HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քարվաճառի քաղաքապետը դատապարտվեց 5 տարի ազատազրկման

Այս վճիռն է երեկ հրապարակել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Մարատ Ավանեսյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, անցյալ տարվա աշնանը Քարվաճառի դատախազությունը քրեական գործ էր հարուցել Քարվաճառի համայնքի ղեկավար, «Տրանս-քար» ՓԲԸ-ի տնօրեն  Ժորա Գրիգորյանի նկատմամբ: «Հետք»-ի խնդրանքով ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանն անդրադառնալով գործի մանրամասներին նշել էր, որ Ժորա Գրիգորյանը պետության կողմից ծրագրված շինարարական աշխատանքներն իրականացրել է իր իսկ ընկերության` «Տրանս-քար»-ի միջոցով, որի արդյունքում նաեւ շուրջ 6 մլն դրամի չափով յուրացում է կատարել: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել 2009թ. փետրվարի 2-ին` արդեն Ժորա Զավենի Գրիգորյանի, Կարինե Հրաչիկի Պետրոսյանի (ընկերության հաշվապահ) նկատմամբ: Մեղադրական եզրակացության համաձայն, Ժորա Գրիգորյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով կրկին անգամ իրեն վստահված գույքը` յուրացման եւ վատնման միջոցով հափշտակելու մեջ, իսկ Կարինե Պետրոսյանն էլ պաշտոնական դիրքն օգտագործելով խոշոր չափերով իրեն վստահված գույքը` յուրացման եւ վատնման միջոցով հափշտակելու մեջ: Ժորա Գրիգորյանը, ըստ մեղադրողի, խոշոր յուրացումներ է կատարել Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդ եւ Նոր Խարխափուտ գյուղերի ջրագծերի կառուցման աշխատանքների արդյունքում, ինչպես նաեւ վաճառել է «Տրանս-քար» ընկերությանը պատկանող շինանյութերը, իսկ Կարինե Պետրոսյանը` կեղծ տվյալներ մտցնելով հրամանագրքերում հաշվարկել է մի քանի աշխատողի աշխատավարձներ, ֆիզարձակուրդային վճարներ` 2մլն 112 հազար դրամի չափով, եւ այն հափշտակել: Երեկ հրապարակելով դատավճիռը, դատավոր Մարատ Ավանեսյանը մասնավորապես նշել է, որ դատարանը որոշել է Ժորա Գրիգորյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում` առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ` 5 տարի ժամկետով ազատազրկում` առանց գույքի բռնագրավման: Կարինե Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (յուրացում կամ վատնում`պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ խոշոր չափերով) նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակվել է տուգանք` 700 հազար դրամի չափով` զրկելով նրան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից`1 տարի 6 ամիս ժամկետով: «Դատարանը որոշել է Ժորա Գրիգորյանից հօգուտ «Տրանս-քար» ընկերության բռնագանձել 5 մլն 715 հազար 500 դրամ, իսկ Կարինե Պետրոսյանից` 2 մլն 122 հազար 268 դրամ` որպես պատճառված վնաս: Դատարանը որոշում է ընդունել նաեւ ԼՂՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Ժորա Գրիգորյանի դեմ հարուցված գործի վարույթը կարճել եւ այդ մասով դադարեցնել քրեական հետապնդումը, քանի որ նա 308-րդ հոդվածով  (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) սահմանված հանցագործության կատարման համար սուբյեկտ չի հանդիսանում»,-նշել է Մ.Ավանեսյանը: Նրա խոսքերով, Ժորա Գրիգորյանը, վատման եւ յուրացման միջոցով կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն` 10 մլն 375 հազար 600 դրամի չափով, որից վատման միջոցով Նոր Խարխափուտ ջրագծի կառուցման աշխատանքներում` 2 մլն 918 հազար 300 դրամ, Նոր Մանաշիդում`1 մլն 741 հազար 800 դրամ, իսկ ընկերության շինանյութերը` 5 մլն 715 հազար 500 դրամի չափով վաճառել է: Ժորա Գրիգորյանի պաշտպան Գարիկ Միքայելյանը «Հետք»-ի հետ զրույցում շեշտել է, որ համաձայն չէ կայացված դատավճռին, եւ այն որակել է անօրեն եւ չհիմնավորված: «Նոր Խարխափուտի մասով ասեմ, որ Ժորա Գրիգորյանը 9 մլն 300 հազար դրամ առձեռը եւ 1 մլն 180 հազարի շինանյութ տվել է շինարար Խաչիկ Սահակյանին: Հիմա պատճառաբանում են, որ նախագծից շեղումներ է եղել, եւ ինքը (Ժորա Գրիգորյանը)  յուրացրել է: Սակայն գումարը գտնվել է Խաչիկ Սահակյանի ձեռքին եւ իրենց միջեւ նախնական որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել` նշված գումարը յուրացնելու կապակցությամբ: Ինչպե՞ս կարելի է մեղադրել այդ մարդուն: Նոր Մանաշիդի մասով` Ժորա Գրիգորյանի փաստարկները դատաքննության եւ նախաքննության կողմից ընդհանրապես չեն ստուգվել` այն հիմնականում կապված է երկրաբանական հետազոտման հետ, առանց որի հնարավոր չէ ապառաժների ամրությունը պարզել»,-նշել է պաշտպանը: Նա գտնում է, որ այդ հետազոտությունը կփոխեր ամեն ինչ: Պաշտպանի կարծիքով, Ժորա Գրիգորյանը պետք է արդարացվի, իսկ «տվյալ քրեական գործով պատճառած վնասի չափը լուծվի քաղաքացիական դատավարական կարգով, այլ ոչ թե քրեադատավարական»: Նույն հիմքերով պաշտպանը պատրաստվում է 1-ամսյա ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնել  Վերաքննիչ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter