HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ժողովրդին պետք է փրկենք Բնապահպանության նախարարությունից»,- ասում է համայնքապետը

Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղը հայտնվել է բավականին ծանր վիճակում` գյուղի խմելու ջրերը ետ են քաշվում: Գրիբոյեդովի եւ հարեւան այլ համայնքների տարածքում կան ինքնաշատրվանող հորեր, բայց Բնապահպանության նախարարությունը թույլտվություններ է տվել բիզնեսով զբաղվող մարդկանց, որոնք էլ նոր հորեր փորելով` ձկնաբուծությամբ են զբաղվում: Այս հորերը փորելուց հետո գյուղի խմելու ջրերը ետ են քաշվում:

«Գյուղի դիրքն այնպիսին է, որ ուրիշ տեղ խմելու ջրի աղբյուր չունենք, եւ այս պահի դրությամբ 17 ինքնաշատրվանող հորերից ոչ մեկը չի աշխատում: Այդ հորերի մեջ ստիպված ջրամղիչ 15 պոմպեր ենք տեղադրել, բայց աղբյուրների հատակի մասում այնքան է ճնշումն իջել, որ վիճակը դեռ սարսափելի է: Նախանցյալ տարվանից տեղադրել ենք պոմպերը, բայց ջուրն այն աստիճանի է իջնում, որ մտավախություն ունենք, թե մի 2 տարի հետո ընդհանրապես խմելու ջուր չենք ունենալու: Հիմա ողջ գյուղը պոմպերի միջոցով ապահովված է ջրով, բայց, Աստված մի արասցե, եթե գյուղում էլէկտրաէներգիա չլինի, կամ պոմպերը փչանան, գյուղի 2000 բնակիչները կմնան լրիվ անջուր: Այս վիճակը միայն մեզ մոտ չի, ուրիշ համայնքներում էլ պատկերը նույնն է: 2002 թվականից սրա դեմ պայքարում ենք, բայց ոչ մի արդյունքի չհասանք, որովհետեւ Բնապահպանության նախարարության մասնագետները գտնում են, որ հորատումները խմելու ջրի վրա չեն ազդում: Եթե, իրոք, չի ազդում, բա ինչ եղավ այդ ջուրը: Օրենքի համաձայն` պետք է, ասենք, 5 հեկտարի վրա մեկ հոր հորատվեր, սակայն հիմա մեկ հեկտարի վրա 4 հատ է հորատվում: Արարատյան դաշտը դարձել է մի ցանց, եւ ստորգետնյա ամբողջ ջրերը քաշվում են: Այս լավ որակի ջուրն էլ տալիս են ձկնաբուծարաններին, հետո էլ այդ ջուրը լցվում է Արաքսն ու գնում է Ադրբեջան: Մի քանի տարի հետո չգիտեմ` Արարատյան դաշտն ինչ է լինելու, բայց անապատ հաստատ է լինելու, որովհետեւ այսօրվա փաստով արդեն ոռոգման ջրի խնդիր էլ ունենք»- «Հետքի» հետ զրույցում ասաց Գրիբոյեդովի համայնքապետ Սոս Գաբրիելյանը: Ըստ համայնքապետի` ոռոգման ջուրն Այղր լճից պոմպերով են բերում: Այդ ջուրն անցնում է 4 գյուղով, ու վերջին կետը Գրիբոյեդովն է: 08_06-griboedov-1«Այս տարի էլ ահավոր վիճակ է, քանի որ Այղր լճում ջուր չկա: Ես համոզված եմ ու ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոռոգման ու խմելու ջրի խնդիրը փոխկապակցված է: Փաստորեն, հիմա այն վիճակն է ստեղծվել, երբ ժողովրդին պետք է փրկենք Բնապահպանության նախարարությունից: Խմելու ջրի հետ կապված` անձամբ ես եմ զրուցել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Մարզպետը ցանկացած հարցի շատ ուշադիր է վերաբերվում եւ ընթացք է տալիս: Մարզխորհրդի նիստում բոլոր գյուղապետերին ասաց, որ ցանկացած հորատման դեպքում իրեն տեղյակ պահենք, որ նոր հորեր չհորատվեն: Արդեն 4 ամիս է` արգելել է, բայց բանը բանից անցել է, եւ կորցրածը նորից ետ բերել չի լինի: Սա արդեն կառավարության մակարդակով լուծելու հարց է, որ մտածեն ջրի մասին: Հիմա վառելիքն է թանկ, մի քանի տարի հետո ջուրն է այդքան թանկ լինելու ամբողջ աշխարհում, բա միթե կարելի է անտեսել այս փաստը»,- ավելացրեց Սոս Գաբրիելյանը: Փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ Բնապահպանության նախարարությունից, թե ինչ հիմքով են հորատման թույլտվություններ տալիս, երբ այդ թույլտվության արդյունքում մի քանի գյուղ զրկվում է խմելու ջրից: «Հետքի» հետ հեռախոսազրույցում Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը խոստացավ մեր հարցին պատասխանել առաջիկայում: Խմելու ջուրը միակ խնդիրը չէ Գրիբոյեդովում: Այստեղ էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում նույնպես դժվարություններ ունեն: «Գյուղացիներն իրենց ծախսած էլեկտրաէներգիայի համար ժամանակին վճարում են, բայց մալուխները պահող սյուներն անմխիթար վիճակում են, ինչ ծնվել եմ` այդ սյուներն եմ տեսել: Փոխանակ սյուները լարերը պահեն, լարերն են սյուները պահում, որ չընկնեն: Մի թեթեւ քամի էլ որ լինում է, ամեն պահ վտանգ կա, որ սյուները շուռ կգան, բացի դա` թեթեւ քամու դեպքում անպայման կարճ միացում է լինում, եւ լույսերն անջատվում են: Այդ ժամանակ էլ տրանսֆորմատորն է վառվում, մարդկանց հեռուստացույցներն ու այլ կենցաղային իրերը: Այս հարցերը գյուղապետարանից դուրս հարցեր են, եւ սպասարկումը «էլեկտրական ցանցեր»-ինն է: Բազմիցս այս հարցով դիմել ենք, ոչ մի արդյունք չկա: Հիմա գյուղում 100 տուն կա, որտեղ հոսանքի հզորությունը 170 վոլտ է, այսինքն` նույնիսկ նորման` 220 վոլտը, չի ապահովվում: Այդ ընտանիքների երեխաները այդ թույլ լույսի տակ քոռանում են, ոնց որ ճրագ լինի: Ես առաջարկել եմ, որ գյուղապետարանն իր միջոցներով տրանսֆորմատոր կառնի, մալուխներն էլ կտանք, մենակ թե այդ 100 ընտանիքին նորմալ լույս տան: Բայց խնդրի առջեւ կանգնեցինք, քանի որ «Էլեկտրական ցանցեր»-ի թույլտվությունը տրանսֆորմատոր տեղադրելու համար արժի 2 միլիոն 700 հազար դրամ: Ես լարի ու տրանսֆորմատորի փողը մեր համայնքի բյուջեից կտամ, բայց մենք ի վիճակի չենք այդ թույլտվության համար էլ վճարել: Սա էլ լուրջ խնդիր է, եւ հիմա մտել ենք փակուղի: «Էլեկտրական ցանցեր»-ը մեզ ոչ մի բանով չեն օգնում, միայն գալիս ծախսած էլեկտրաէներգիայի փողերն են հավաքում: Իսկ այդ ընթացքում թե ում սառնարանը կփչանա` իրենք տերը չեն: Գյուղում հեռուստացույց էլ է պայթել անորակ էլէկտրաէներգիայի պատճառով, բայց էլի ոչ մի բան չարեցին»,- ավելացրեց Գրիբոյեդովի համայնքապետը: Մեզ հետ հեռախոսազրույցում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության դեպարտամենտի պետ Մարգարիտա Գրիգորյանը փոխանցեց, որ իրենք ծրագրով տարեց տարի փոխում են հենասյուները. «2006 թվականին փոխել ենք 8373 հենասյուն, 2007-ին` 8168, 2008-ին` 7672 հենասյուն, իսկ 2009-2011 թվականների ծրագրով նախատեսել ենք փոխել 24 հազար հենասյուն: Եթե որոշ համայնքների հենասյուների խնդիրը հրատապ է, ապա դիմելու դեպքում հնարավոր է նրանց առաջնահերթություն տանք: Ինչ վերաբերում է Գրիբոյեդով գյուղի էլեկտրաէներգիայի թույլ լարմանը, ապա խնդիրն առաջացել է այսօր, քանի որ Ճապոնական վարկով էլեկտրաէներգիայի նոր ենթակայաններ ենք տեղադրում: Այդ տարածքում էլ է տեղադրվում, դրա համար էլ հոսանքը թույլ է: Ամենաուշը մինչեւ օրվա վերջ խնդիրը կլուծվի»: Ինչ վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը Գրիբոյեդով համայնքի ներկայացրած դիմումին` 100 բնակչի համար նոր ենթակայան կառուցելու խնդրանքով, Մարգարիտա Գրիգորյանի ասելով, գյուղապետը ստում է, քանի որ իրենց ոչ մի անգամ չեն դիմել: «Ենթակայան տեղադրելն այդքան հեշտ չէ, բավականին լուրջ ծախսեր են պետք: Բացի դա, գյուղապետը սուտ է ձեզ ասել, ինքն ուզում է ջրի պոմպակայան անցկացնելու համար նոր գիծ անցկացնել: Մենք էլ ասում ենք, որ կարգ գոյություն ունի, դիմեք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, կատարեք պետության կողմից սահմանված վճարները, մենք էլ գանք նոր գիծն անցկացնենք»,-ավելացրեց Մ. Գրիգորյանը: Այս պատասխանը փոխանցեցինք Սոս Գաբրիելյանին: «Եթե այդպես են ասում, թող այդպես լինի, բայց իրենք չեն պատկերացնում, թե խնդիրը որն է: Ոչ թե այսօր է այդ խնդիրն առաջացել, այլ 2 տարի է` գյուղի երկու թաղամասերի հոսանքը շատ թույլ է: Ես հավատով մարդ եմ, ասում են` կսարքենք, տեսնենք կսարքեն»,- ասաց համայնքապետը: Գյուղի գլխավոր ճանապարհն էլ անմխիթար վիճակում է եւ փոսերի պատճառով քիչ-քիչ դառնում է գրեթե անանցանելի: Համայնքապետի պատմելով, անցյալ տարի ճանապարհը մասնակի էր քանդվել, եւ համայնաքապետարանն իր միջոցներով կարող էր փոսալցման աշխատանքներ կատարել, քանի որ մոտ 2-3 միլիոն դրամի աշխատանք պիտի կատարվեր: Սակայն, գյուղի այդ ճանապարհը մտավ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մեջ, համայնքապետարանում էլ հույսով եղան, որ ծրագրով ճանապարհը կվերանորոգվի եւ հրաժարվեցին գյուղի միջոցներով փոսալցման աշխատանքներ կատարելուց: «Բայց ձմեռն եկավ, փոսերն ավելի մեծացան, եւ հիմա պարզվում է, որ այդ ծրագիրն արդեն չկա` սառեցվել է: Փոսը չի նայում, որ ծրագիրը չկա եւ անընդհատ մեծանում է: Հիմա նոր ուսումնասիրություն ենք կատարել եւ պարզվում է, որ նախորդ տարվա 2 միլիոն դրամի փոխարեն այս տարի աշխատանքները կարժենան 18 միլիոն դրամ: Արդեն պարզ է, որ համայնքապետարանն ի վիճակի չէ այսքան գումար հատկացնել, ընդամենը 28 միլիոն դրամ բյուջե ունենք, որից 14 միլիոնը պետության տրամադրած դոտացիան է: Հույս էլ չունենք, որ ինչ-որ ծրագրով այս հարցը կլուծվի»,- հավելեց համայնքապետը: Գրիբոյեդովցիների մի մասը զբաղվում է անասնապահությամբ, բայց հիմնականում հող են մշակում: Սակայն այստեղ էլ գյուղացիները խնդիր ունեն վերամշակող գործարանների հետ: Համայնքապետի ասելով` գյուղացին Արմավիրի եւ Արտաշատի պահածոների գործարանում է հանձնում գյուղմթերքը, սակայն օգոստոսին հանձնած լոլիկի գումարը գործարանները վճարում են հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին: Այդ իսկ պատճառով գյուղացին նախընտրում է քիչ եկամտով առվույտ եւ ցորեն ցանել, քան այլ մշակովի կուլտուրաներ: «Մարդիկ էլ վարկով են հող մշակում, ու բանկին ընդհանրապես չի հետաքրքրում` գործարանը գումարը տվել է, թե ոչ: Եթե բանկի վճարման ժամկետն էլ անցնի, տոկոսներն այն աստիճանի են բարձրանում, որ գյուղացին տունն էլ ծախի` չի կարող դրա տակից դուրս գալ: Գյուղում կա նաեւ մոտ 30 հեկտար խաղողի այգի, ու ինչպես կարող ենք շնորհակալ չլինել կոնյակի գործարանից, երբ ժամանակին գյուղացու գումարը տալիս է: Միակ գործարանն է, որ ժողովրդի ու իրենց մեջ փոխվստահության մթնոլորտ է ձեւավորվել»,- ասաց համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter