
Խոշոր ավտովթար. 3 զոհ, 3 վիրավոր
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:20-ի սահմաններում Երևանից Գողթ գյուղ տանող ճանապարհի սկզնամասում իրար են բախվել նույն գյուղի բնակիչներ Գառնիկ Գևորգյանի վարած «ՈւԱԶ-Վիլիս» մակնիշի՝ առանց համարանիշի, և Աշոտ Հայրապետյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 22 օօ 477 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման արդյունքում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով 2 ավտմեքենաներն էլ ամբողջովին այրվել են: Հրդեհի հետևանքով տեղում մահացել են «ՎԱԶ 2121»-ի վարորդ Աշոտ Հայրապետյանը, ուղևոր Զինա Հայրապետյանը, իսկ մյուս ուղևորներ՝ 25-ամյա Հենրիկ Հայրապետյանը և 30-ամյա Լեռնիկ Հայրապետյանը, այրվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Այրվածքներով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև «ՈՒԱԶ»-ի վարորդ Գառնիկ Գևորգյանը, իսկ նրա ավտոնեքենայի ուղևոր, անչափահաս Առաքել Գևորգյանը տեղում մահացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ ավտոմեքենաներից մոխրացած մարմինները դուրս են բերել դեպքի վայր ժամանած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար ծառայության վարչության Աբովյանի հրշեջ փրկարարները: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ՃՈ տեսուչները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի քննիչ Լևոն Գրիգորյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ: Դեպքի վայրում աշխատանքներին հետևել են առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրանց դեպքի վայրի օպերատիվ իրավիճակը հեռախոսով ներկայացնում էր ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը:
Փաստի առթիվ ոստիկանության Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանել