HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

15 օրով հետաձգվել է hարկային փոփոխությունների փաթեթի նախագծի քվեարկությունը

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց, որ կառավարությունը առաջարկում է 15 օրով հետաձգել hարկային փոփոխությունների փաթեթի նախագծի  քվեարկությունը: Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի եւ օրինագծերի փաթեթը կքննարկի 15 օր անց: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր առավոտյան տեղի ունեցավ քաղաքական ուժերի միասնական քննարկում. «Փորձեցինք մեկ անգամ վերջնականապես ճշգրտել այն բոլոր սկզբունքները, որոնց փորձել ենք անդրադառնալ: Դրա համար առաջարկվեց, որ կառավարությունը որոշակի ժամանակահատված ետ վերցնի»: Իսկ ժամանակահատվածը պետք է, որպեսզի, ինչպես նշեց Այվազյանը, «կոնյակը եւ գինին դուրս հանեն այդ շղթայից, որովհետեւ դա ուղիղ կապ ունի գյուղատնտեսության ոլորտի հետ»: Վարդան Այվազյանը գտնում է, որ պետք է առանձնացվի շահութահարկին եւ ավելացված արժեքի հարկին վերաբերող մասը: Օրինագծի խնդրահարույց կետը` հարկային ներկայացուցչի ինստիտուտը, ինչպես ներկայացրեց Այվազյանը «ընդհանրապես կապ չունի արտադրական պրոցեսի հետ: Կառավարությունը մի հարցադրում է միայն դրել` իրականացնել հսկողություն, ոչ թե վերահսկողություն, առաքվող ապրանքի ծավալի, քանակի եւ գնի վերաբերյալ»: Հարկային ներկայացուցչի ինստիտուտը չի գործելու նաեւ արտահանող ձեռնարկություններում, անկախ արտադրանքի տեսակից. «Մնացել են միայն 4 մլրդ շրջանառություն, 500 մլն ներմուծում իրականացնողները, ենթաաքցիզային ապրանքներից էլ` ծխախոտը, օղին, հիմա քննարկման փուլում է գտնվում գարեջուրը, գինին եւ կոնյակը, որ դրանք էլ դուրս գան, որովհետեւ դրանք տրադիցիոն հայկական արտադրանք են»: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը «Հետք»-ին ասաց, որ կառավարության նման քայլը նորմալ է գնահատում, չնայած. «Կարծում եմ, որ կառավարությունն ընդհանրապես պետք է հրաժարվեր, իսկ եթե այս տակտիկան է որդեգրված, որ հետաձգվի եւ փորձ արվի նոր կոնսուլտացիաներ սկսել, գնահատելի եմ համարում»: Արծվիկ Մինասյանն ուզում է, որ բացասական խոսողների դիրքերում նահանջ չլինի, «որովհետեւ այս փաթեթի նպատակը ոչ թե խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելն է, այլ բիզնեսն ուղղաձիգ պետական կառավարման տակ տանելը եւ պլուտոկրատական հասարակարգի ամրապնդումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter