
Կանայք դաշտերում են, տղամարդիկ գյուղամիջում թղթախաղով են զբաղված
Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը գյուղը ղեկավարելու կարճ ժամանակահատվածում նկատել է, որ համայնքի սեփական հարկային եկամուտները հավաքագրելու ճանապարհին իր կարեւոր խնդիրը հողի մշակման գործում գյուղացիներին աջակցելը պետք է լինի:
Գյուղապետը հայտնեց, որ այս տարի Օձունի 1400 հա վարելահողերից 250 հա-ը մշակվել է, հետո հիշեց, որ գյուղի Թափի հանդի դաշտերում նաեւ շուրջ 32 հա կարտոֆիլ է ցանվել: «Մարդիկ էս տարի ռիսկ չարին շատ կարտոֆիլ ցանեն, որովհետեւ աշնանը կարտոֆիլը վաճառելն էլի իրենց համար խնդիր է դառնալու»,- ասաց գյուղապետը: Ա. Տիտանյանի կարծիքով` հողը մշակելու համար Օձունում շատ կարեւոր մի խնդիր պետք է լուծվի. «Մինչեւ հակակարկտային կայաններ չդրվեն, հողը գյուղացու կողմից չի մշակվի: Ժողովրդի աչքն արդեն վախում ա, ամեն տարի կարկուտ ա լինում, հենց էդ պատճառով ժողովուրդը հողից ետ ա կանգնել, հակակարկտային կայանը որ դրվի, ժողովուրդը կփրկվի, կայանն էլ խոստացել են 2010-ին տեղադրել, մարդիկ հուսահատվել են, փորձում ենք հույսը էլի վերականգնել»: Օձունցի ֆերմեր Համլետ Դավթյանի կարծիքով` ՀՀ կառավարությանը ձեռք չի տալիս, որ գյուղացին հողը մշակի. «Որովհետեւ էսօր, օրինակ, ցորեն ներմուծող մարդիկ կան, չէ ՞, պեսոկ ներմուծող էլ կա, չէ ՞, օրինակ` ազոտական պարարտանյութը, որ Վրաստանից է թանկ բերվում, կարող են, չէ՞, Վանաձորում արտադրել: Օձունցու ջահել էրեխեն գնում է արտասահմանում աշխատում, իր կոպեկը բերում է, էդ ներմուծած ցորենից իր հացն առնում, իր տունը յոլա է տանում: Դե, եթե գալիս ա ստեղ փողը հողի վրա է ներդնում, հակակարկտային կայան չունենք, Աստծուն է մտիկ անում: Անցյալ տարի ես 4 հա ցորեն ունեի, աշխարհի ծախսերը վրեն արած, կարկուտը եկավ, ինչ դրել էի` ջարդեց, ինձ էն մնաց, շահույթ չունեցա: Մեր գյուղն էլ, հակառակի պես, կարկուտի զոնայի տակ է, կարկուտը պադրյադ խփում է»: Համլետ Դավթյանն ասում է, որ կգա այն ժամանակը, երբ ՀՀ կառավարությունը շահագրգիռ կդառնա հողը մշակելու գործում, բայց այդ ժամանակ էլ գյուղում աշխատուժ չի մնա: Այդուհանդերձ, այս տարի Արսեն Տիտանյանը փորձարարական նպատակով գյուղի Թափի հանդի, ինչպես ինքը հայտնեց` օձունցի Սմբլանց Սուրոյին (Շախկուլյան Սուրիկին) պատկանող 1,5 հա եւ Եզնանիստ հանդամասի` իր 0,5 հա ու հորը պատկանող 1 հա վարելահողերում թութունի սածիլներ է ցանել: «Արել ենք` ժողովրդին համոզելու, որ կարելի է այն մշակել, նաեւ 20 աշխատատեղ ենք ստեղծել, նպատակ ենք դրել մարդկանց մղել հողով զբաղվելուն, երբ այս գործը մենք անենք, գյուղացիները կհամոզվեն, որ հնարավոր է: Բացի դա, թութունի արտադրությամբ զբաղվելու համար «Մասիս տոբակոն» ֆինանսավորում է: Գնում ես, իրենց հետ պայմանագիր ես կնքում, էն մարդիկ պարարտանյութն էլ են տալիս, սածիլն էլ են տալիս, գումարն էլ են տալիս, վերջում էլ կտանենք կհանձնենք, իրենց տված գումարները իրենք կպահեն, ինչ էլ կմնա` քո օգուտն է: Հիմա 3 հա փորձարարական մենք կատարում ենք»,- ասաց գյուղապետը: Արսեն Տիտանյանը Օձունում թութունի մշակության հետ կապված հեռահար ծրագրեր է մշակում. «Չորանոցներ ու պարնիկներ ենք ստեղծելու, մինի գործարան է լինելու, 35 աշխատատեղ կապահովվի, գյուղացիներն էլ կտեսնեն, որ արդյունքը լավ է, կհամոզենք, մի 30-40 հա-ի վրա թութուն կցանեն», - մտորում էր հողի մշակության եւ հարկերի հավաքագրման գործում պատնեշի դեմ հայտնված Օձունի գյուղապետը: Թութունի դաշտերում 20 աշխատող կար: «Աշխատողների աշխատավարձը ես եմ վճարելու, վճարում ենք օրը 2500 դրամ, «Մասիս տոբակո»-ի տված կանխավճարների հաշվից, առայժմ ես պատվիրատուից ուզել եմ 300 հազար դրամ, մեկ էլ` պարարտանյութ: Աշխատանքները վերահսկվում է նաեւ ֆիրմայի կողմից, սա համագործակցություն է արտադրողի հետ, նրանք պատրաստ են բոլորի հետ այս գործում համագործակցելու: Մենք էլ, օգտվելով այս հնարավորությունից, գյուղացիներին ուզում ենք համոզել, որ հնարավոր է եւ անհրաժեշտ է հողով զբաղվել եւ օգուտ քաղել»,- բացատրեց գյուղապետը: Թութունի դաշտավայրում աշխատողների մեծ մասը կանայք էին: «Անունս Կարինե ա, ծանր աշխատանք ա, բայց որ կա, էլի գոհ ենք, արեւը չի խանգարում, ավելի շուտ, կարելի է ասել, սա տղամարդու աշխատանք է, ոչ թե` կնոջ: Ամուսինս գյուղում ա, չի աշխատում: Անառողջ ա»,- ասաց աշխատողներից Կարինեն: «Տղես ուրիշ երգիր ա գնում, որ ըշխատի, բերի մեր տունը պահի, ստիան ըշխատանքով կարըմ չենք ապրենք: Օրը 2,5 հազար ենք ստանում, բայց էլի չի հերիքըմ: Տասն օրը մեկ ենք աշխատավարձ ստանում, բայց էլի բավարար չի գեղացու հմա»,- ասաց երեք երեխայի մայր Անիկ Դավթյանը: «Հողը մշակած հող չի, անգործ ընկած ա եղել, մեր գյուղապետն էլ մի քիչ խամություն ա արել, էս աշխատանքը շուտ էլավ, աշունը պտի անեինք, պտի նախօրոք պատրաստեինք, նոր շիթիլը կբերեր, մենք էլ կդնեինք, շատ լավը կլիներ, բայց տենըմ ես էս տանջանքին, լրիվ անմշակ հող ա, դրա հմա մենք շատ ենք տանջվում: Հույս ունենք, որ եկող տարի ավելի լավը կլինի, էն էլ ով կապրի` նա կտենա»,- ասաց 70-ամյա Էմմա Լալայանը: Սիրամարգ Գեւորգյանը դաշտի ծանր աշխատանքը կատարում էր իր փոքիկ աղջկան պահելու համար: «Բա որ երեխեն չըլեր, էլ ու՞մ հմա տեի ստեղ տանջվի»,-կիսաբերան ասաց նա: Ամուսնու մասին մեր հարցին երիտասարդ Սիրամարգը պատասխանեց. «Չունեմ, չունեմ, չունեմ, չունեմ, տեղն էլ չգիտեմ, չէ, չէ, վափշե տեղն էլ չգիտեմ»: Կանայք ասացին, թե նա ամուսնուց բաժանված է, հետո համաձայնեցին, որ Երեւանում էլ շատ ջահել կանայք ամուսիններից բաժանվում են: Այդուհանդերձ, խորհրդավոր որոշեցին. «Բայց Երեւանի բանն ուրիշ ա, գեղի բանը` ուրիշ»: Ու մինչ օձունցի կանայք դաշտի ծանր աշխատանքից դժգոհում էին, գյուղի տղամարդիկ գյուղամիջում թղթախաղով էին զբաղված: «Թութունի արտադրությունը Օձունում անպայման իրեն կարդարացնի, էս տարի միջին բավարարվածությունը բարձր չի լինի, բայց մյուս տարի լավ կլինի: Նախապայմանները պտի լավացնենք: Եթե աշխատում ենք, հույս անպայման կա, որ լավ կլինի»,- ասաց թութունի դաշտավարական աշխատանքների բրիգադիր Համլետ Դավթյանը: Համլետ Դավթյանը հայտնեց, որ ինքն անձամբ 7 հա վարելահող ունի: «Հա, 4 հա ցորեն եմ ցանել, մի հա կարտոֆիլ եմ ցանել, 1,5 հա եգիպտացորեն ա, առվույտ կա: Մի ժամանակ 15 հա հող էի ես մշակում, կարկուտը եկավ, հաջողություն չունեցա, 2004 թ.-ից դեսը, առաջ լավ էր: Հմի էլ մեր աշխատանքով յոլա ենք գնում»,- ասաց նա: «Մեր գյուղը մեծ գյուղ ա, գալիս են էդ կողքի գյուղերից, մեր աշխատուժը տանում են, աշխատացնում, գյուղապետն ուզում ա, որ մեր ժողովուրդը մեր հողի վրա աշխատի: Դա մի քիչ էլ պատվի գործ ա, էլի»,- համայնքապետին գովեց Հ. Դավթյանը: Արսեն Տիտանյանի մտահոգությունը համայնքի բյուջեի մուտքերի ապահովումն է: Օձուն համայնքի 2009 թ. բյուջեի եկամուտները պլանավորվել են 125,4մլն դրամ, որից փաստացի մուտքերը հունիսի 8-ի դրությամբ կազմում են 35, 2 մլն դրամ կամ 28,1%: Հողի պլանավորված 44,5 մլն դրամ հարկային եկամուտների փաստացի մուտքերը հունիսի 8-ի դրությամբ կազմում են 7 մլն դրամ, այիսնքն` համայնքապետարանը հողի հարկային եկամուտներն ապահովել է 16%-ով: Բյուջեի ապառքները 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են շուրջ 184 մլն դրամ: Սա էլ է մտահոգում Օձունի նորընտիր համայնքապետին: «Եթե օձունցին հողը չմշակի, չի կարող վճարունակ հարկատու դառնալ, դատարան տալն էլ ճիշտ բան չէ, նրան պետք է աջակցել հողը մշակելու համար, սա է ճանապարհը»,- ասաց Արսեն Տիտանյանը: Բյուջեի մասին խոսելիս Արսեն Տիտանյանը հայտնեց, որ այն ընդունել է սոց. վճարների 14 մլն դրամ պարտքով, որից 7 մլն դրամ մայր պարտքը 5 ամսվա մեջ փակել է: Տույժերը դեռ մնում են: Օձունի կենսական հիմնախնդիրը համայնքապետը համարեց գյուղամիջյան անբարեկարգ, 20 կմ երկարությամբ ճանապարհների վերանորոգումը, որն առայժմ նա մի կերպ կարկատում է` ակնկալելով, որ մի օր Օձունի վճարունակ հարկատուների միջոցով համայնքի բյուջեն կհարստանա, եւ գյուղի փողոցներն իր կողմից կենթարկվեն կապիտալ վերանորոգման:
Մեկնաբանել