
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատրաստվում է այցելել Հայաստան: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, երեկ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է նաև այդ հարցի նախապատրաստման ընթացքը:
Հայաստանի արտգործնախարարի այցի ընթացքում չէր կարող անդրադարձ չլինել հայ-վրացական տնտեսական հարաբերություններին` Վրաստանով հայկական բեռներ տարանցման համատեքստում: Մինչ Էդվարդ Նալբանդյանը կուղևորվեր Թբիլիսի, Երևանում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Վրաստանն օգտվում է Հայաստանի հանդեպ տարանցման իր մենաշնորհային վիճակից:
Մանավորապես, վարչապետ Սարգսյանը մանրամասնել էր, որ աշխարհի որևէ կետից մինչև վրացական Փոթի կամ Բաթումի նավահանգիստներ բեռներ փոխադրումը Հայաստանի համար կրկնակի էժան է, քան Փոթիից ու Բաթումիից` Հայաստան:
Այս հարցին անդրադառնալով` արդեն Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ վրացական տարածքով բեռնափոխադրումների առնչությամբ շատ հարցեր բարձրացնում են գործարարները` որևէ տեղից մինչև Փոթի, այնուհետև Հայաստան բեռները հասցնելու համար փոխադրումների բարձր ծախսերի առումով: Նույն տրամաբանությամբ, Նալբանդյանի խոսքերով, գործարարները կարող են և փնտրում են այլընտրանքային տրանսպորտայի ուղիներ` բեռնափոխադրումները առավել շահավետ տարբերակով կազմակերպելու համար:
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն իր հերթին հայտարարել է, թե տվյալ հարցն իր իրավասությունից դուրս է, միևնույն ժամանակ հավաստելով, որ խնդիրը կուսումնասիրվի իրավասու և համապատասխան կառույցներում: «Մենք հետաքննության նման մի բան կանցկացնենք, կուսումնասիրենք այդ հարցը և կխոսենք: Ոչ մի անլուծելի, սկանդալային ու խնդրահարույց բան այս հարցում չկա»,- հայտարարել է վրաց արտգործնախարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել