HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Կառավարությունը սահմանափակումներ է մտցնում «Զենքի մասին» օրենքում

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանն այսօր ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ նախատեսվում է սահմանափակել որպես պարգեւ տրվող զենքի շրջանառությունը: Պաշտպանության նախարարը, Ոստիկանության պետը եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ըստ «Զենքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի, իրավունք ունեն զենքով պարգեւատրել ինչպես ենթակա զինծառայողներին, այնպես էլ երրորդ անձանց: Օրենքի փոփոխությունները վերոնշյալ պաշտոնատար անձանց իրավունք են վերապահելու զենքով պարգեւատրել բացառապես իրենց ենթակա ծառայողներին: Պաշտպանության նախարարն իրավունք կունենա զենքով պարգեւատրել բացառապես պաշտպանության եւ ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություն մատուցած զինվորականներին: Ոստիկանության պետը` ծառայողական պարտականությունները եւ հատուկ առաջադրանքները գերազանց կատարած ոստիկանության ծառայողներին, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ՀՀ-ին նշանակալի եւ բացառիկ ծառայություններ մատուցած ազգային անվտանգության ծառայողներին: Մաքսային, հարկային եւ փրկարար ծառայությունների պետերի իրավասություններից էլ հանվում է անվանական զենքով պարգեւատրելու իրավունքը: ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանը հարցրեց, թե օրենքն ազդելու՞ է, արդյոք, նախկինում պարգեւատրված եւ վերոնշյալ ստորաբաժանումներում չաշխատած անձանց վրա: Հունանյանը պատասխանեց, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենալու, այսինքն՝ պարգեւատրված երրորդ անձինք շարունակելու են զենք ունենալ: Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը նշեց, որ օրենքը միտում ունի սահմանափակելու զենքի տարածումը Հայաստանում. «Մենք գիտենք, թե որքան խնդիրներ են առաջանում այդ իմաստով, դեռեւս բավականին զենք կա տարբեր անձանց մոտ, եթե կա զենք, կա նաեւ դրա կիրառման վտանգը»: Հրայր Կարապետյանը նշեց, որ հանձնաժողովի անդամների մոտ հարց է առաջացել, թե ինչու ՀՀ նախագահը եւ վարչապետը իրավունք ունեն զենք նվիրելու, իսկ ԱԺ նախագահն անտեսված է. «Կամ մտցնենք ԱԺ նախագահին, կամ էլ վերապահենք այդ գործառույթը միայն նախագահին»: Հունանյանը պատասխանեց, որ միջնորդության դեպքում կքննարկեն առաջարկը: Նախագիծը քվեարկության կդրվի վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter