HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկային փաթեթը կվնասի՞ մանր և միջին բիզնեսին

bostanjyan-90609«Այդ օրինագիծն իր մեջ նախատեսում է ինձ համար ոչ ընկալելի կետեր, մասնավորապես` տնտեսվարող սուբյեկտի մոտ հարկային ծառայություն ունենալու առումով: Օրինագիծն ամբողջությամբ հակասում է տրամաբանությանը, Սահմանադրությանը և լիբերալ հոգեբանությանը: Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր անձ պարտադիր պետք է իր պարտավորությունները կատարի իր երկրի նկատմամբ, սակայն այդ պարտավորությունը չի կարելի շփոթել այսպիսի մոտեցման հետ, ինչը գրված է նախագծում»,- անդրադառնալով հարկային փաթեթին վերաբերող օրինագծին` այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով, համաձայն այս օրինագծի` խոշոր բիզնեսներում նշանակվելիք հարկային տեսուչները տիրապետելու են այնպիսի իրավունքների, որոնք գրեթե հավասար են սեփականատիրոջ իրավունքներին: Ասուլիսի մյուս բանախոսը` տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն էլ նշեց, որ Հայաստանում 2007 թ.-ից ստեղծվել է միակենտրոն տնտեսական համակարգ, որը բյուջեն որպես նպատակ հայտարարելու հետևանք է: Տնտեսագետի կարծիքով, դա շատ մեծ սխալ էր: «Մեծ բյուջեի քաղաքականություն որդեգրելով` իշխանությունը խնդիր էր դնում հավաքելու ամբողջ տնտեսությունն իր ձեռքում: Ստվերային տնտեսության դեմ պայքարի դրոշի ներքո իրականում իրականացվում է սեփականության վերաբաշխոււմ, այդ քաղաքականության առաջին զոհերը դարձան փոքր և միջին բիզնեսները: Տնտեսության բոլոր ոլորտներում այսօր պաշտոնապես անկում կա, բացի մեկից` մանրածախ առևտրաշրջանառության, ինչը հուշում է, որ այնտեղ այնպիսի գումարներ են քամվել, որ այլևս բյուջեն հնարավորություն չունի այդ ոլորտից գումարներ հավաքելու: Ու բնական է, որ հիմա անցնելու է վերջին քայլին և չեկիստներ կամ կոմիսարներ է նշանակելու խոշոր բիզնեսում: Որևէ մեկը դեմ չի ստվերային տնտեսության կրճատմանը, բայց իրականում կառավարության, իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ թե ստվերային տնտեսության կրճատման դեմ է, այլ` ստվերի վերաբաշխման, իսկ դրա լավագույն տարբերակը ամբողջ տնտեսությունից գումարներ հավաքելն ու բյուջե տանելն է»,- ասաց նա: Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթներից մեկում ասել է, որ փոքր և միջին բիզնեսի նկատմամբ ավելի մեղմ մոտեցում պետք է դրսևորվի և ստուգումները վերացվեն: Վարդան Բոստանջյանի խոսքով, սակայն, դրանով լավություն չեն անում, և պարզ է, թե մինչ այդ ինչքան են «խեղդել»: «Հիմա էլ ասում են` էլ չենք ստուգի, տեսեք` ինչքան բարի ենք: Մեզ ավելորդ բարություն պետք չէ, մեզ պետք է, որ մեր փոքր երկիրը լավացնենք: Ինչ վերաբերում է փոքր, միջին բիզնեսի աջակցմանը, հաստատվեց այն համաձայնագիրը, ըստ որի` հիսուն միլիոն դոլարին համարժեք դրամ պետք է տրամադրվեր փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Այնտեղ վերնագրում մենք ունենք «մատչելիություն» բառը: Խոսվում է 24 տոկոսի մասին, և այս դեպքում էլ ի՞նչ մատչելիության մասին է խոսքը: Եթե Ամերիկայի նման պետությունում մեկ շաբաթ գործի վարկավորման այդպիսի տոկոսադրույք, այդ երկիրը գոյություն չի ունենա»,- ասաց նա: Ա. Թևանյանին էլ կառավարությունը զարմացնում է իր անտեղյակությամբ և ոչ կոմպետենտութամբ: «Երբ լսեցի, որ վարչապետն ասում էր, թե` մենք տոնավաճառների աշխատանքները շուտով բարելավելու ենք, որ իրենք շաբաթ-կիրակի օրերին չաշխատեն, հասկացա, որ այդ մարդը չի պատկերացնում նրանց աշխատանքը»,- ասաց նա: Տնտեսագետի գնահատմամբ` փոքր և միջին բիզնեսի համար խնդիրը ոչ թե վարկային ռեսուրսներն են, այլ համընդհանուր սպառման ծավալների անկումը: Նրա կարծիքով` այստեղ խնդիր կա հարկային բեռի թեթևացման, ոչ թե շրջանառու միջոցի տրամադրման, այն էլ այն տոկոսով, որն իրենց ձեռնտու չէ ընդհանրապես: «Շատ դեպքերում կառավարությունը փորձում է օգնություն տրամադրել կազմակերպությունների շարքի, որոնք մեծ քանակի գերավճարներ ունեն պետբյուջեում: Այսինքն` պետությունն իրենց պարտք է և ասում է` եկեք մենք ձեզ վարկ տանք, տոկոսով փող: Մենք առաջարկել ենք` եթե չկա միջոցներ բյուջեում, կարող են հաշվարկման մեխանիզմ մշակել, ըստ որի` մարդիկ այդ գերավճարների չափով հարկային բեռից կազատվեն: Փոքր և միջին բիզնեսի համար ընդհանրապես հարկային արձակուրդներ է պետք տրամադրել, ոչ թե խեղդել այդ մարդկանց, հետո էլ ասել` եկեք ձեզ վարկ տանք,- ասաց նա` հավելելով,- ինչ վերաբերում է տարվա սկզբից թիրախ հայտարարված խոշոր բիզնեսին, ապա եթե որևէ երկրի կառավարություն բիզնեսի որևէ շերտի հայտարարում է թիրախ, ուրեմն այդտեղից բոլշևիկյան պլանային տնտեսության հոտ է գալիս»: «Բիզնեսի որևէ շերտ չի կարող լինել թիրախ, այն պետք է լինի սոցիալապես պատասխանատու: Այսօր տեսակետ կա, թե բոլոր բիզնեսմենները հանցագործներ են, իսկ հարկային ներկայացուցիչները` հրեշտակներ: եթե հարկայինը ներգրավված է բիզնեսի մեջ, իսկ այսօր հարկային մարմինի ներկայացուցիչները կոնկրետ բիզմեսմեններ են, որոնք կոնկրետ հետաքրքրքություններ ունեն շատ կոնկրետ շուկաներում, իրենց չի կարելի վստահել` գինեմոլին չի կարելի գինետուն վստահել: Այդ մարդկանց չի կարելի իրավունք տալ մտնել բիզնեսի մեջ և ունենալ իրենց հետաքրքրություննները»,- ասաց նա: Լուրեր են պտտվում, որ եթե հարկային փաթեթը չանցնի, կառավարությունը հրաժարական է տալու: Սակայն Ա. Թևանյանը վարչապետի փոփոխություն մոտ ապագայում չի կանխատեսում: Նրա խոսքով` վարչապետի փոփոխությունը կնշանակի, որ հանրապետության նախագահը շատ է թուլացել: «Նախագահը փորձելու է ամեն գնով պահել այս վարչապետին, քանի որ վարչապետը ԱԺ-ում քաղաքական գործող հենարան չունի, որն իրեն կախված է պահում հանրապետության նախագահից: Վարչապետն իրականացնում է տնտեսությունը մեկ հոգու ձեռքում պահելու ամբողջ քաղաքականությունը: Նա իրականացնում է մոնոլիտ իշխանության գաղափարական մասը, հլու-հնազանդ կատարում է բոլոր հրահանգները: Նման վարչապետն ուղղակի երազանք է այն քաղաքականության համար, որը որդեգրել է այնպիսի բոլշևիկյան քաղաքականություն, ինչպիսին այսօր է տարվում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter