Արմավիրի գազանանոցի ուղտը մնացել է առանց վանդակի
18 տարի առաջ կառուցած վանդակի փայտե սյուներն ու արգելափակոցները կոտրվել են, իսկ ամրանները` ենթարկվել կոռոզիայի: Կենդանին արդեն երեք տարի է` բոլոր սեզոններն անցկացնում է ձմեռային` փակ տարածքում:
Ուղտի նոր վանդակ պատրաստելու համար 250.000 դրամ է հարկավոր: Անհրաժեշտ գումարը ձեռք բերելու համար Արմավիրի կենդանաբուսաբանական այգու սեփականատեր Արմեն Թադևոսյանը դիմել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին:
«Եթե այդ գումարն ունենայի, իրենց չէի դիմի: Կենդանին է մեղք, չի կարելի թույլ տալ, որ այս ամառն էլ ձմեռանոցում անցկացնի»- ասաց Արմեն Թադևոսյանը :
Արմավիրի կենդանաբուսաբանական այգին 8 հա տարածք է զբաղեցնում: Արմեն Թադևոսյանն այն սեփականաշնորհել է 1991 թ.: Սեփականատերն ամայի ու քարքարոտ տարածքը կարճ ժամանակ անց իր միջոցներով կանաչապատել է և բնակեցրել զանազան կենդանիներով: Վերջիններիս պահպանումն ու խնամքը իրականցնում է նրա ընտանիքը, որը նաև ծառերն է տնկում և հոգ տանում, որ չչորանան:
Այգու տերը պատմում է, որ տարիներ առաջ կենդանիների ավելի հարուստ տեսականի է ունեցել. միայն սողունների հավաքածուն 55 տեսակից ավել է եղել: Բոլորն էլ սատկել են 93 թ.` մեկ օրվա մեջ, երբ 143.000 դրամ պարտքի համար էներգետիկները հոսանքազրկել են գազանանոցը: Հիմա միայն վագրանախշ վիշապ ունի, որի հետ գազանանոցի այցելուները ազատ շփվում և լուսանկարվում են:
Իսկ կոկորդիլոսի պատճառած հոգսը, պարզվում է` ամենամեծն է. ցրտերը վրա տալուն պես Թադևոսյանն ամեն գիշեր տաքացնում է սողունի 2,5 տոննա տարողությամբ լողավազանը:
«Ես ու տղաներս հերթապահում ենք, որ կաթսայատան կրակը չմարի. անընդհար փայտ ենք ավելացնում, հետևում, որ կոկորդիլոսն իրեն հարմար զգա: Արդեն 18 տարի է, ես չգիտեմ` ձմռանը հանգիստ քնելն ինչ է»,- ասաց գազանանոցի տերն ու հավելեց, որ ինքը նաև բժշկում է գազաններին, երբ նրանք հիվանդանում են:
6-ամյա առյուծը, որին Արքա է ասում, միակ գազաններից է, որ զույգ չունի: «Զուգավորելը դժվար չէ, բայց մեծ ծախսերի հետ է կապված: Դժվարանում եմ հատկապես կերակրելու հարցում: Մսակերների համար օրական, հատը 300 դրամով ոչխարի գլուխ եմ առնում, մանրացնում ու տալիս: Օրը 37 կգ խոտ էլ ուղտն է ուտում: Ճիշտ է` մի մասն ինքս եմ քաղում, բայց նաև գնում եմ: Արդեն մեկ տարի է` Բաղրամյանի անվան զորամասից ճաշերի ավելցուկներ եմ բերում, դրանով էլ մասամբ հոգում մյուս կենդանեների սննդի հարցը»,- ներկայացրեց Արմեն Թադևոսյանը:
Թեև Ա. Թադևոսյանի ասելով, կենդանիների սննդի հարցը լուծված է, սակայն դատելով նրանց հյուծված տեսքից ու կենդանուն ոչ հատուկ զուսպ պահվածքից` կարելի է ասել, որ այնքան էլ կուշտ չէին:
Թե ամսական որքան է կազմում կենդանիների` միայն սննդի վրա ծախսված գումարը, Ա. Թադևոսյանը անգամ չփորձեց հաշվել. «Հենց իմանամ, կդադարեմ պահել: Նույնիսկ չգիտեմ, թե քանի գլուխ կենդանի և քանի թև թռչուն ունեմ: Անընդհատ ավելացնում եմ կամ փոխանակում: Օրինակ` չորս արջերից մեկը կրկեսից է «եկել». քոթոթներից մեկի հետ եմ փոխանակել: Առյուծը եղնիկների դիմաց վերցրել եմ մի մեծահարուստից, արծիվը` սիսիանցի մի որսորդից, կապիկներն ու ջայլամները գնել եմ»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչքան է կազմում և ինչի վրա է ծախսվում մուտքի վարձավճարներից գոյացած գումարը` Ա. Թադևոսյանն ասաց. «Մուտքի արժեքը 100 դրամ է. վճարում են նրանք, ովքեր ի վիճակի են, իսկ ովքեր չեն կարողանում, չենք էլ պահանջում»:
Ըստ նրա` այցելուների հաճախելության առումով ամենաբարենպաստ տարին 2008-ի ամառն է եղել, երբ օրական եկամուտը 500-600 դրամ էր կազմում: «Էդ փողով նույնիսկ մեկ տուկ խոտ հնարավոր չէ գնել»,-ասաց:
Իսկ հարցին, թե ո՞րն է Թադևոսյանների շահը, երբ օրնիբուն աշխատանքի ու ներդրման դիմաց ոչինչ չեն ստանում, Ա. Թադևոսյանը պատասխանեց. «Մենք բնությունը սիրող մարդիկ ենք: Բոլորովին պարտադիր չէ, որ ստացածը նյութական լինի: Երբ տեսնում եմ, թե այցելուն ինչքան է զվարճանում Ջիմիկ կապկի վանդակի մոտ, երբ զգում եմ, թե այցելուի տրամադրությունը ոնց է փոխվում այգի մտնելուն պես, մեծ բավականություն եմ ստանում: Իսկ երբ հեռանալուց առաջ օրհնում և անկեղծորեն շնորհակալություն են հայտնում, աշխարհն ինձ են տալիս»:
Այգու սեփականատերը կանաչապատման նոր ծրագիր ունի. մասնավորապես, վանդակների հարևանությամբ մրգատու ծառեր է տնկելու, որ հասանելի լինի կենդանիներին: Նաև ձմեռային այգի է հիմնելու, որի համար արդեն կակտուսների և էկզոտիկ բույսերի բազմաթիվ տեսակներ է ձեռք բերել: Իսկ 8 հեկտարանոց տարածքը մշտական հսկողության տակ պահելու համար դիտակետ է կառուցում այգու հենց սկզբնամասում` 30 մետր բարձրությամբ աշտարակի վրա:
Հայկուշ Ասլանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել