HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրցակցային դաշտը պահպանվել է. անբավարարների և գերազանցների թիվը մեծ չէ

Հանրապետությունում այսօր անցկացվում էր միասնական քննություն «Մաթեմատիկա» առարկայից, որին մասնակցում էր նախորդ և այս տարվա շուրջ 9806 շրջանավարտ։ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը քննությունների ընթացքին հետևում էր Աշտարակ քաղաքի թիվ 4 և մայրաքաղաքի թիվ 199 դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում։ ԿԳ կայքէջը տեղեկացնում է. «Դրանցում գործընթացը կազմակերպված էր սահմանված կարգով, առանց խնդիրների, և նախարարն ու քննությունները լուսաբանող լրագրողները համոզվեցին դրանում՝ ներկա գտնվելով քննության մեկնարկին, թեստերի ծրարների բացմանը։ Ինչպես միշտ, քննակենտրոնների մուտքը մարդաշատ էր, ու նախարար Ա. Աշոտյանը պատասխանեց հավաքված ծնողների հարցերին։ Դրանք հիմնականում վերաբերում էին նախորդ՝ «Հայոց լեզու և գրականության» առարկայի միասնական քննության թեստերին և արդյունքներին: Այդ մասին այսօր ծնողների անունից բաց նամակներ են հրապարակվել նաև մամուլում։ Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ մայրենիի քննության արդյունքներով միջին միավորի շեմը, նախորդ տարվա համեմատ, նվազել է։ Նախորդ տարվա 13.02-ի փոխարեն այս տարի միջին միավորը 11-12-ի սահմանագծում է։ «Ասում եք, որ թեստերը բարդ են եղել։ Այո, բայց դրանք բարդ են եղել բոլորի համար։ Բոլոր քննություն հանձնողներն այդ առումով եղել են հավասար պայմաններում, ու հաշվի առնելով անբավարարների տոկոսը՝ կարող ենք ասել, որ շրջանավարտների մեծ մասն առաջադրանքները հաջողությամբ հաղթահարել է։ Մրցակցային դաշտը նրանց բոլորի համար պահպանվել է, պարզապես այն տեղափոխվել է ավելի փոքր միավորների դաշտ»,- ասաց Ա. Աշոտյանը։ Անբավարար միավոր ստացածների թիվն այս առարկայից 9.5% է, և իրականությանը չեն համապատասխանում շրջանառվող ու տարածվող այն լուրերը, թե մայրենիի քննությունից 40-45%-ն անբավարար է ստացել։ Ըստ այդմ, նոր քննություն կազմակերպելու կամ նվազագույն միավորի շեմն իջեցնելու հարց չի քննարկվում։ «Սահմանված ոչ մի ընթացակարգ չի խախտվի. մենք խստորեն հետևում ենք դրա պահպանմանը, և ծնողների շրջանում տարածվող ու իրականության հետ կապ չունեցող լուրերն ուղղակի լարվածություն են ստեղծում, ինչը փոխանցվում է նաև երեխաներին։ Ասում են նաև, թե հայոց լեզվի թեստերի արտահոսք է եղել։ Մենք փաստացի նույն օրը հերքել ենք այդ լուրերը, դրանց ոչ ճշմարիտ լինելու մեջ կարող էին համոզվել բոլոր հետաքրքրվողները։ Սակայն այսօր ամենածանրակշիռ փաստարկը նաև քննության արդյունքներն են՝ առավելագույն միավորների փոքր թիվը։ Շուրջ 12 հազար շրջանավարտներից առավելագույն՝ 20 միավոր է ստացել ընդամենը 12-ը, 18.5-20 միավոր է ստացել 3.35%-ը։ Իսկ արտահոսքի դեպքում պատկերն այսպիսին չէր կարող լինել»,- մեկնաբանեց ԿԳ նախարարը։ Մայրենիի քննության արդյունքները քննական կենտրոններում կհրապարակվեն այսօր՝ ժամը 17.00-ին, որտեղ էլ վաղը ժամը 10.00-ից սկսած՝ կարելի է իրականացնել բողոքարկում։ «Ծանոթանալով արդյունքներին՝ թե՛ անբավարարների, թե՛ գերազանցների առումով՝ ինքներդ կարող եք համոզվել ասվածում։ Իսկ եթե հարցեր ունեք թեստի առաջադրանքներից, կարող եք բողոքարկել, և մեր մասնագետները դրանք կքննարկեն»,- ասաց Ա. Աշոտյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter