HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Գործողություն երեք արարով. փաստահավաքի ոդիսականը

«Ժամանակը ցույց տվեց, որ առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից` փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից և գործել որպես իրապես անկախ փորձագետներ, հանգամանք, առանց որի ինքնին խնդրահարույց է դառնում փաստահավաք խմբի գոյությունը, ինչն էլ իր հերթին բերեց խմբի ներսում ստեղծված ներկա մթնոլորտին և, ըստ էության, խմբի գործունեության ձախողմանը»,- այս շաբաթ հայտարարեց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանն այն բանից հետո, երբ մարտի 1-ի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված փաստահավաք խմբում իր հետագա աշխատանքն անհնարին համարեց ՀՀ նախագահի կողմից նշանակված անդամ Ռոբերտ Ավագյանը: Նախագահի մամլո խոսնակի այս հայտարարությունը, ըստ էության, վերջակետ է դնում փաստահավաք խմբի գոյությանը` չնայած անգամ դրանից հետո իրենց աշխատանքը շարունակելու պատրաստակամություն հայտնեցին խմբում ընդդիմության` ՀԱԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները: Մինչ այդ` մայիսի 4-ից, արձակուրդ վերցնելու պատրվակով, խմբի աշխատանքներին իր մասնակցությունը դադարեցրել էր ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, չնայած նման ընթացակարգ ՀՀ նախագահի կարգադրությամբ նախատեսված չէր»: Փաստահավաք խմբում ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողովին ներկայացվեց խմբի կատարած աշխատանքի առաջին արդյունքը հանդիսացող զեկույցը, որը վերաբերում էր  մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների բացահայտմանը: Դրանից անմիջապես հետո այդ զեկույցը հրապարակվեց ընդդիմադիր լրատվամիջոցներում` խախտելով գաղտնիության շրջանակներում գործելու սահմանված կարգը: Փաստահավաք խմբի փլուզումը պարզապես հանգամանքների նպաստավոր դասավորության արդյունք չէր: Այն դատապարտված էր այդպիսի վախճանի, որովհետև նրա առջև փաստացի դրվել էին այնպիսի խնդիրներ, որոնք քաղաքական ներկայիս անհանդուրժողականության պայմաններում ուղղակի չէին կարող լուծվել: Խմբի անդամների, հատկապես իշխանության ներկայացուցիչների վրա այնպիսի ահռելի պատասխանատվություն էր բարդվել, որ զուտ մարդկայնորեն հնարավոր չէր դիմանալ այդ ծանրությանը: Թերևս, պատահական չէր, որ Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների բացահայտմանը վերաբերող զեկույցն այդպես էլ չեն ստորագրել ո'չ իշխանության երկու ներկայացուցիչները և ո'չ էլ խմբի ղեկավարը` ՄԻՊ ներկայացուցիչը: Եթե անգամ վերջիններս դիմանային այդպիսի ճնշմանը, անհնար էր լինելու կանխատեսել կատարված համատեղ բացահայտումների հետագա հնարավոր քաղաքական-հասարակական հետևանքները: Ո'չ իշխանությունը և ո'չ էլ հասարակությունը պատրաստ չէին այդ բացահայտումներին, որը կարող էր ընդհանրապես հարցականի տակ դնել անցած մեկ տարվա ընթացքում մարտի 1-ի` գործի դրված սցենարին համահունչ զանգվածային ձերբակալությունների, կալանավորումների, դատավարությունների իրավաչափությունը: Խմբի գործունեությունն ուղղակի կասեցնել հնարավոր չէր, որովհետև դա լուրջ քաղաքական ցնցումներ, դրսից այդ գործընթացներին հետևող միջազգային կառույցների կողմից հակադարձ ռեակցիա կառաջացներ: Դրանից ելնելով էլ` գործի դրվեց բոլորովին նոր մարտավարություն, որը բաղկացած է միաժամանակ բեմադրվող մի քանի արարից: Արար առաջին Փաստահավաք խմբի ներսում առաջացած անառողջ մթնոլորտը պայմանավորվեց մարդկային գործոններով: ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի մարդկային որակների հանգամանքը վերցնելով որպես թիրախ` ըստ էության երկու խնդիր էր լուծվում: Առաջին` խմբի ձախողումը պայմանավորել ոչ արտաքին գործոններով, երկրորդ` մեղքը բարդել ընդդիմության ապակառուցողականության վրա և հիմքեր ստեղծել այն լուծարելու համար: Սամվել Ֆարմանյանի հայտարարությունը բխում էր անմիջապես այս իրողությունից: Ուշադրություն դարձնենք` նախագահի խոսնակը ոչ թե խոսում էր խմբի գործունեությունը դադարեցնելու մասին, այլ ընդամենը դրա անդամների` քաղաքական օրակարգից դուրս չգալու հանգամանքով պայմանավորված խմբի ձախողման: Սա ավելին չէր, քան իրավիճակի քաղաքական մեկնաբանություն: Իրականում, սակայն, այդ մեկնաբանությունը նույնիսկ ծուղակային էր: Բանն այն է, որ եթե խնդիրն, իսկապես, քաղաքական «օրակարգի» հակասականությունն էր, ապա դա առաջացել էր ոչ թե ընդդիմության ներկայացուցիչների, այլ հենց իշխանության ներկայացուցիչների պատճառով, քանի որ խմբի աշխատանքներին տարբեր պատճառներով չեն մասնակցում ոչ թե ՀԱԿ-ի կամ «Ժառանգության», այլ ՀՀ նախագահի, կոալիցիայի և ՄԻՊ ներկայացուցիչները: Եվ եթե այդպես է, ապա ոչ թե պետք էր խոսել խմբի ձախողման մասին, այլ միայն համապատասխան քաղաքական կամք ցուցաբերելու և իրենց ներկայացուցիչներին խմբի աշխատանքներին մասնակցել հորդորելու: Բացի դրանից, ակնառու էին փաստահավաք խումբ ձևավորելու մասին կարգադրության իրավական բացթողումները, որոնց արդյունքում և հնարավոր դարձավ նման իրադարձությունների ծավալումը: Օրինակ` ինչու հնարավոր չէր սահմանել մարդկային անհամատեղելի փոխհարաբերություններ առաջանալու, աշխատանքային վատթար պայմաններ ստեղծվելու դեպքերում խմբի անդամներին փոխարինելու ընթացակարգ, ինչու հստակ չէին սահմանվել խմբի անդամների իրավունքներն ու պարտականությունները ճգնաժամային իրավիճակներում և այլն: Եթե այս խնդիրները լուծված լինեին հենց սկզբից, նախագահը ոչ մի հիմք չէր ունենա խումբը լուծարելու համար, ինչը նա իր կարգադրությամբ արեց երեկ: Այսպիսով, այս առաջին «գործողության» նպատակը փաստահավաք խմբի կողմից նոր բացահայտումներ թույլ չտալն է: Սակայն, սա կարող է նոր խնդիրներ առաջացնել իշխանության համար: Խմբի ընդդիմադիր երկու անդամների տրամադրության տակ կարող են հսկայական փաստեր հավաքված լինել: Խմբի գոյության դե յուրե դադարելու դեպքում ոչ ոք և ոչինչ չի կարող խանգարել ՀԱԿ-ին և «Ժառանգություն» կուսակցությանը` հրապարակել այդ փաստերը: Հիմա արդեն որևէ կաշկանդող գործոն գոյություն չունի: Եթե ընդդիմությունը հաջողացնում է խմբի գործունեության ընթացքում, խախտելով խաղի կանոնները, հրապարակել Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող զեկույցը, փաստահավաք խմբի չգոյության դեպքում առավել ևս ազատ կլինեն նրանց ձեռքերը: Սակայն անգամ նախագահի երեկվա կարգադրությունը չի վերացնում բացահայտումների առկա մտավախությունը, և իշխանությունը ստիպված է այնպիսի միջավայր, մթնոլորտ ստեղծել, որի պայմաններում ընդդիմության կողմից հրապարակվելիք որևէ փաստ հասարակական լուրջ ռեզոնանսներ չառաջացնի: Եվ ելնելով նաև այս խնդրից` գործի է դրվել երկրորդ զուգահեռ արարը: Արար երկրորդ Ուշագրավ է այն հանգամանքը, որ անտեսելով հասարակական-քաղաքական շրջանակներից մեկ տարի շարունակ հնչող` համաներում իրականացնելու մասին կոչերն ու հորդորները` ՀՀ նախագահը հենց հիմա է հայտարարում նման միջոցառում իրականացնելու պատրաստակամության մասին: «Վերջին անգամ համաներում եղել է 2006-ին: Եթե այս երեք տարիների ընթացքում հասարակությունում հասունացել է նոր համաներում հայտարարելու գաղափարը, ապա, իրոք, ես պատրաստ եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից: Ուստի կոչ եմ անում քաղաքական ուժերին, Հանրային խորհրդին, որպեսզի նրանք իրենց առաջարկությունները համաներման անհրաժեշտության ու համաներման պայմանների մասին ներկայացնեն նախագահական նստավայր, և եթե արդյունքում պարզվի, որ, իրոք, հասարակության մեջ նման ցանկություն կա, ես անմիջապես կօգտվեմ իմ սահմանադրական իրավունքից, կդիմեմ Ազգային ժողով` օրենք ընդունելու համար»: Նախագահի այս խոսքերը մոգական ազդեցություն թողեցին: Դրանից անմիջապես հետո բոլորը հանկարծ համարձակություն ստացան: Իրարից առաջ ընկնելով` սկսեցին մարտի 1-ի իրադարձությունների պատճառով ազատազրկվածների նկատմամբ գթություն ցուցաբերելու համար նախագահին դիմելու առաջարկություններ գրել: Մի կողմից Հանրային խորհրդի հանձնաժողովներից մեկն իր առաջին իսկ նիստի օրակարգում ներառեց նախագահին ուղղված` համաներում իրականացնելու առաջարկություն անելու հարցը, մյուս կողմից` նույնպիսի նախաձեռնողականություն հանդես բերեց ԱԺ մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովը: Դրանց զուգահեռ, նույն նպատակով ՀՀ նախագահն իրավապահ համակարգի պատասխանատուների հետ խորհրդակցություն անցկացրեց և հանձնարարեց մինչև հունիսի 15-ը հանդես գալ դրա պայմանների, ընթացակարգերի մասին կոնկրետ առաջարկություններով: Ըստ էության, Հայաստանում սկսվել է «համաներումային» շարժում, որն այս դեպքում գուցե հասնի իր տրամաբանական ավարտին: Եվ պատճառը բացարձակապես հասարակական պահանջարկի առկայությունը չէ, որի պատրանքը ջանասիրաբար փորձում են ստեղծել տարատեսակ հանձնաժողվներն ու խորհուրդները: Այլ այն, որ նման քաղաքական որոշում արդեն ընդունվել է երկրի առաջին դեմքի կողմից: Իսկ ինչու հենց հիմա իշխանությունն անդրադարձավ այս հարցին: Բնականաբար, համաներում իրականացնելուց հետո այլևս արդիական չի կարող լինել մարտի 1-ի դեպքերի ժամանակ արձանագրված մահվան դեպքերի ուսումնասիրումը: Այն, որպես չլուծված հարց, իհարկե, կշարունակի գոյատեւել և դեռ երկար ժամանակ կմնա ընդդիմության քաղաքական օրակարգում: Սակայն դատապարտվածներին ազատ արձակելով` իշխանությունը կնվազեցնի դրա քաղաքական նշանակությունը, հասարակական հնչեղությունը` «և' գայլերն են կուշտ, և' ոչխարներն ամբողջական» սկզբունքով: Դրանից հետո փաստահավաք խմբի կողմից որևէ բացահայտում այլևս լուրջ ռեզոնանսներ չի առաջացնի: Սակայն, հատկանշական է այն տակտիկան, որ որդեգրել է իշխանությունը համաներման հարցում: Չնայած Հայաստանում արդեն երեք անգամ համաներում է անցկացվել, սակայն որևէ ժամանակ դրա համար հանրապետության նախագահը հասարակության արձագանքի անհրաժեշտությունը չի զգացել, առավել ևս չի դիմել այդ հարցով իրեն առաջարկություններ ներկայացնելու կոչով: Նման եղանակով համաներում իրականացնելով` իշխանությունը երեք խնդիր է ուզում լուծել: Առաջին` այն դարձնել համահանրապետական իրադարձություն, յուրատեսակ շոու, որը շատ արագ ու հեշտությամբ մոռացության կմատնի երևանյան ընտրությունները: Երկրորդ` այդպիսով նախագահը կփորձի ցույց տալ հասարակության համախմբվածությունը իշխանության շուրջ, որն ակնհայտորեն ՀԱԿ-ին վերջնականապես լուսանցք նետելու հեռահար նպատակ է հետապնդում: Եվ երրորդ` դրանով նախագահը ցույց է տալիս իր մեծահոգությունը թե' ժողովրդի, թե' քաղաքական ուժերի, թե' դատապարտվածների նկատմամբ: Չնայած այս նպատակներին` նման քայլը նաև ունի մի նկատելի խոցելի կողմ: Ակնհայտ է, որ համաներման հասարակական պահանջարկը ձևավորվել է ոչ թե ընդհանրապես, այլ միմիայն մարտի 1-ի առնչությամբ դատապարտվածների մասով: Եվ հղում անելով հասարակական պահանջարկին` նախագահն անուղղակիորեն շեշտում է, որ իսկապես խնդիրը հենց այդ մարդկանց ազատ արձակելու մեջ է: Իսկ երբ հարցն այս տեսանկյունից ենք դիտարկում, ապա ստացվում է, որ խնդրին տրվում է քաղաքական լուծում: Մինչդեռ, ինչպես հայտնի է, մարտի 1-ի գործի նկատմամբ իշխանությունը տրամագծորեն հակառակ դիրքորոշումով էր առաջնորդվում, որը հրաշալի կերպով բյուրեղացրել էր և  անընդհատ կրկնում էր ՀՀԿ մամլո խոսնակ Է. Շարմազանովը. «Իրավական խնդիրները պետք է լուծվեն իրավական դաշտում»: Արդյոք այս մոտեցումն այլևս արդիական չէ ՀՀԿ-ի համար: Հետաքրքիր է` ինչ նոր բանաձևում է գտնելու ՀՀԿ մամլո խոսնակը: Արար երրորդ և վերջին Փաստահավաք խմբի բացահայտումները կարող էին իսկապես հետաքրքրել եվրոպացիներին, որոնք մարտի 1-ին արձանագրված մահվան դեպքերի բացահայտման խնդիրը չափազանց լուրջ ուշադրության են արժանացնում: Իշխանությունը գրեթե լիովին սպառել էր այս հարցում ԵԽ-ում մանևրելու բոլոր հնարավորությունները: Թերևս, հստակ տեղեկատվություն ունենալով, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում անպայման քննարկվելու է նաև այդ հարցի հետ կապված Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, որոշվեց այն փակել մեկընդմիշտ` համաներման միջոցով: ԵԽԽՎ ամառային նստաշրջանը կլինի հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում: Մինչ այդ` մինչև հունիսի 15-ը, ըստ նախագահի հանձնարարականի` իրավապահ համակարգը ներկայացրած կլինի համաներում իրականացնելու պայմանների ու ընթացակարգի մասին առաջարկությունները, որոնք այդ հինգ օրվա ընթացքում որոշակի հստակ ձևակերպումներ կստանան, այսինքն` հստակ կլինի, որ համաներումը վերաբերելու է նաև ու առաջին հերթին հենց «Յոթի գործ»-ով անցնողներին ու մարտի 1-ի գործով դատապարտված տասնյակ մարդկանց: Այսինքն` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը Ստրասբուգ կմեկնի հստակ ասելիքով, որի նպատակը մեկը կլինի. կրկին առնվազն հետաձգել Հայաստանի հարցի քննարկումը, ավելի ճիշտ` որոշման, կոշտ բանաձևի ընդունումը: Եթե դա տեղի ունենա, ապա հնարավոր է` առնվազն մինչև աշուն համաներում չիրականացվի, եթե, իհարկե, ԵԽԽՎ-ի կողմից այլ պարտադրանք, պայման չառաջադրվի: Բանն այն է, որ համաներման մասին ՀՀ նախագահի որոշումը պետք է անպայման օրենսդրական ակտի վերածվի, իսկ մի քանի օրից ԱԺ-ն ավարտում է իր հերթական նստաշրջանը և մինչև աշուն արձակուրդ է գնում: Այնպես որ, եթե իսկապես ՀՀ իշխանությունները համաներում իրականացնելու նպատակ ունեն, ապա չի բացառվում, որ հուլիսի 5-ին, այսինքն` ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ, այն կհայտարարվի: Եթե ոչ, կարելի է ընդամենը հուսալ, որ համաներում կանցկացվի, օրինակ, սեպտեմբերի 21-ին, այսինքն` Հայաստանի անկախության օրը: Ամեն դեպքում, մնում է սպասել ու հետևել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter