HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Կաննի միջազգային կինոփառատոնին Հայաստանի ազգային կինոկենտրոնի 30 ֆիլմ է մասնակցել

10_06-cannesՀայաստանի ազգային կինոկենտրոնը Կաննի միջազգային կինոփառատոնին մասնակցության արդյունքում ավելի քան 30 առաջարկ, պայմանավորվածություն, փառատոների հրավերներ է ստացել: Կաննի կինոփառատոնին ներկայացվել է 2006 թ. ի վեր Հայաստանի ազգային կինոկենտրոնի արտադրած շուրջ 30 անուն գեղարվեստական ու կարճամետրաժ ֆիլմ, մուլտֆիլմ: Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Հայաստանի ազգային կինոկենտրոնը առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է մայիսի 12-22-ը Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած կինոշուկային: «Մենք մեծ ակնկալիքներ չունեինք էլ, որ Հայաստանը հիմա գնաց, ու անմիջապես ֆիլմերը կվաճառվեն: Չգիտեինք նույնիսկ, թե այնտեղ ինչ հետաքրքրություն կլինի հայկական կինոյի նկատմամբ: Մեր տաղավարը շատ համեստ էր: Բայց, ի ուրախություն մեզ, պիտի ասեմ, որ մեր տաղավարը միշտ մարդաշատ էր, միշտ աշխույժ: Մեր սպասելիքներից էլ ավելին էր»,- ասաց Գևորգ Գևորգյանը: Նա նշեց, որ փառատոնը հաջող էր հայկական պատվիրակության համար. եղել են և' տարածման, և' փառատոնային շատ առաջարկներ: «Վիգեն Չալդրանյանի ֆիլմն ընդունվեց Սեուլի փառատոնին: Ասիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնն առաջարկեց մեր բոլոր կարճամետրաժ ֆիլմերը ներկայացնել իրենց փառատոնին: Մարոկկոյի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը մեր անիմացիոն ֆիլմերը վերցրեց` իրենց փառատոնին ներկայացնելու համար: Գերմանական ինտերնետային տարածման ընկերությունն առաջարկեց կազմակերպել «Քրմուհի», «Սահմանը», «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմերի տարածումը, վերցրեց փաթեթները, որի առաջարկները հետո կստանանք»,- ասաց Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքերով, կինոփառատոնի մյուս մասնակիցները զարմացել են, որ Հայաստանը սուղ միջոցներով 2006 թ. ի վեր այդ քանակությամբ ֆիլմեր է կարողացել ներկայացնել: «Մենք բացատրեցինք, որ մեր պետությունը ֆինանսավորում է ոչ թե ամբողջ նախագծերը, այլ աջակցում է ֆիլմերին, և դրա հիման վրա մենք կարողանում ենք համատեղ ֆիլմեր արտադրել: Դրա համար մենք մի քանի կարճամետրաժ, դոկումենտալ, մուլտիպլիկացիոն ֆիլմեր ենք նկարում»,- ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրենը: Նա Կաննի փառատոնի ամենամեծ ձեռքբերումներից համարեց կինոկենտրոնի պատասխանատուների և Ֆրանսիայի ամենամեծ տարածողներից մեկի` Ալան Թերզյանի հանդիպումներն ու բանակցությունները: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Ալան Թերզյանը կայցելի Հայաստան, և Հայաստանի կինոկենտրոնը կշարունակի բանակցությունները վերջինի հետ` իր ֆիլմերի տարածման վերաբերյալ: Հանդիպում է եղել նաև կինոարտադրող Կորյուն Ափրիկյանի հետ: Վերջինս այսօր առաջարկություն է արել Հայաստանի ազգային կինոկենտրոնին` համագործակցել և պայմանագիր կնքել Ֆրանսիայի SNS ընկերության հետ: «Նման պայմանագիր Ֆրանիսայի հետ ունեն բազմաթիվ երկրներ: Մենք վաղուց պիտի նման պայմանագիր կարողանայինք կնքել, որովհետև սա բավականին մեծ արտոնություններ է տալիս ոչ միայն կինոարտադրողներին` ֆինանսներ ներգրավելու առումով, այլև այն հեղինակներին, ովքեր կմասնակցեն այդ նախագծերին: Եթե ֆիլմը նկարահանվում է 80 %-ի չափով Ֆրանսիայում, և 20 %-ի չափով հայկական ստուդիայի կողմից, ապա այս դեպքում հայ դերասանները և տեխնիկական աշխատողները հավասարեցվում են ֆրանսիացիներին: Այսինքն` եթե մենք կարողանանք 20 %-ով մասնակցել ֆիլմին և դառնալ ֆիլմի համահեղինակ, մենք կօգտվենք ֆիլմի տարածման բոլոր հնարավորություններից` վարձույթ, վիդեո, հեռուստատեսային ցուցադրումներ, որոնք բավականին թանկ արժեն: Եվ մենք հնարավորություն կունենանք լրացուցիչ միջոցներ ունենալ հաջորդ ֆիլմերի համար»,- ասաց Ազգային կիոնկենտրոնի տնօրենը: Նա նշեց, որ վերոնշյալ բոլոր 30 ֆիլմերը ցուցադրվել են Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նաև ուղարկվել են մարզեր և սահմանամերձ գյուղեր: Գևորգ Գևորգյանի խոսքերով, ի տարբերություն այլ երկրների, հայկական հեռուստաընկերությունները ոչ միայն իրենց չեն վճարում ֆիլմերը ցուցադրելու համար, այլև համարում են, որ ընդառաջում են կինոարտադրողին` դրանք ցուցադրելով: Հայկական պատվիրակությունը նաև մասնակցելու է հունիսի 19-ին մեկնարկելիք Մոսկվայի ամենամյա միջազգային կինոփառատոնին: Փառատոնի հատուկ հրավերով կկազմակերպվի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի յոթ ֆիլմերի` «Սահմանի», «Պոետի վարադարձի», «Վավերագրողի», «Կոնդի», «Վերջին կայարանի», «Վերադարձ ավետյաց երկիր»-ի և «Սպիտակ քաղաքի» հետահայաց ցուցադրությունը: Մոսկովյան կինոփառատոնին կներկայացվի նաև Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» լիամետրաժ ֆիլմը: Մոսկովյան կինոփառատոնից հետո հայկական պատվիրակությունը մասնակցելու է Սանկտ-Պետերբուրգի, Սեուլի և Վենետիկի կինոփառատոներին: «Այս տարին լավ է սկսվել մեզ համար. փառատոնային տարի է: Ազգային կինոկենտրոնը քայլեր է անում: Ֆիլմերի արտադրությունը ավելացնում ենք: Արդեն պտուղները սկսում են երևալ»,- ասաց Գևորգ Գևորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter