
Բիոտեխնոլոգիան կդառնա՞ Արցախի տնտեսության զարգացման հիմնական ճյուղ
Արցախում «Բիոտեխնոլոգիա» ՍՊԸ-ն բիովառարաններ սկսել է արտադրել 2011թ.
հունվարից: Ըստ ընկերության տնօրեն Գեորգի Հայրիյանի՝ արտադրության նպատակն է տեղական հումքից ստացվող բավականին էժան էնեգիան օգտագործել ոչ միայն բիովառարանների արտադրությունում:
Արտադրությունը տեղում կազմակերպելու նպատակներից մեկն էլ այն է, որ աշխատողներին վճարվող գումարները և հարկերը մնում են Արցախում, ինչը պակաս կարևոր չէ: Իսկ մինչ այսօր վճարված հարկերը բավարար են, որ «Բիոտեխնոլոգիա» ՍՊԸ-ն դառնա Արցախում ամենախոշոր հարկատուն:
Բիովառելիք ստանում են բուսական ծագում ունեցող հումքից՝ փայտ, թեփուկներ,տարբեր բույսերի չորացած ցողուններ և այլն: Այն մշակվում է առանց որևէ ավելորդ նույթի ավելացման, որի արդյունքում ստացվում է բիովառելիքը՝ հատուկ չափերի գլանաձև բրիկետների տեսքով:
«Հայկական արտադրության հինգ հաստոց ենք ներկրել Արցախ, որի միջոցով էլ տեղական հումքից արտադրվում են բրիկետները: Հաստոցները ներկրել է մեր ընկերությունը, բայց աշխատանքները ճիշտ և ժամանակին իրականացնելու համար արտադրության գործը հանձնվել է տարբեր կազմակերպությունների: Մենք էլ մեր հերթին ապահովում են արտադրության իրացումը»,- ասում է Գ.Հայրիյանը:
Նա համոզված է, որ բրիկետների արտադրությունը մեծ պոտենցյալ ունի, քանի որ այն հեշտ փոխադրվող ապրանք է և լայնածավալ արտադրություն ապահովելու դեպքում կարելի է մեծ հաջողությամբ արտահանել: «Իրացման խնդիր
չի առաջանա, քանի որ հայաստանյան շուկան միայն մեծ պահանջարկ ունի»:
«Բիոտեխնոլոգիա» ՍՊԸ-ն ներկայում ունի 50 աշխատող, միջին
աշխատավարձը 180 հազար դրամ է: Գ. Հայրիյանն ասում է, որ ցանկություն կա
ավելացնել աշխատատեղերը, միայն թե դա հնարավոր կլինի որոշ ժամանակ հետո:
Բիովառելիքի արտադրությանը կազմակերպվում է տեղում: Ներկայում այն իրականացվում է Արցախի երեք շրջանում՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Ասկերանի շրջանի Ավետարանոց և Քաշաթաղի շրջանի Միջնավան գյուղերում:
Ստեփանակերտում արտադրվող բիովառարանների հզորությունները տարբեր են՝ սկսած 18 կ\վատ-ից (որը ջեռուցում է միչև 240 քառ. մետր տարածք) մինչև 1000 կ\վատ: Մեկ վառարանի գինը սկսվում է 442 հազար դրամից:
Վառարանների արտադրության համար անհրաժեշտ հումքը հիմնականում ներկրվում է Ուկրաինայից ու Ռուսաստանից:
«Միջազգային շուկայում առկա կաթսաները (նույն է, ինչ վառարանները) երկար ուսումնասիրելուց հետո նախապատվությունը տվեցինք «Ռետրա» կազմակերպության արտադրած կաթսաներին: 2011թ. լիցենզիոն պայմանագրի համաձայն՝ այդ նույն կաթսաների արտադրությունը հիմնադրեցինք Արցախում»,- ասում է Գ.Հայրիյանը:
Մինչև արտադրությունը սկսելը տեղի մասնագետները գործուղվել են Ուկրաինայի Ռովնա քաղաքում գտնող «Ռետրա» կաթսաների արտադրամաս և տեղում ծանոթացել արտադրության գործընթացին:
Որոշ ժամանակ անց նույն կաթսաների հեղինակը պատասխան այցով եղել է Արցախում և ինչպես ասում է պրն. Հայրիյանը, արցախցի գործընկերների աշխատանքից գոհ էր:
Ներկայում ընկերության ամենախոշոր պատվիրատուն ԼՂՀ կառավարությունն է, որի պատվերով անցած տարի փորձնական 10 օբյեկտում տեղադրվել են բիովառարաններ: Գ.Հայրիյանի հավաստիացմամբ՝ փորձը ցույց է տվել, որ բիովառարաններով ջեռուցումը երկու անգամ ավելի էժան է, քան գազով ջեռուցումը: «Բիոտեխնոլոգիա» ՍՊԸ-ն մինչ այսօր տեղադրել է 20-ից ավել բիովառարան:
«Պատվերներ ունենք նաև ԼՂՀ պաշտպանության նախարարությունից, «Հայաստան» համահայկական հիմնադրամից, Արցախի ներդրումային հիմնադրամից, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից և ՀՀ պաշտպանության նախարարությունից, որի համար արդեն մեկ զորամասում փորձնական տեղադրել ենք բիովառարաններ»,- ասում է ընկերության տնօրենը:
Գ.Հայրիյանի խոսքերով՝ ծրագիր են ներկայացրել ԼՂՀ կառավարություն, թե ինչպես են տեսնում բիովառելիքի արտադրությունը, անտառների ճիշտ օգտագործման ողջ գործընթացը: Տնօրենը հավաստիացնում է, որ կառավարությունը քննարկում է ծրագիրը:
Ինչ վերաբերում է մասնավոր պատվերներին, ապա պրն. Հայրիյանն ասում է, որ դրանք հնարավոր կլինի իրականացնել միայն պետական բոլոր պատվերները ավարտելուց հետո: ԼՂՀ կառավարությունը նախատեսում է բիովառարանների տեղադրումն ավարտել երեք տարվա ընթացքում:
«Այսօր էլ մասնավոր պատվերներ շատ ունենք: Մարդիկ հասկանում են, որ բիովառելիքը շատ ավելի ձեռնտու է, քան գազը կամ էլեկտրաէներգիան: Միայն թե ի տարբերություն մեծ օբյեկտների, որը ենթադրում է տեղադրում և շահագործում՝ մասնավորի դեպքում կիրականցնենք միայն տեղադրումը»,- ասում է նա:
Պրն.Հայրիյանը համոզված է, որ Արցախում բիոտեխնոլոգիան մեծ նախադրյալներ ունի տնտեսության զարգացման հիմնական ճյուղ դառանլու համար:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել