Դեպի ո՞ւր է գնում Սունդուկյանի թատրոնը` ամսական 3-4 բեմադրությամբ
Նախորդ տարվա դեկտեմբեր ամսվանից Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում հաստիքային ռեժիսորները վերացան` անցնելով աշխատանքի այլ կարգի: Այժմ ռեժիսորները կարող են նախագծեր ներկայացնել, որոնք քննարկվում են թատրոնին կից ստեղծված գեղարվեստական խորհրդի կողմից, նոր հաստատվում կամ ոչ: Սունդուկյան թատրոնի արդեն նախկին ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը դեկտեմբերից սկսած` ութ նախագիծ ներկայացրել է մշակույթի նախարարությանը, վեցը` Սունդուկյանի գեղարվեստական խորհուրդ: Մինչ օրս, սակայն, որևէ պատասխան չի ստացել:
Այսօր «Հայելի» ակումբում բանավիճում էին բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն ու ազգային թատերական ստեղծագործական միավորման ղեկավար, Սունդուկյան թատրոնին կից ստեղծված գեղարվեստական խորհրդի անդամներից Արա Խզմալյանը: Ս. Շահվերդյանը նշեց, որ ինքը հարցադրումներ է բարձրացրել` ուղղված Մշակույթի նախարարությանը:
«Ես փորձում եմ պաշտպանել մասնագետի իրավունքները: Օրերից մի օր եկա թատրոն, ասացին` կներես, դու այլևս չես աշխատում թատրոնում: Նախարարը երբ լուծարում էր թատրոնում գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, խոսում էր մի ձեռնարկի մասին, որ այսուհետև գեղխորհուրդն է որոշում, թե ով է նախագիծ անում: Մի խոսքով, Սունդուկյանն ազատ բեմահարթակ է, անտրեպրիզա է ինձ համար, իսկ անտրեպրիզան ու թատրոնն իրար հետ համահունչ չեն»,- ասաց նա:
Ա. Խզմալյանը, նրան հակադարձելով, նշեց, որ Ս. Շահվերդյանին և Սունդուկյանի մյուս ռեժիսորներին ոչ թե ազատել են աշխատանքից, այլ փոխվել է ռեժիսորի կարգավիճակը թատրոնում:
«Գեղարվեստական ղեկավարի հաստիքը չեն լուծարել, գեղխորհուրդը պետք է նախապատրաստի նոր գեղարվեստական ղեկավարի ընտրություններ, այսինքն` նրա հաստիքը վերացված չէ: Թատրոնը պետք է ունենա գեղարվեստական լիդեր, պարագլուխ, մեկը պիտի պատասխանատու լինի այդ թատրոնի համար: Ի դեպ, անտրեպրիզայի մեջ էլ ես սարսափելի բան չեմ տեսնում»,- ասաց նա:
Այսօր Սունդուկյան թատրոնում ընդամենը ամսական 3-4 ներկայացում է խաղացվում, ինչը, Ս. Շահվերդյանի համոզմամբ, լուրջ խնդիր է: «Երբ հարցնում եմ, թե երբ պիտի խաղանք իմ ներկայացումները, ասում են` խաղացանկում 30 ներկայացում կա, քոնի հերթը տարվա վերջում նոր կհասնի: Վերջին անգամ իմ ներկայացումը խաղացվել է փետրվարի 17-ին»: Ս. Շահվերդյանը գտնում է, որ այսօր հստակ միտում կա թատրոնը դարձնել ազատ մի տարածք, որտեղ ներկայացումներ չեն խաղացվում, այլ վարձակալվում են: Դա ակնհայտ է այն բանից, որ ամիսը 3-4 ներկայացում է խաղացվում:
Ա. Խզմալյանը նրան հակադարձեց` նշելով, որ թատրոնի տնօրենն ինքն էլ մեծ ցանկություն ունի, որպեսզի ներկայացումները խաղացվեն, սակայն խնդիրը բեմի ծանրաբեռնվածությունն է:
Մինչդեռ, ինչպես շեշտեց նաև Ս. Շահվերդյանը, այլ թատրոններում, օրինակ ռուսականում, շաբաթական 4-5 ներկայացում է խաղացվում, իսկ ամիսը մեկ անգամ ներկայացման պրեմիերա են ունենում:
Ի դեպ, Ս. Շահվերդյանին առաջարկ է եղել Գավառից` այնտեղ աշխատելու և իր նախագծերն իրականացնելու, որպեսզի տեղի երիտասարդությանը խթանեն: Ս. Շահվերդյանը դեմ չէ այս առաջարկին, առայժմ սպասում է պայմաններին ծանոթանալուն:
«Դա չի նշանակում, որ ես գնալու եմ այնտեղ, մշտական աշխատեմ: Ես կառաջարկեմ մի մեծ և հետաքրքիր նախագիծ այնտեղ անել, տեսնեմ` կմերժե՞ն, թե՞ ոչ: Ընդհանրապես, դեկտեմբեր ամսից անընդհատ ես նախարարին հանդիպում ու ներկայացնում եմ իմ նախագիծը, հաջորդ հանդիպման ժամանակ նա ասում է` չհասցրի կարդամ, մի հատ նորից ներկայացրու կամ նոր պրոյեկտ ներկայացրու: Դա լուրջ մոտեցում չէ»,- ասաց Ս. Շահվերդյանը:
Սունդուկյան թատրոն իր նախագծերը ներկայացնելիս Ս. Շահվերդյանը նշել է, որ եթե մեծ բեմը զբաղված է, ինքը կարող է նախագծերն իրականացնել թատրոնի ձմեռային այգում, ինչպես նրա «Աղախինները» ներկայացման ժամանակ: Սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:
Ա. Խզմալյանին դուր չի գալիս, երբ Ս. Շահվերդյանը վատ կանխատեսումներ է անում թատրոնի ապագայի մասին` նշելով, թե թատրոնը գլորվում է ցած: «Եթե ամսական երեք ներկայացում է խաղացվում թատրոնում, ո՞ւր է գլորվում թատրոնը»,- հակադարձեց Ս. Շահվերդյանը:
17 հոգանոց գեղխորհուրդը գործում է արդեն մի քանի տարի. ի՞նչ է շահել թատրոնը դրանից: Այս հարցին ի պատասխան` Ս. Շահվերդյանն ասաց` ամիսը երեք ներկայացում:
Ա. Խզմալյանն էլ հարցին պատասխանելով` նշեց, որ Սունդուկյան թատրոնին նոր շունչ է պետք, և այս ընտրված տարբերակն արագ կհասցնի դրան: «Նույնիսկ եթե ամիսը երեք ներկայացում է խաղացվում, կարծում եմ, որ ամեն ինչ պետք է ընկալենք ընթացքի մեջ: Մեծ փոփոխոթյուններ դուք մի սպասեք, կա ժամանակ, կա ընթացք, ճանապարհը ճիշտ է: Եկել են նոր բեմադրություններ, նոր ռեժիսորներ, շփում կա, օրինակ` Վահան Բադալյանի, Արմեն Էլբակյանի շփումը Սունդուկյանի դերասանների հետ: Շփումն է խնդիրը»,- ասաց նա:
Այդ «շփում» ասվածը, սակայն, Ս. Շահվերդյանի համար ծիծաղելի է, քանի որ «Հայաստանում ոտքից գլուխ 70 դերասան կա, որոնք միշտ էլ շփվում են իրար հետ: Իսկ «շփում» ասվածն ընդամենը արտահայտություն է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել