
Ազգային ժողովի հայտարարությունների ժամանակ այսօր պատգամավորները հանդես եկան առաջարկներով:
ՀՀԿ-ական Հայկ Սանոսյանն իր հայտարարության ժամանակ կարեւորեց Սփյուռքի նախարարության գոյությունը եւ առաջարկեց ԱԺ-ում ստեղծել խորհրդակցական կարգավիճակ ունեցող սփյուռքահայերի պալատ, որը կազմված կլինի սփյուռքահայերից:
«Այն գործուն կերպով կնպաստի հայ ժողովրդի տարբեր հատվածների հայաստանակենտրոն սեւեռմանը, այդ նույն սփյուռքահայերը կլինեն համայնքների դեսպանները Հայաստանում: Եթե մենք սփյուռքի մեր հայրենակիցներին հորդորում ենք գալ հայրենիքում ներդրումներ անել, ապա մենք պարտավոր ենք նրանց համար ստեղծել ներգրավվածության լայն դաշտ»,-նշեց պատգամավորը:
ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը ողջունեց գաղափարը եւ նշեց, որ նման կառույցի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել եւ առաջարկեց` օգտվել ռուսական փորձից եւ ստեղծել պատմական նենգափոխումների ուսումնասիրության եւ դրա վտանգը չեզոքացնող հանձնաժողով ստեղծել, որը նախընտրելի է գործի նախագահին կից:
«Այսօր, երբ թուրքական նենգափոխումները բերում են նրան, որ սկսվում է քննարկվել պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, ճիշտ կլինի նման հանձնաժողով ստեղծել, որ ֆալսիֆիկացիաների այն մասը, որը վնաս է հասցնում հայ ժողովրդին, կարողանանք չեզոքացնել ժամանակին»,-ասաց Վ.Հովհաննիսյանը:
ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանն էլ նշեց, որ պատմական նենգափոխումներ կատարվում են նաեւ Վրաստանի հայերի նկատմամբ, հատկապես դասագրքերում տեղ են գտնում ոչ հավաստի պատմական իրողություններ:
Շիրակ Թորոսյանը նշեց, որ հայ-վրացական սահմանում նշմարվում է նոր երեւույթ` «մարդիկ չեն կարողանում սահմանն անցկացնել հայատառ թերթեր եւ գրքեր: Վրաց մաքսավորներն առանց պատճառների ասում են չի կարելի»: Թորոսյանը առաջարկեց իշխանություններին քննարկումների միջոցով հասկանալ, թե ինչու է վրացական կողմն այդպես վարվում եւ լուծում տալ իրավիճակին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել