Թափառաշրջիկությամբ եւ մուրացկանությամբ զբաղվող անչափահասներ Ղարաբաղում չկան
Ղարաբաղում գնալով նվազում է անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունների թիվը: Եթե անցյալ տարվա առաջին եռամսյակում 5 անչափահասի կողմից կատարվել է 10 հանցագործություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում 2 անչափահասի կողմից կատարվել է 2 հանցագործություն: Նշված հանցագործությունները կատարվել են Ասկերանում եւ Շուշիում: Երկու դեպքում էլ գույքային հանցագործություններ են եղել:
ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության անչափահասների գործերով տեսչության ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Վոլոդյա Ավանեսյանի խոսքերով, ընդհանուր առմամբ, անչափահասների կողմից ամենաշատ հանցագործությունները կատարվում են Ստեփանակերտ քաղաքում, քանի որ այստեղ բնակչությունն ավելի խիտ է: Վերջին երկու տարում անչափահասների կողմից հանցագործություն չի կատարվել Շահումյանի շրջանում:
Տեսչության տվյալներով, 2008 թվականին 22 անչափահասի կողմից կատարվել է 52 գողություն` նախորդ տարվա 27/41-ի դիմաց: Անցյալ տարի ամենաշատ հանցագործությունները կատարվել են Ստեփանակերտում, այստեղ 8 անչափահասի կողմից կատարվել է 17 հանցագործություն: Կտրուկ նվազում է արձանագրվել Մարտակերտի շրջանում. եթե 2007թ. 9 անչափահաս կատարել են 17 հանցագործություն, ապա 2008-ին՝ 3 անչափահաս կատարել են 6 հանցագործություն: Ի տարբերություն Մարտակերտի շրջանի, Մարտունու շրջանում 2008-ին աճ է գրանցվել` 4 անչափահասի կողմից կատարվել է 21 հանցագործություն` 2007թ. 1/1-ի դիմաց:
Նախկինում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները հիմնականում գողություններ էին, այն էլ` գունավոր մետաղների, սակայն, ավագ տեսուչի հավաստմամբ, գունավոր մետաղների ընդունման կետերը փակելուց հետո, այդ կարգի հանցագործություններ հիմնականում չեն գրանցվել: 2008 թ. ընթացքում կատարված 52 հանցագործությունների գերակշիռ մասը դարձյալ գողություններն են (47 հանցագործություն): 2 հանցագործություն կապված էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ, 1-ը` խուլիգանության: Անչափահասների շրջանում ընդհանրապես չեն գրանցվել սպանության դեպքեր, իսկ կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործությունները շատ քիչ են: Փոխգնդապետ Ավանեսյանի հավաստմամբ` չկան նաեւ հանցավոր խմբեր, ինչպես նաեւ թափառաշրջիկությամբ եւ մուրացկանությամբ զբաղվող անչափահասներ:
Իսկ որոնք են այն հիմնական պատճառները, որոնք անչափահասներին մղում են հանցագործությունների: Վոլոդյա Ավանեսյանի կարծիքով, պատճառներից մեկը ընտանիքում վարվող ոչ ճիշտ դաստիարակությունն է: «Շատ հաճախ անչափահասները հանցագործություններ են կատարում անգիտակցաբար` առանց գիտակցելու դրանց հետեւանքները, իսկ ոմանց էլ պարզապես շրջապատում հեղինակություն ձեռք բերելն է մղում դրան»,-Հետքի հետ զրույցում նշել է ավագ տեսուչը:
Այդ իսկ պատճառով, անչափահասների գործերով տեսչությունը` համագործակցելով քաղաքապետարանին կից անչափահասների գործերով հանձնաժողովի հետ, պրոֆիլակտիկ աշխատանքներ է տանում անչափահասների շրջանում: Հանցագործություն կատարած եւ քրեական պատասխանատվության չենթարկված անչափահասների վերաբերյալ նյութերը դատարանի կողմից ուղարկվում են անչափահասների գործերով հանձնաժողով, որտեղ քննարկվում է նրանց հաշվառման վերցնելու հարցը: Անչափահասները վերցվում են պրոֆիլակտիկ քարտային եւ պրոֆիլակտիկ գործով հաշվառման: Գործով հաշվառման վերցնում են այն անչափահասներին, ովքեր հանցագործություն են կատարել, բայց քրեական պատասխանատվության տարիքի չեն հասել կամ հասարակական ներգործության միջոցներ է կիրառվել նրանց նկատմամբ: Բացի այդ, եթե անչափահասի ծնողները զավակների նկատմամբ համապատասխան դաստիարակչական աշխատանքներ չեն տանում, ապա այդ ընտանիքները նույնպես հաշվառվում են` որպես անբարեհաջող ընտանիքներ: Ներկայումս տեսչությունում հաշվառված են 94 անչափահասներ եւ 2 անբարեհաջող ընտանիքներ` Հադրութից եւ Մարտակերտից:
«Իսկ հաշվառվածների մեջ կան աղջիկներ» հարցին ի պատասխան փոխգնդապետ Ավանեսյանը տեղեկացրել է, որ 7 անչափահաս աղջիկներ են հաշվառված, որոնք հիմնականում դասերից խուսափողներ են:
Պարզվում է, որ հանցագործություններ կատարողների մեջ կան նաեւ այնպիսինները, ովքեր կրկնակի կամ եռակի անգամ են գնում այդ քայլին: Սա զրուցակիցս բացատրում է նրանով, որ հաճախ պրոֆիլակտիկ աշխատանքները բավարար արդյունք չեն տալիս, եւ անչափահասը` մինչեւ 14 տարին լրանալը նորից է հանցագործություն կատարում, քանի որ դեռ չի գիտակցում, որ կարող է դատարանի առաջ կանգնել եւ անազատության մեջ հայտնվել:
Տեսչությունում հաշվառված անչափահասների մի զգալի մասը տնից պարբերաբար` առանց ծնողների թույլտվության ինքնուրույն հեռացողներ են, ուսումից չարամտորեն խուսափողները, մոլախաղերով զբաղվողները եւ այլն:
Բացի նրանից, որ տեսուչներն այցելում են հաշվառման մեջ գտնվող անչափահասների բնակարանները, զրուցում նրանց եւ ծնողների հետ, պահում նրանց իրենց ուշադրության կենտրոնում, պրոֆիլակտիկ աշխատանքների շրջանակներում քաղաքապետարանի հետ համատեղ ամառային շրջանում օրինակ բակային ֆուտբոլի առաջնություն են կազմակերպում` ընդգրկելով նաեւ հաշվառված անչափահասներին: Նրանց ընդգրկում են նաեւ ամառային ճամբարներում, իսկ ուսումնական տարվա ողջ ընթացքում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում նաեւ հանրակրթական դպրոցներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել