Երիտասարդները պահանջում են պարզեցված վիզային ռեժիմ
Գոհար Ղանդիլյանը Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ է: 2008 թ. մայիսի 20-ին դիմել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի համալսարանի ամառային դպրոց և մայիս ամսին ստացել հրավերը, ինչպես նաև 1.5 ամիս «Peace Research» ուսումնական ծրագրին մասնակցելու կրթաթոշակը:
Կրթաթոշակը տրամադրել է Fritt Օrd նորվեգական ոչ կառավարական կազմակերպությունը, որը հնարավորություն էր տալիս ոչ միայն մասնակցել դասընթացին (հունիսի 21-ից օգոստոսի 1-ը), այլև մեկշաբաթյա սեմինարների նախկին Սովետական Միության և բալկանյան տարածաշրջանի երկրների մասնակիցների հետ:
Ստանալով հրավերը` Գոհարն անմիջապես սկսել է զբաղվել վիզայի հարցերով: Քանի որ Նորվեգիայի դեսպանատուն Հայաստանում չկա, Նորվեգիայի վիզայի հարցերով զբաղվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: Ընթացակարգի համաձայն` Գոհարը ներկայանում է դեսպանատուն` բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով: «Փաստաթղթերն ընդունելուց մեկ շաբաթ անց ես պետք է դեսպանատնից իմանայի վիզայի պատասխանը: Անկեղծորեն չէի կարծում, որ մեկ շաբաթից սկսվելու էին այն դժվարությունները, որոնց մասին այդքան լսել էի և մեկ անգամ արդեն փորձ ունեի»,-ասում է Գոհարը: Նա 2006-ի ամռանն էլ դիմել էր Գերմանիայի դեսպանատուն` Գերմանիայում սեմինարների մասնակցելու նպատակով, սակայն մերժում է ստացել` առանց որևէ բացատրության: Մեկ շաբաթից Գոհարը գնացել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ նրան տեղեկացրել են, թե պատասխանը դեռ պատրաստ չէ, քանի որ նրա անձնագրում մերժում կա Գերմանիայի դեսպանատնից, և իրենք պատասխանի են սպասում նախկին մերժման պատճառներն իմանալու համար: Սակայն գերմանական դեսպանատան մերժումից անմիջապես հետո Գոհարը վիզա էր ստացել Իտալական դեսպանատնից, և Գերմանիայի դեսպանատան մերժումը տվյալ դեպքում խոչընդոտ չէր եղել: «7 օր շարունակ ինձ ամեն օր կանչում էին դեսպանատուն և հնչում էր նույն պատասխանը, որ հաջորդ օրը գուցե պատասխան լինի: Երկու շաբաթ անց ես ստանում եմ մերժում` առանց որևէ բացատրության: Դրանից հետո իմանալով, որ Հայաստանում կա Նորվեգիայի հյուպատոսարան, փորձում եմ կապ հաստատել իրենց հետ և հանդիպել հյուպատոսին: Սակայն հյուպատոսը Հայաստանից բացակայում էր, իսկ աշխատակիցները նշեցին, որ վիզայի հարցերով զբաղվում է Ֆրանսիայի դեսպանատունը և խորհուրդ տվեցին ինձ նամակ գրել Ֆրնասիայի հյուպատոսին` գործի վերանայման համար»,- պատմում է Գոհարը: Հաջորդ օրը նա նամակը տանում է դեսպանատուն: «Ուզում եմ նշել հետաքրքիր մի փաստ. նամակը դեսպանատան ոչ մի աշխատակցի կողմից չի գրանցվում, որևէ մատյանում ես չտեսա, որ նամակը, որը փոխանցվելու էր հյուպատոսին, գրանցվի որպես փաստաթուղթ: Դեսպանատան աշխատողը, ով վերահսկում է մարդկանց ելքն ու մուտքը, տրամադրում դիմումաձևեր, վերցրեց իմ նամակը և ասաց, որ մեկ շաբաթվա ընթացքում կպատասխանեն: Սրանից կարելի է ենթադրել, որ նամակը, հնարավոր է, չի վերանայվում, և որևէ ապացույց չկա, որ նամակը փոխանցվել է հյուպատոսին»,- ասում է Գոհարը: «Միջազգային ամառային դպրոցը հայտնի է ամբողջ աշխարհում և դասընթացները բարձրակարգ են: Այս դասընթացը մեծ կարևորություն ունի իմ ասպիրանտական աշխատանքի և հետագա կարիերայի համար,- գրել է Գոհար Ղանդիլյանը հյուպատոսին ուղղված իր նամակում: -Անհասկանալի պատճառաբանումներից և քաշքշուկներից հետո (որը տևեց մայիսի 27-ից հունիսի 3-ը), ստացել եմ վիզայի մերժում: Մերժման պատճառները անհայտ են: Ես զարմացած եմ, որ ներկայացնելով դեսպանատան կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերը` արժանացել եմ նման վերաբերմունքի: Ընդ որում, պետք է նշեմ, որ խախտվել են մարդու և քաղաքացու ազատ տեղաշարժվելու, կրթութուն ստանալու իրավունքները, որոնք ֆրանսիացի ժողովրդի ջանքերով մեծ հեղափոխությունից հետո դարձել են մարդկային սեփականությունը և եվրոպական քաղաքակրթության հիմքերից մեկը»: Գոհար Ղանդիլյանն իր նամակով խնդրել է վերանայել որոշումը, որը նրան տրվել է առանց ստորագրության. «Հատկապես, եթե իմ երթուղին Ֆրանսիա մուտք գործելու հետ չի առնչվում: Օրինապաշտ եմ, որի վկայությունն է նաև Իտալիայում իմ գտնվելը և ժամանակին վերադառնալը: Նույն կերպ նաև հիմա ինձ տրամադրված ժամանակահատվածում ես վերադառնալու եմ հայրենիք»: Արդեն հունիս ամսվա սկիզբն էր, և երկու շաբաթից Գոհարը պետք է լիներ Նորվեգիայում: «Նամակի պատասխան այդպես էլ չստացա, իսկ դեսպանատուն զանգելիս հնչում էր նույն պատասխանը, որ «փոփոխության դեպքում իրենք կտեղեկացնեն»: Արդեն պարզ էր, որ դրական ոչ մի բան չի լինելու»,- շարունակում է Գոհարը: Այլ ելք չգտնելով` Գոհարը կապվել է Նորվեգիայում իրենց ծրագրի համակարգողի հետ, ով միջամտել է և խնդիրը ներկայացրել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատանը` հյուպատոս Լարս Ջորջ Ֆորդալին: Գոհարը շատ արագ Մոսկվայի նորվեգական հյուպատոսից նամակ է ստացել, որ նրանք պատրաստ են վիզա տրամադրել, եթե փաստաթղթերը արագ ուղարկվեն Մոսկվա: Փաստաթղթերը ուղարկվել են Մոսկավայում Նորվեգիայի դեսպանատուն, և 10 օրից Գոհարը կարողացել է մեկնել Նորվեգիա: «Սակայն երկարատև քաշքշուկներից, Ֆրանսիայի դեսպանատան անպատասխանատու և անտրամաբանական քայլերի արդյունքում ես չկարողացա մասնակցել մեկշաբաթյա սեմինարներին: Հատկապես վիրավորական է քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: Որևէ աշխատող հարկ չհամարեց անձամբ բացատրել մերժման պատճառները կամ գոնե պատասխանել հյուպատոսին ուղղված նամակին»,-ասում է Գոհարը:
Լիլիթ Գևորգյանը ԵՊՀ ուսանող է, սովորում է մագիստրատուրայում և մասնակցում Եվրոպական ինտեգրացիայի և ռեգիոնալիզմի միասնական մագիստրոսական ծրագրին (Joint Master Programme of European Integration and Regionalism): Ծրագիրը հեռակա բնույթ է կրում, այսինքն` մեկ տարվա ընթացքում մասնակիցները 5 տարբեր եվրոպական համալսարաններում կարճատև դասընթացներ են անցնում, որն իրականացվում է Եվրահանձնաժողովի աջակցությամբ: 2009 թ. մարտի 23-ին մեկնարկելու էին դասընթացները իսպանական Բարսելոնա քաղաքում: Իսպանիայի վիզան Հայաստանում տրամադրում է Իտալիայի դեսպանատունը: Մարտի 2-ին Լիլիթը դիմել է դեսպանատուն: Մարտի 13-ին` նշանակված օրը, դեսպանատանն ասել են, թե դեռ պատասխան չկա: «Բայց մինչ այդ աշխատող աղջիկն ասել էր, որ եթե պատասխան չլինի, իրենք կզանգեն, որ ես չգնամ, բայց չէին զանգել: Այդ օրն էլ ասացին, որ ամեն օր զանգեմ, տեսնեմ` պատասխանը կա, թե չէ: Երկուշաբթի զանգեցի` պատասխան չկա, երեքշաբթի` պատասխան չկար, վերջապես չորեքշաբթի զանգեցի, ասացին, որ պատասխան կա, բայց բացասական է», -պատմեց Լիլիթը: Նույն օրը Լիլիթը գնացել է դեսպանատուն և խնդրել իրեն թույլ տալ հանդիպել հյուպատոսի հետ: «Ասացին` շատ զբաղված է, մի քիչ պնդելուց հետո, որ ինձ բացատրեն, թե ինչու են մերժել, մի իտալացի ինձ ասաց, որ իսպանական կողմն է մերժել, պատճառների մասին իրենք տեղյակ չեն, «դուք Իտալիայի հետ խնդիր չունեք, ես Ձեզ կարող եմ տալ վիզա Իտալիայի համար, բայց իսպանական կողմը մերժել է, այնպես որ, ես Ձեզ չեմ կարող վիզա տալ իսպանական տարածք մտնելու համար»»,- ներկայացրեց Լիլիթը: Լիլիթը, այդուհանդերձ, արագացված կարգով նույն վիզան ստացել է Մոսկվայից. նրան աջակցել են Մոսկվայում Իսպանիայի հյուպատոսներ Ռեդոնդո Գոմեսը և Լուիս Անգելը (Redondo Gómez, Luis Ángel): «Ես շատ բարկացած ու վիրավորված դուրս եկա, իմ թռիչքը 3 օրից էր: Զանգեցի իմ ծրագրի համակարգողին, ով իտալուհի է, նա զանգեց իտալական դեսպանատուն, և նրանք նույն պատասխանը տվել են նրան»,- ասում է Լիլիթը:
25-ամյա Էրիկ Գրիգորյանը ամերկա-հայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող է, երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր ու լավ աշխատավարձ ունի: Նա մարտի 13-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն է հանձնել Նորվեգիա մեկնելու համար վիզա ստնալաու նպատակով, որպեսզի մասնակցի «International Gathering in Norway» ծրագրին: Էրիկը ունեցել է համապատասխան հրավեր Նորվեգիայի նախկին պատգամավոր Լարս Ռիսե կողմից: Մարտի 19-ին նրան մերժել են վիզա տրամադրել: Ֆրանսիայի դեսպանատուն Էրիկի այս դիմումն արդեն չորրորդն էր: Երկու անգամ Էրիկը նույն դեսպանատնից ստացել է վիզա, 3-րդ և 4-րդ անգամները` մերժվել, չնայած վերջին երկու դեպքում էլ եղել է համապատասխան հրավերը, և բոլոր փաստաթղթերը կարգին են եղել: Երրորդ անգամ` 2007 թ.-ին, Էրիկը պետք է մասնակցեր Նորվեգիայի «Forum for Faith & Values» միջոցառմանը, որին անձամբ հրավիրել էր նորվեգացի պատգամավոր Քեթիլ-Սոլվիկ Օլսենը և իր իսկ ստորագրությամբ հրավեր ուղարկել: Սակայն դա էլ դեր չի խաղացել. Էրիկին մերժել են վիզա տրամադրել: «Այլևս ժամանակ չկար, և ես չկարողացա գնալ,- պատմում է Էրիկը:- Այս անգամվա մերժումից հետո հրավիրողն ասել է, որ Մոսկվայի հետ կապվեմ»: Էրիկը վերջերս է ամուսնացել: Կինն աշխատում է տուրիստական գործակալությունում: Երևանում ունեն գույք` բնակարան, երկուսն էլ ունեն բանկային հաշիվներ` զգալի գումարով: «Դա ապացուցում է, որ մենք այնտեղ որևէ խնդիր չենք ունենա, չենք գնում այնտեղ մնալու: Այսինքն` հիմք չկա, որ ասենք` եթե բանակ չեմ ծառայել, գնամ` մնամ: Թույլ կետեր չեմ տեսնում, որ համաձայն իրենց ստանդարտների` եթե ինչ-որ մի կետում կասկածեին, մերժեին: Եթե կա ապօրինի վիզաների տրամադրման մեխանիզմ, ապա դա էլ սահմանափակում է այլ` սովորական քաղաքացիների վիզա ստանալու հնարավորությունը»,- ասում է Էրիկը: Էրիկը կարծում է, որ այստեղ մի քանի տեսություն կա. «Եթե վերցնենք այն, որ հայերը գնում ու չեն վերադառնում, ապա այդ տեսակետից հայերը ավելի շատ Լեհաստան, Չեխիա են գնում: Ոնց է ստացվում, որ ֆրանսիական, իտալական և գերմանական դեսպանատները շատ են մերժում, բայց գերմանականը, որպես կանոն, չի ուշացնում ու քաշքշուկների մեջ չի գցում, իսկ իտալականն ու ֆրանսիականը միշտ նմանատիպ քաշքշուկների մեջ են: Շատ է շեշտվում, որ այս դեսպանատները փողով են անում վիզաներ, բայց ասեկոսեների մակարդակով չեմ կարող հստակ մեկնաբանություն տալ: Ամեն դեպքում, երբ դու գնում ես, քեզ վերաբերվում են շատ սառը, շատ չոր, ոչ մի անձնական բան հաշվի չի առնվում, ժամանակային առումով` եթե շտապում ես, կամ պատասխանատվությունը, որ քեզ մի շաբաթից կանչել են, դու գնում ես ու նորից 10 օրից են կանչում, ու վերջում գնում ես` մերժում են»: Դեսպանատները չունեն բողոքարկման համակարգ, այսինքն` մերժումը բողոքարկման ենթակա չէ: «Հետքը» դեռևս ապրիլի 14-ին նամակով դիմել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն վերը նշված խնդիրների, մերժումների և որոշ պարզաբանումների համար: «Հետքի» ապրիլի 14-ի նամակին ֆրանսիական դեսպանատունը պատասխանել է մայիսի 19-ին: Դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, թե ` իրենք մեր նամակը չեն ստացել, և այն «հավանաբար ինչ-որ արկղում կորել է», քանի որ այդպես էլ չեն գտել, այնինչ «Հետքը» ստացել է իր պատվիրված նամակի` հասցեատիրոջը հասնելու հավաստագիրը: Երկրորդ անգամ ուղարկած «Հետքի» էլեկտրոնային նամակին պատասխանել է հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը: Համաձայն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան տվյալների` 2007-ին Երևանում Ֆրանսիայի դեսպանության հյուպատոսական ծառայություն է ներկայացվել 7938 դիմում, տրամադրվել է 6678 մուտքի արտոնագիր: 2008-ին բավարարվել է ներկայացված 5771 հայտերից 4869-ը: Իսկ 2009 թ.-ի առաջին եռամսյակի մասին մեր հարցն անպատասխան է մնացել: Համաձայն Ֆրեդերիկ Գրապենի գրության` որևէ երկրում ներկայացուցչություն չունեցող երրորդ երկրի համար դեսպանության կողմից «Շենգեն» վիզաների տրամադրումը ենթարկվում է հստակ կանոնների, որոնք չեն կարող շրջանցվել: Հայտերն անցնում են նույն ընթացակարգով, որով անցնում են Ֆրանսիայի համար վիզաներ ստանալու հայտերը: Այս առումով հարկ է նշել, որ երկիրը ներկայացվում է առանց ներկայացված երկրների իշխանությունների հետ շփման (կապի): «Արտոնագիր մերժելու դեպքում, երկիր ներկայացնելը կարգավորող օրենքով նախատեսված է, որ հայտատուները կարող են դիմել մեկնման երկրի որևէ հյուպատոսություն նոր հայտ ներկայացնելու համար»,- նշված է նամակում: «Հետքի» հարցին, թե որոնք են մերժման հիմնական պատճառները, հյուպատոսը պատասխանել է. «Մերժման հիմնական պատճառները պայմանավորված են միջոցների, ճանապարհորդական ապահովագրության, նաև մեկնման երկրում հյուրընկալվելը հաստատող տեղական իշխանությունների կանոնակարգով սահմանված տեղեկանքի բացակայությամբ, որն արդեն իսկ կարող է մերժման պատճառ հանդիսանալ»: Գոհար Ղանդիլյանի և Էրիկ Գրիգորյանի մերժումների մասին մեր հարցմանը ստացել ենք հետևյալ հիմնավորումը. «Համաձայն օրենքի, իրավունք ունենալով չհիմնավորել մերժման պատճառը, հնարավոր չէ պատասխանել Շենգեն վիզա տրամադրելու Ձեր հիշատակած երկու մերժված դեպքերի առնչությամբ»: Էրիկը կարծում է, որ սա սխալ մոտեցում է հատկապես ուսանողների ու երիտասարդների նկատմամբ, որոնք գնում են փորձի փոխանակում, մասնագիտական պատրաստվածություն ստանալու, գիտելիքներ ձեռք բերելու տարբեր արտասահմանյան երկրներում: Այս դեպքերում պետք է գործի պարզեցված վիզային ռեժիմ, ինչպես, օրինակ, Վրաստանում, որտեղ այդ ռեժիմը գործում է 2006 թ.-ից: «Ես շատ նման գիտական հավաքների եմ մասնակցել, որը շատ է օգնում ինձ իմ գործի մեջ, և ես հետո դա օգտագործում եմ: Կամ էլ` այդ ամեն ինչը տեսնելով` ինձ աշխատանքի են ընդունում: Իսկ նման դեպքերն ապացուցում են, որ, փաստորեն, կաղապարված ու սահմանափակված են մեր երիտասարդության գնալ-գալու հնարավորությունները, Հայաստանը պետք է հեշտացնի այդ վիզային ռեժիմը,- կարծում է Էրիկը և շարունակում,-ըստ երևույթին, կա քվոտային ինչ-որ բաժին, և իրենք անօրինական ճանապարհով այլ անձանց վիզաներ են տրամադրում, որն ազդում է սովորական քաղաքացիների քվոտաների վրա»: Այնուամենայնիվ, ինչպես Գոհարը և Լիլիթը, Էրիկը ևս կարողացել է Մոսկվայում նորվեգական դեսպանատնից ստանալ վիզա: Հայաստանի եվրոպական շարժմանը նույնպես անհանգստացրել է երիտասարդներին առանց պատճառաբանության վիզաների մերժման հանգամանքը: Նրանք կոչով են հանդես եկել: Նույնիսկ կազմակերպել են օնլայն ստորագրահավաք` «petition», որպեսզի դիմեն համապատասխան մարմիններ, և քայլեր ձեռնարկվեն: http://www.petitiononline.com/visas/petition.html կայքում մինչ այս պահը հավաքվել է 162 ստորագրություն: Այստեղ էլ բողոքները վերաբերում են Հայաստանում ամերիկյան դեսպանատան մերժումներին: Ստորագրահավաքի մասնակիցները վերոնշյալ պաշտոնյաների ուշադրությունն են հրավիրում Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության աշխատակիցների վարքին, որոնք մերժում են դիմողների մեծ մասին` առանց որևէ արդարացման և խոչընդոտում հայ երիտասարդների, գիտնականների և ուսանողների` ԱՄՆ-ում կրթություն ստանալուն կամ որևէ դասընթացի մասնակցելուն: Նմանատիպ քննարկումներ ընթանում են նաև «Facebook»-ի հետևյալ հասցեում` http://www.facebook.com/group.php?gid=15445144630&ref=ts, որտեղ երիտասարդներն իրենց դժգոհություններն են հայտնում նաև եվրոպական երկրների դեսպանատներից և հյուպատոսական ներկայացուցչություններից: Ստորագրահավաքի կազմակերպիչները հստակ նշել են, որ ստորագրությունները փոխանցելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին, ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱՄՆ միգրացիոն ծառայությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և այլն: ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ենթադրում է նաև վիզային ռեժիմի բարելավում և հեշտացում եվրոպական երկրներ մեկնելու համար: Թե ինչքանով դա կկիրառվի գործնականում՝ ցույց կտա ժամանակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել