
Մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում տեղի ունեցած իրադարձությունները լուրջ խմորումներ են առաջացրել իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունների` առաջին հերթին ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերություններում: Այդ խմորումները դեռևս քողարկված դրսևորումներ ունեն, սակայն, ամենայն հավանականությամբ, շատ շուտով ավելի հրապարակային կդառնան: Դրա մասին է վկայում մասնավորապես այն, որ անցած շաբաթվանից ՀՀԿ-ն ինտենսիվ «աշխատանքներ է տանում» ԱԺ` դեռևս դե ֆակտո անկախ` հիմնականում գործարար պատգամավորներին ՀՀԿ շարքերում ընդգրկելու ուղղությամբ: (Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգը չի նախատեսում անկախ պատգամավորի` որևէ խմբակցության կազմում ընդգրկվելու ընթացակարգ, և նրանք դե ֆակտո չեն կարող դառնալ ՀՀԿ խմբակցության անդամներ):
Այդ նպատակով անկախ պատգամավորներին բաժանել են դեռևս չստորագրված դիմումներ, որոնցով վերջիններս իրենց ցանկությունն են արտահայտում ՀՀԿ-ի շարքերում ընդգրկվելու և իրենց դիրքորոշումները ՀՀԿ-ի հետ համաձայնեցնելու վերաբերյալ:
Դրան զուգահեռ` իշխանություններն առանձին-առանձին «բացատրական աշխատանքներ» են տանում նշված պատգամավորներից յուրաքանչյուրի հետ, բնականաբար, նրանց հիշեցնելով, որ «լավով չհասկանալու» և այդ դիմումները չստորագրելու դեպքում կարող են խնդիրներ ունենալ իրենց բիզնեսներում:
Ըստ որոշ տեղեկությունների` անկախ պատգամավորներից մեկը` Կարեն Վարդանյանը («Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանի ավագ որդին), արդեն ստորագրել է իր դիմումը: Թերևս մինչ այս քառօրյայի վերջը հայտնի կդառնա նաև մյուս անկախ պատգամավորների ճակատագիրը: Ամենայն հավանականությամբ, գործարար պատգամավորներին չի հաջողվի խույս տալ հանրապետականացումից, առավել ևս, որ ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում չի հերքել անկախ պատգամավորներին նման դիմումներ բաժանելու փաստը:
Ինչ վերաբերում է այս գործընթացի դրդապատճառներին, ապա դա առաջին հերթին պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ ՀՀԿ վերնախավում եղած մտավախությամբ: Ավելի պարզ ասած` ՀՀԿ-ն նախահարձակ է լինում` վախենալով, որ անկախ պատգամավորներին «վերբովկա կանի» ԲՀԿ-ն:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին երկու անկախ պատգամավորներ` Ռուստամ Գասպարյանը և Մարտուն Գրիգորյանը, անդամագրվել էին «Բարգավաճ Հայաստանին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել