավ: Դռան ետևում Ցվետանան սպասել է մոտ մեկ ժամ, որից հետո Գաջիևին այնպիսի սիրալիր բաներ է ասել, ինչպիսիք «նա երևի կյանքում չէր լսել»։ «Ես նրան ասացի. «Ես հյուր եմ եկել: Հուսով եմ, որ գոնե կլսեք ինձ, և հետո միայն որոշում կկայացնեք: Հասկացա, որ սխալ պահի եմ Ձեզ մոտ եկել, որ ընդհանրապես էմոցիոնալ պոռթկում ունեցաք: Ես սպասեցի և կարծում եմ, որ հիմա կարելի է խոսել: Ես Ձեր հյուրն եմ և չեմ կարծում, որ այդպես եք դիմավորում Ձեր հյուրին»»: Ց. Պասկալևայի խոսքերով, Գաջիևը բացարձակապես չէր սպասում, որ իր հետ կարող են նման ձևով խոսել: «Մենք նորից մտանք նրա աշխատասենյակ, և ես սկսեցի նրան գովաբանել, թե նա որքան զարգացած մարդ է և ինչքան լավ կհասկանա իմ առաքելությունը: Եվ մի պահ նա ինձ նստեցրեց: Որոշ ժամանակ անց դուռը բացվեց, և ես տեսա հայ օդաչուի դեմքը։ Թեև նրանք բացարձակապես որևէ իրավունք չունեին ինքնաթիռից դուրս գալու, բայց այդ օդաչուն այնքան էր ինձ համար անհանգստանում, որ ներս մտավ. ինչ-որ պատրվակ էր մտածել: Նա պետք է ներողություն խնդրեր Գաջիևից` որպես պետի։ Օդաչուն ասաց, որ «անսարքություններ են եղել, իրենք վերացրել են այդ անսարքությունները, երկու ժամ ավել են մնացել օդանավակայանում»: Իսկ նրա գլխավոր նպատակն այն էր, որ ինձ տեսներ: Երբ նա դուռը բացեց, ես նստած տեղից, առանց նրան նայելու, ձեռքի շարժումով հասկացրի, որ գնա: Եվ նա տեսավ այդ նշանը: Տարիներ անց այդ օդաչուն հանդիպեց ինձ հետ և ասաց. «Մենք այնքան անհանգստանում էինք քեզ համար»»,- պատմեց Ց. Պասկալևան: Գաջիևը, ի վերջո, թույլատրել է լրագրողին սպասել այդտեղ, մինչև ադրբեջանցիները ստուգեն նրան: Երկու օր Ցվետենան անցկացրել է մի փոքր սենյակում և սպասել, թե ինչ կասեն իրեն: «Իրականում իմ կենսագրությունը մաքուր էր: Ես այդ ժամանակ դեռևս ներգրավված չէի հայերի հետ բարեկամության մեջ: Նրանք իմ ամբողջ կենսագրությունը ստուգել էին. այն, որ ապրում եմ Մոսկվայում, սովորում եմ Գիտությունների ակադեմիայում, ասպիրանտ եմ, Բուլղարական ազգային հեռուստատեսության աշխատակից: Նա ասաց. «Լավ, Դուք մեր հյուրն եք: Բայց Դուք չեք մնա Ստեփանակերտում: Դուք մեզ հետ Շուշի կգնաք»»,- պատմեց Ց. Պասկալևան:

Շուշի. բանտը և բերդապարիսպը

Լրագրողի խոսքերով, իրեն շատ է օգնել Մոսկվայի հայկական ներկայացուցչությունում Շուշիի մասին կարդացածը: Նա միանգամից պատկերացրել է, թե որտեղ է Շուշին, ինչ է այնտեղ եղել, ինչ կարելի է նկարահանել: «Նրանք ինձ Շուշի տարան, և իմ բախտը շատ բերեց. ես հանդիպեցի Բաքվի գլխավոր դատախազի տեղակալին, որը ևս իրեն մեծ պետ էր երևակայում: Նրա առջև բոլորը խոնարհվում էին: Հասկացա, որ նա շատ խորամանկն է: Բայց ես նրան խորամանկեցի: Ես նրան ասացի, թե որքան զարգացած մարդ է, քիչ էր մնում ասեի, որ Սորբոնում է սովորել: Ես այնպիսի իմիջ ստեղծեցի, որ նա հանկարծ դուրս չգար այդ շրջանակներից և ինձ վրա ձեռք չբարձրացներ, էլի: Նրան այնքան դուր եկավ այդ կերպարը, որ ստիպված էր մտնել այդ կերպարի մեջ»,- ասաց Ց. Պասկալևան: Ինչպես նշեց լրագրողը, Մոսկվան լքելիս ինքն իր առջև խնդիր էր դրել ոչ միայն մտնել Գետաշեն և Մարտունաշեն, այլև տեղեկություններ ստանալ հայազգի լրագրող Վարդան Հովհաննիսյանի մասին: Վերջինս, ըստ լուրերի, ձերբակալվել էր Գետաշենում: Այնտեղից դուրս եկած մարդիկ տեսել էին, թե ինչպես են ռուս զինվորները ձերբակալել հայ լրագրողին և հանձնել օմոնականներին: Արդեն 20-25 օր ոչ ոք տեղեկություն չուներ Վարդան Հովհաննիսյանից: «Երբ ես հայտնվեցի Շուշիում, այդ մեծ պետն ասաց. «Դե, պատմեք, ի՞նչ եք ուզում»։ Ես ասացի. «Ուզում եմ տեսնել, որ դուք գետնի երեսից ջնջել եք Գետաշենն ու Մարտունաշենը»: «Այդպիսի բան չկա: Մարդիկ այնտեղ են»: Իսկ ես ասում եմ. «Լավ, ես ուզում եմ տեսնել: Ինձ նկարահանելու հնարավորություն տվեք, և աշխարհին ցույց կտամ, որ այդպես չէ: Բացի դրանից` ես փնտրում եմ հայ լրագրողի, որին դուք ձերբակալել կամ սպանել եք»: Նա ասում է. «Չգիտեմ այդպիսի մարդու»: Մի քանի օր նա Վարդանի մասին մի բառ անգամ չասաց»,- պատմեց Ց. Պասկալևան: Ի վերջո, Պասկալեւային հնարավորություն է տրվել մտնել Շուշիի բանտ, որն այդ ժամանակ լեփ-լեցուն էր հայերով: Ինչպես նշեց լրագրողը, խորհրդային և մասնավորապես Բաքվի քննչական խմբերը զբաղված էին «հայերի վրա գործեր սարքելով»` որպես «ավազակի» կամ «ծայրահեղականի»: Բանտում Ցվետանան հնարավորություն է ունեցել մի քանի հայ կալանավորի հետ հանդիպել: Նրանցից մեկը մահապատժի էր դատապարտված և ավելի ուշ մահացավ Բաքվի բանտում: Երկրորդ աշխարհամարտի վետերան մի ծերունի էլ այստեղ էր բերվել Բերդաձորի շրջանի Կիրով գյուղից: «Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի հաշմանդամ էր. նրա ձեռքը ոլորված էր: Հայտնի չէ, թե ինչի համար էին բռնել 70-ամյա ծերունուն: Երբ ես այդ ծերունուն հարցրի. «Ինչի՞ համար ես այստեղ», ինձ ասաց. «Ախր որտեղի՞ց իմանամ, թե ինչի համար եմ այստեղ: Եվ ինձ նման շատերը կան այստեղ»: Ես որոշեցի առիթից օգտվել, որ ադրբեջանցիներն ուզում էին շատ բարի և լավը երևալ իմ աչքին, և ասացի Բաքվի դատախազի տեղակալին. «Ինչի՞ համար եք բռնել այս ծերունուն: Մի՞թե նա էքստրեմիստ է կամ ավազակ: Նա հաշմանդամ է: Եկեք բարի գործ անենք: Չէ՞ որ Դուք բարի մարդ եք: Նրան քիչ է մնացել ապրելու: Եկեք հենց այս պահին ազատ արձակենք նրան»»,- պատմեց Ց. Պասկալևան: Դատախազի տեղակալը համաձայնեց: Նրանք իջան մինչև բերդապարիսպները, որտեղից էլ ազատ արձակեցին բանտարկյալին։ Վերջինիս գյուղը ադրբեջանցիներն արդեն տեղահանել էին։ Նա գնաց Ստեփանակերտ՝ հարազատներին փնտրելու: «Ով եղել է Շուշիում, գիտի, որ Շուշին վերևում է, և Ստեփանակերտ տանող միայն մի ճանապարհ կա: Ես երկար նստած մնացի բերդապարսպի մոտ և սպասեցի, մինչև նա իր ոտքով հեռանար Շուշիից: Չգիտեմ, թե հետո ինչ եղավ այդ ծերունու հետ: Հուսով եմ, որ նա կենդանի մնաց»,- ասաց Ց. Պասկալևան: Նրա խոսքերով, իրեն մեկ-երկու բանտարկյալ էլ են տվել, որոնք բոլորն էլ շատ ծեծված են եղել: Իսկ Վարդան Հովհաննիսյանն այնտեղ չէր: Այնուհետև ադրբեջանցի պետն ասաց, որ 5 օր հետո Գանձակ է գնում:

Գանձակ. «Մահդ կգրենք հայ էքստրեմիստների վրա»

Դեռ Մոսկվայում լրագրողը կարդացել էր, որ Գանձակ տանող ճանապարհն անցում է Ասկերանի, Տիգրանակերտի (Աղդամ), Գետաշենի և Մարտունաշենի միջով։ «Եվ ասացի. «Լավ, ես կմնամ», քանի որ հասկանում էի, որ, եթե այս հնարավորությունը բաց թողնեմ, էլ ռիսկի չեմ կարող դիմել, և նրանք ինձ կսպանեն։ Ի դեպ, նա ինձ հենց այդ մասին էլ ասաց. «Իսկ ո՞վ գիտե, թե ուր կկորի հետքդ։ Քեզ վրա թթու կլցնենք, և քեզանից հետք էլ չի մնա։ Իսկ մահդ «կգրենք» հայ էքստրեմիստների վրա»։ Պատկերացնու՞մ եք, որ մարդը ձեզ հետ այդպես խոսի, իսկ դուք ստիպված լինեք այնպիսի ինքնատիրապետում ունենալ, ժպտալ, հաղթահարել դա և գնալ մինչ վերջ։ Նույնիսկ հիմա, երբ մտածում եմ այդ մասին և նրա, ինչ հետո ապրեցի, ինձ թվում է, թե սա ուղղակի ինձ հետ տեղի չի ունեցել»,- ասաց Ց. Պասկալևան։ Երկու անգամ դիպուկահարները «հայտնաբերել են» լրագրողի տեսախցիկը, իսկ մի անգամ նաև ինքն է վիրավորվել։ Ցվետանայի կարծիքով, Աստված իրեն օգնում էր կենդանի մնալ։ Նա հիշեց Վազգեն Առաջին Կաթողիկոսի խոսքերը, ով լրագրողին հրավիրել էր իր մոտ, օրհնել և ասել. «Դուք հատուկ առաքելություն ունեք մեր հողի վրա։ Դուք հենց այնպես չեք եկել այստեղ և Դուք երբեք այստեղից չեք գնա»։ Գանձակում Ցվետանան հանդիպում է բանտում պահվող Վարդան Հովհաննիսյանի հետ։ «Ես 15-րոպե տևողությամբ հարցազրույց նկարահանեցի նրա հետ և իսկույն Մոսկվա թռա, թեև նրանց դատախազի տեղակալն ուղեկցում էր ինձ և ասաց. «Նկատի ունեցեք, թե ինչպես եք օգտագործելու ձեր հայթայթած նյութերը։ Ոչ մի լրագրողի ձեռք այդպիսի նյութեր չեն ընկնում։ Եվ եթե Դուք հենց նույն մոտիվացիայով, որը մեզ տվեցիք, չօգտագործեք այդ նյութերը, ապա մեր ձեռքերը երկար են. մենք Ձեզ Մոսկվայում կգտնենք։ Հաստատ»»,- պատմեց Ց. Պասկալևան։ Չնայած ադրբեջանցի պաշտոնյայի սպառնալիքներին՝ լրագրողն արդեն որոշել էր, թե ինչպես պետք է օգտագործի հայթայթած տեղեկատվությունը։ «Երկու տեսաժապավենն էլ ձեռքերումս էի պահել, քանի որ վախենում էի, որ ինքնաթիռում դրանք կխլեն կամ կգողանան։ Մոսկվայում ես տաքսի վերցրի և գնացի Հայաստանի մշտական ներկայացուցչություն։ Գիշեր էր։ Ես արթնացրի դեսպանին և ասացի, որ ամեն ինչ արել եմ. «Ես գիտեմ, թե ուր է Վարդանը։ Նա կենդանի է»։ Ես գիշերը Երևան զանգեցի, և առավոտյան Վարդանի ծնողներն արդեն Մոսկվայում էին։ Իմ կադրերի միջոցով նրանք տեսան, որ իրենց որդին կենդանի է, ինչ վիճակում է, ուր է գտնվում։ 40 օրվա մեջ առաջին անգամ էր, որ նրանք ճշմարտությունն էին իմանում իրենց որդու մասին»,- ասաց Ց. Պասկալևան։ Ավելի ուշ Ցվետանան Վարդան Հովհաննիսյանին հանդիպում է Հայաստանում՝ Իջևանի սահմանին։ Իսկ առավոտյան լրագրողը սկսում է Գետաշենում նկարահանած կադրերը, ինչպես նաև Վարդան Հովհաննիսյանի հետ հարցազրույցը բաժանել արևմտյան բոլոր հեռուստաընկերություններին։ Ռուսական «Վեստին» ևս ցուցադրել է այդ կադրերը։

Շահումյան. բուլղարացի լրագրողին ասված առաջին բառերը

Այնուհետև Ց. Պասկալևան նկարահանել է Շահումյանից հայերի տեղահանումը։ «Դրանից հետո ես ընդմիշտ մնացի Ղարաբաղում։ Եվ վերջում չմոռանամ ձեզ ասել, որ առաջին բառերը, որ լսեցի Շահումյանում, երբ եկա, «Ցավդ տանեմն» էր»,- ասաց բուլղարացի լրագրողը։ Արդեն 18 տարի է նա ապրում է Հայաստանում և պատերազմից հետո հրաժարվել է լրագրող-միջազգայնագետի կարիերայից, NBC-ում աշխատելու առաջարկից։ Արցախյան շարժման եւ ազատագրական պայքարի մասին նա յոթ վավերագրական ֆիլմ է նկարել: 08_06-paskaleva-1«Ես արդեն այնպես կապված էի Ղարաբաղի ժողովրդին։ Ղարաբաղյան պատերազմի խրոնիկան այնքան էր դարձել իմը։ Դա իմ ճանապարհն էր։ Եվ ես հասկացա, որ ուզում եմ տեսնել, թե ինչով այս ամենը կվերջանա։ Ես ասացի, որ կմնամ Հայաստանում, մինչև վերջ կհետևեմ Ղարաբաղյան հակամարտությանը։ Եվ, իհարկե, սպասելու եմ, մինչև տեսնեմ Ղարաբաղի վերջնական հաղթանակը»,- ասաց Ց. Պասկալևան։ «Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի վերջնական հաղթանակը» հարցին նա պատասխանեց. «Իհարկե, դա Ղարաբաղի անկախությունն է։ Ինչի՞ համար մենք այդքան բարձր գին վճարեցինք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter