HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Քոչարյանն` ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի. դատարանը մասնակի բավարարեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հայցը

Հունիսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ա. Մելքումյան) Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի` ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊԸ ընկերության, բավարարեց մասնակի` պահանջել տպագրված տեղեկության հերքում եւ հօգուտ Լևոն Քոչարյանի բռնագանձել 3 մլն 620 հազար դրամ:

2009 թ. փետրվարի 6-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի առաջին էջում տպագրվեց հետևյալ տեղեկատվությունը. «Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը: Ըստ հավաստի աղբյուրների` կրտսեր Քոչարյանի հետ ձերբակալվել են նաև Մոսկվայում հայտնի դատախազ Գենայի որդին և ևս երկու հոգի: Կրտսեր Քոչարյանի համար եղել են բազմաթիվ միջնորդություններ, սակայն տեղի իրավապահները նրան բաց են թողել չորս օր պահելուց հետո միայն, այն էլ` զանազան փաստաթղթերի պահանջով: Ըստ մեր աղբյուրների` Լևոն Ռոբերտի Քոչարյանը ձերբակալվել է հասարակական վայրում անկարգություններ անելու համար»: Նույն օրն իսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքեց տպագրված տեղեկությունը` նշելով, որ «վերջին անգամ Լեւոն Քոչարյանը Դուբայում եղել է 2007 թվականի դեկտեմբերին»: 2009 թ. մարտի 25-ին Լևոն Քոչարյանը դիմել է դատարան` «Հայկական ժամանակ» օրաթերթից պահանջելով հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և փոխհատուցել նյութական ու բարոյական վնասը: «Վերոնշյալ հոդվածում զետեղված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող տեղեկություններ...: Հայցվորը թե' Ամանորին, թե' դրանից օրեր առաջ, մասնավորապես դեկտեմբերի 15-30-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է ՀՀ տարածքում, հետևապես չէր կարող նաև հոդվածում նշված վայրում` Դուբայում և ժամանակահատվածում` Ամանորից օրեր առաջ լինել հարբած վիճակում, և առավել ևս ձերբակալվել Դուբայի ոստիկանության կողմից, ուստի` այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դրանք խեղաթյուրված են  և չեն հանդիսանում հավաստի տեղեկություններ»,- գրված է հայցադիմումում: 08_06-melikbekyanԴատարանում Լևոն Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբան Արփինե Մելիքբեկյանը դատարանին է ներկայացրել Լևոն Քոչարյանի անձնագրի պատճենը և նրա դիվանագիտական անձնագիրը, որոնցում որևէ նշում չկա, որ նա «Հայկական ժամանակի» նշած ժամկետում եղել է ԱՄԷ-ում կամ հատել է այդ երկրի սահմանը։

Փաստաբանը դատարանին է ներկայացրել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Արտգործնախարարության պատասխանը հայցվորի արած հարցմանը, համաձայն որի` ԱՄԷ-ի համապատասխան մարմինները ստուգել են իրենց մոտ եղած տվյալները և պարզել, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ արգելանք կամ իրավապահների կողմից հետապնդում չի արձանագրվել: Ըստ փաստաբանի` «ՀԺ»-ի նյութն անհիմն է և վերացական, չի պարունակում որևէ փաստ հաստատող տեղեկություն, չի հենվում հավաստի փաստերի վրա, նշված չեն տեղեկության սկզբնաղբյուրները, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այն ստահոդ, ասեկոսեների վրա հենված, չստուգված, ընթերցողների մոտ սենսացիա ստեղծելու և շահույթ ստանալու նպատակով հրատարակված տեղեկություն է: Նման տեղեկատվության տարածումը Լևոն Քոչարյանին ֆինանսական վնաս է պատճառել, որը հայցադիմումում հիմնավորված է նրանով, որ «Հայկական ժամանակ»-ի այդ օրվա համարի տպաքանակը եղել է 8 000 օրինակ, յուրաքանչյուրը` 100 ՀՀ դրամ: Այսինքն` «ՀԺ»-ն այդ համարի տարածման դիմաց ստացել է 80 000 ՀՀ դրամի եկամուտ (հայցադիմումում հաշվարկը սխալ էր կատարված, 8 000 օրինակի «շահույթը» 100 դրամ արժողությամբ կկազմի 800 000 դրամ-հեղ.): «Բացի այդ, այս տեղեկությունը հիմք է հանդիսացել նաև հայցվորի մասին կեղծ տեղեկությունների տարածման համար նաև այլ զանգվածային լրատվության միջոցներով, ինչի շնորհիվ պատասխանողը ևս ստացել է եկամուտ: Այժմ մեկ զանգվածային լրատվության միջոցի կողմից մեկ այլ ԶԼՄ-ին մեկ լուրի տրամադրման միջին արժեքն է 10 000 ՀՀ դրամ: Փաստորեն, հաշվի առնելով, որ «Հայկական ժամանակ» թիվ 21 (2209) օրաթերթին հղում են կատարել թվով 6 («Day.az», «tert.am», «Armtown.com», «Arminfo.info», «News.ru», «Trend.az», «Newsmegainfo.ru») և ավելի ԶԼՄ-ներ, կարելի է փաստել, որ վերոնշյալ տեղեկությունների տրամադրման համար պատասխանողը ստացել է միջինը 60 000 ՀՀ դրամ»,- հաշվարկված է հայցադիմումում: Ըստ հայցվոր կողմի` այս նյութի հիման վրա մյուս ԶԼՄ-ները ևս ստացել են միջինը 80 000 ՀՀ դրամի եկամուտ` յուրաքանչյուրը: Ըստ այդմ` Լևոն Քոչարյանին հասցվել է ընդհանուր առմամբ 620 000 ՀՀ դրամի վնաս: Իսկ Լևոն Քոչարյանի իրավունքների պաշտպանության ծախսերը գնահատված են 3 մլն ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ` Լևոն Քոչարյանին հասցվել է 3.620.000 դրամի վնաս: «Հայցվորին հասցվել է նաև բարոյական վնաս, քանի որ սույն տեղեկությունները տարածում են ստացել նաև օտարերկրյա մամուլում և ինտերնետային կայքերում, ինչն օգտագործվել է բացառապես քաղաքական նպատակներով: «Հայկական ժամանակ» օրաթերթի կողմից տարածած անհիմն և չստուգված տեղեկությունները հիմք են դարձել օգտագործել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի անունը Հայաստանի Հանրապետության վարկանիշը գցելու, վարկաբեկելու և միջազգային հանրության առաջ հայերին որպես «խուլիգան» և «հանցագործ» ներկայացնելու և համանման որակներով պիտակավորելու համար, ինչն, անխոս, դիպչում է Հայաստանի Հանրապետության հանրային շահերին ևս»,- հիմնավորել է հայցվոր կողմը և գտել, որ Լևոն Քոչարյանին հասցվել է նաև 12 մլն  500 հազար դրամի չափով բարոյական վնաս: Հայցվոր կողմը դատարանից պահանջել էր պարտավորեցնել «Հայկական ժամանակ» օրաթերթին  հերքել Լևոն Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկությունները և հատուցել հայցվորին հասցված նյութական և բարոյական վնասը` 16.120.000 դրամի չափով: 08_06-t_atanesyan«Անհասկանալիի և զավեշտալիի ցանկի մեջ է նաև հայցվորի այն պնդումը, որ պատասխանողը 10.000-ական դրամով վաճառում է այդ լուրը այլ լրատվամիջոցների: Սա իրականությանը չհամապատասխանող անհիմն հայտարարություն է, քանի որ պատասխանողին հայտնի չէ գեթ մեկ դեպք, առավել ևս համատարած երևույթ, երբ մեկ լրատվամիջոցը մյուսի տեղեկատվությունը տարածելիս և կատարելով համապատասխան հղում` վճարում է դրա դիմաց: Դա հայցվորի կամ նրա ներկայացուցչի բացարձակապես անհիմն ենթադրությունն է և ոչինչ ավելին»,- գտնում է դատարանում «Հայկական ժամանակ» օրաթերթի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Հայցվորը հայցադիմումին կից ներկայացրել է իր` ՀՀ քաղաքացու անձնագրի լուսապատճենը, որի զննությունից պարզ է դառնում, որ անձնագրի` օտարերկրյա պետությունների համար վավերականության ժամկետը լրացել է 2007 թ. փետրվարի 5-ին: Հետևաբար, պետք է ենթադրել, որ հայցվորը 2007 թ. փետրվարի 5-ից մինչ օրս Հայաստանի Հանրապետության տարածքը չի լքել: Մինչդեռ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է խնդրո առարկա լուրի կապակցությամբ, որ հայցվորը վերջին անգամ Դուբայում եղել է 2007 թվականի դեկտեմբերին: Այսինքն, ըստ Սողոմոնյանի, հայցվորն իր անձնագրի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 10 ամիս անց եղել է Դուբայում»,- հիմնավորում է Տիգրան Աթանեսյանը: Պաշտպանական կողմի ենթադրությամբ` հայցվորն ունի առնվազն 2 դիվանագիտական անձնագիր: «Սա հաստատվում է նաև այն հանրահայտ հանգամանքով, որ հայցվորը 2008 թվականի գարնանը ներկա է եղել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Եվրատեսիլ մրցույթին հայտնի երգչուհի Սիրուշոյի ելույթին»,- ասում է Տ. Աթանեսյանը: Դատարանում Տիգրան Աթանեսյանը միջնորդել էր նաև Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել տեղեկանք այն մասին, թե Լեւոն Քոչարյանը 2007-ի հունվարի 1-ից մինչեւ օրս քանի անգամ եւ երբ է լքել Հայաստանը: Փաստաբանի խոսքերով, ինքը դիմել է ԱԱԾ-ին, սակայն իրեն պատասխանել են, որ այդ տեղեկատվությունը Լեւոն Քոչարյանի անձնական եւ ընտանեկան կյանքին է վերաբերում: Սակայն դատարանը մերժել է փաստաբանի միջնորդությունը: Դատարանը մերժել է նաև Տիգրան Աթանեսյանի մյուս միջնորդությունը` երկու ամիս ժամանակ տրամադրել Արդարադատության նախարարության միջոցով Միացյալ Արաբական Էմիրությունների արդարադատության մարմիններին իրենց կատարած հարցման պատասխանը ստանալու համար: 08_06-kocharyan-1«Հայկական ժամանակ» օրաթերթի 2009 թ. փետրվարի 6-ի վերոնշյալ տեղեկատվության հրապարակման հիման վրա հունիսի 5-ին դատավոր Ա. Մելքումյանը որոշեց Լևոն Քոչարյանն` ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի` ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊԸ ընկերության, դատական հայցը բավարարել մասնակի. հօգուտ Լևոն Քոչարյանի բռնագանձել 3 մլն 620 հազար դրամ` որպես Լևոն Քոչարյանին արատավորող տեղեկությունների տարածմամբ վերջինիս պատճառված վնասի հատուցման գումար, իսկ բարոյական վնասի` 12 մլն 500 հազար դրամի բռնագանձման մասով` հայցը մերժել: Դատարանը վճռեց` «Հայկական ժամանակ» օրաթերթին պարտավորեցնել հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող «ՀԺ» խմբագրության կողմից 2009 թ. փետրվարի 6-ին տպագրված Լևոն Ռոբերտի Քոչարյանի վերաբերյալ տեղեկությունները և հերքումը տպագրել «ՀԺ» օրաթերթում «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ այն չզիջի փետրվարի 6-ին հրապարակված տեղեկատվությանը իր ձևով և չափով` օրենքով սահմանված կարգով: Որպես հայցվորին պատճառած բարոյական վնաս 12 մլն 500 դրամի բռնագանձման մասով հայցը մերժվեց` բարոյական վնասի իրավական կարգավորման բացակայության պատճառով: «ՀԺ» օրաթերթից հօգուտ պետական բյուջեի կբռնագանձվի նաև 72 400 դրամ գումար: «Սա շատ լուրջ հարված է խոսքի ազատությանը Հայաստանում: Պահանջը կատարելապես անհիմն է, դատաքննության ընթացքում ուսումնասիրված ապացույցները թույլ չեն տալիս դատավորին կայացնել նման վճիռ: Թեպետ, եթե լինենք ազնիվ, հասկանանք, թե ինչ երկրում ենք ապրում և ինչ պայմաններում, դատավորի կողմից մնացած մասով մերժելը երևի թե ջանքեր են պահանջել, որ այդ թույլտվությունն ինքը ստանա»,- ասաց «ՀԺ» օրաթերթի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Լևոն Քոչարյանի շահերը դատարանում ներկայացնող Արփինե Մելիքբեկյանը հրաժարվեց լրագրողների հարցերին որևէ մեկնաբանություն տալ: «Հայկական Ժամանակ» օրաթերթը բողոքարկելու է դատավճիռը: «Դիմելու ենք Վերաքննիչ դատարան, այնուհետեւ մյուս բոլոր ատյանները՝ մինչեւ Եվրոպական դատարան, որովհետեւ բոլոր հիմքերն ունենք դրա համար»,- ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter