Մեղադրողը 6 տարի ազատազրկում պահանջեց Հակոբ Հակոբյանի համար
1 ժամ 45 րոպե տեւեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի քրեական գործով մեղադրող Հովսեփ Սարգսյանի մեղադրական ճառը:
Չնայած «Յոթի գործը» մասնատվել էր, և բոլոր ամբաստանյալների քրեական գործերը առանձնացվել էին (բացառությամբ Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի), այդուհանդերձ, մեղադրականը վերաբերում էր ինչպես «Յոթի գործով» անցնող բոլոր ամբաստանյալներին, այնպես էլ նրանց հետ առնչվող տարբեր անձանց, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանին:
«Իմ մեղադրականը ե՞րբ է կարդալու»,-նկատեց Հակոբ Հակոբյանը այսօր դատական նիստին:
Այդուհանդերձ, Հովսեփ Սարգսյանը ապացուցված համարեց այն, որ Հակոբ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանի, Սուրեն Սիրունյանի, Մյասնիկ Մալխասյանի, Նիկոլ Փաշինյանի և այլ անձանց հետ կազմակերպել, համակարգել է մարտի 1-ի զանգվածային անկարգությունները, անմիջականորեն հրահանգներ է տվել, Մալաթիայի բնակիչներին Ազատության և Մյասնիկյանի հրապարակներ տեղափոխելու համար նրանց վճարել է 1000-5000 դրամ:
Դատախազը հավաստի չհամարեց Հակոբ Հակոբյանի դատարանում տված ցուցմունքները, ինչպես նաև այն վկաների ցուցմունքները, որոնք հերքել էին նախաքննական մարմնին տված իրենց ցուցմունքները և դատարանում խոստովանել, որ դա արել են նախաքննական մարմնի ներկայացուցիչների ծեծի և ճնշումների արդյունքում:
Հակոբ Հակոբյանին ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի առաջին մասով մեղավոր ճանաչելով` դատախազ Հովսեփ Սարգսյանը պահանջեց նրան ազատազրկել 6 տարի ժամկետով, պատիժը հաշվել ձերբակալման օրվանից: Որպես մեղմացուցիչ հանգամանքներ դիտարկեց նրա առողջական վիճակը, նախկինում դատապարտված չլինելը, արցախյան ազատամարտին մասնակցելը, ինչպես նաև տարբեր շքանշաններով պարգևատրված լինելը: Հակոբ Հակոբյանի գույքի նկատմամբ կալանքը պահանջեց թողնել անփոփոխ:
«Մի տոննա արյուն կա վրեքները, պիտի մարդ փակեն, որ վրեքներից մաքրվի էդ արյունը»,-դատավճիռը լսելուց հետո դահլիճի արձագանքներին պատասխանեց Հակոբ Հակոբյանը:
Հ. Հակոբյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը դատարանից 15 օր ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատավոր Գագիկ Ավետիսյանը փաստաբանին ժամանակ տվեց մինչև երկուշաբթի օրը` հունիսի 15-ը:
«Ինչն է փոխվելու, մի օրն էլ հերիք է, մեկ ա, ոչ մի բան էլ հաշվի չեն առնելու»,-նյարդայնացած հավելեց Հակոբ Հակոբյանը:
«Այստեղ բոլորի մեղադրական եզրակացությունն էր, չհետազոտված ապացույցներ: Ես Ալ. Արզումանյանի և մյուսների դատական նիստերին մասնակից չեմ եղել, մինչդեռ այստեղ բոլորի մեղադրանքն է, բազմաթիվ դատավճիռների վրա հղում կատարվեց, որն ընդհանրապես չի հետազոտվել: Այսօր Հակոբյանին մեղադրում են, որ նա ինչ-որ չափով կանխել է, եթե նա չկանխեր, նրան չէին մեղադրի: Փաստորեն, Հակոբյանը մեղավոր է այնքանով, որ գտնվել է Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան, և նաև որ գտնվել է քաղաքապետարանի հարակից տարածքում և օգնել է, որպեսզի չծեծեն ոստիկանների և «ԲՄՊ»-ն հանեն: Սեփական կարծիք ունենալու համար մարդուն հետապնդում են, խոսքի սահմանափակում է»,-մեկնաբանեց Մելանյա Առուստամյան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել