Սերժ Սարգսյանը՝ Համահայկական խաղերի մասնակիցներին. «Ձեզնից յուրաքանչյուրը մեզ համար ցանկալի անձ է»
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին Ազատության հրապարակում ներկա է եղել Համահայկական 5-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Շատ մասնակիցներ ցանկություն են հայտնել, որ համահայկական հաջորդ խաղերն անցկացվեն ոչ թե չորս տարի հետո, այլ ավելի շուտ:
Խաղերի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նա ասել է. «Վստահ եմ, որ այս սպորտային միջոցառումների ժամանակ պարտվողներ չեն եղել, որովհետև մենք բոլորս հավաքվել ենք քաղաքամայր Երևանում, որպեսզի, իհարկե, մրցենք, բայց նաև նոր ծանոթներ, նոր ընկերներ ձեռք բերենք: Ապրելով աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր բնակավայրերում՝ մենք ունենք մեկ հզոր ընդհանրություն՝ մենք բոլորս հայ ենք: Միշտ վստահ եղեք, որ ձեզնից յուրաքանչյուրը մեզ համար ցանկալի անձ է: Ցանկանում եմ նաև, որ դուք Հայաստան գաք ոչ միայն Համահայկական խաղերի առիթով, այլ ցանկացած հնարավորություն օգտագործեն դա անելու»:
Միջոցառման ընթացքում հանրապետության ղեկավարը հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի սահմանած հատուկ մրցանակներ՝ հինգ տարբեր անվանակարգում:
«Լավագույն պատվիրակություն» մրցանակին արժանացել է Բուենոս Այրեսը (Արգենտինա), «Արդարացի խաղի համար» մրցանակին՝ Ուրմիան (Իրան), «Մարզական ոգի և համբերություն դրսևորած պատվիրակություն» մրցանակին՝ Չալդիրին (Ռուսաստան), «Համահայկական 5-րդ խաղերի հայտնություն» մրցանակին՝ Սասունի պատվիրակությունը: «Համահայկական 5-րդ խաղերի գեղեցկուհի» է հայտարարվել Քրիստինե Նաջարյանը (Երուսաղեմ):
Սերժ Սարգսյանը նաև ներկա է եղել նաև Համահայկական 5-րդ խաղերի փակման առիթով կազմակերպված տոնական համերգին:
Մինչ խաղերի փակման արարողությունը Սերժ Սարգսյանն այսօր Երևանի «Միկա» մարզադահլիճում ներկա է եղել Համահայկական 5-րդ խաղերի շրջանակում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ փուլի խաղին:
Խաղի ավարտից հետո Հանրապետության ղեկավարը պարգևատրել է առաջին երեք տեղը զբաղեցրած Լոս Անջելեսի, Սոչիի և Գլենդելի թիմերին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ՝ անցնող շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամների, մարզական խմբերի ղեկավարների և խաղերի մասնակիցների հետ:
Հանդիպումների ժամանակ հանրապետության ղեկավարը խաղերի հովանավորներին, կազմակերպիչներին, ՀԽՀԿ անդամներին հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի սահմանած մրցանակներն ու պարգևները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել