HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հովհաննես Գալստյան. « Հայաստանում հեռուստաընկերությունների ֆիլմային քաղաքականությունը շատ վատն է»

«Հայաստանում հեռուստաընկերությունների ֆիլմային քաղաքականությունը շատ վատն է: Հեռուստաընկերություններում կան մարդիկ, որոնք վարում են ֆիլմային քաղաքականություն և ասում են, որ «մենք ցուցադրում ենք այն ֆիլմերը, որոնք հետաքրքիր են ժողովրդին»: Իրենք սխալ են հասկանում` ժողովուրդը ինչ ֆիլմեր է ուզում նայել»,- ասաց «Խճճված զուգահեռներ» ֆիլմի ռեժիսոր և գլխավոր պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ` անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ Հայաստանի հեռուստադիտողը չի տեսնում կամ ամենավերջինն է տեսնում Կաննի միջազգային կինափառատոնում ցուցադրված հայկական ֆիլմերը: Հովհաննես Գալստյանը նշեց, որ հեռուստաընկերությունը «ընդհանուր ինչ-որ ամորֆ բան չէ», և տվյալ հեռուստաընկերության ֆիլմային քաղաքականության համար պատասխանատու է կոնկրետ մարդ: Այդ մարդը, ռեժիսորի համոզմամբ, «վարում է սխալ քաղաքականություն: Չեմ հասկանում` ինչի համար, բայց ինքը սկսում է ցուցադրել այն ֆիլմերը, որոնք, ըստ իրեն, հեշտ ընկալելի են և այլն: Ես կուզեի, որ բոլոր հեռուստաընկերություններն ունենային գոնե մեկ մասնագետ, մեկ Զավեն Բոյաջյան, որը ցույց կտար մեկ «8 ու 1/5»: Խնդիրն անհատներն են: Եթե հեռուստաընկերությունների ղեկավարները կինեմատոգրաֆիական ճաշակով մարդիկ գտնեն, դրանից կօգտվեն»,- ասաց Հովհաննես Գալստյանը: Ըստ ռեժիսորի, սակայն, «սխալ ֆիլմային քաղաքականության» խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև շատ այլ երկրներում, օրինակ` Ռուսաստանում: Իսկ ահա Ֆրանիսան վարում է ֆրանսիական կինոյի աջակցության հատուկ պետական քաղաքականություն: Ըստ Հովհաննես Գալստյանի` երեք ուղղությամբ պետք է աշխատել. «Առաջին` պետք է նկարել ավելի լավ ֆիլմեր, որպեսզի դրանք հասնեն հանդիսատեսին: Երկրորդ` պետք է հեռուստաընկերությունների հետ հետևողականորեն աշխատանք տանել, որ իրենք իրենց վատ կարծիքը հանդիսատեսի մասին չդարձնեն օրենք, որովհետև երբ վատ ֆիլմը շատ և երկար ես ցույց տալիս, մարդիկ սկսում են ընդունել դա որպես միակ գործող տարբերակ: Եվ երրորդը` իհարկե, պետք է պետությունը մի քիչ միջնորդի, որ ազգային կինոն ավելի հեշտ հասնի հանդիսատեսին: Հայկական կինոյի վարկը ամբողջ աշխարհում այնպիսին չէ, ինչպիսին մենք կուզեինք, որ լիներ»: Հովհաննես Գալստյանը համոզված է, որ, ըստ չգրված օրենքի` լավ ֆիլմերն անպայման հասնում են հանդիսատեսին: «Լավ ֆիլմը կկոտրի բոլոր սահմանները: Լավ ֆիլմերի մեծ պահանջարկ կա ամբողջ աշխարհում: Լավ ֆիլմեր ամբողջ աշխարհում քիչ են ստեղծվում»: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ունենք այնպիսի դերասանական ներուժ, որ համաշխարհային չափանիշներին համարժեք քայլենք, ռեժիսորն ասաց, որ իր «Խճճված զուգահեռներ» ֆիլմի ողջ դերասանական կազմը ոչ պրոֆեսիոնալ է` բացի Սերժ Ավետիքյանից: Նրա կարծիքով, ավելի լավ է նկարահանել ոչ պրոֆեսիոնալ դերասանների, քան պրոֆեսիոնալների, որոնց պատկերացումներին չի համապատասխանում այն ֆիլմը, որը դու ես ուզում նկարահանել: «Մի հատ վատ դերասանական դպրոց ունեինք, որովհետև թատրոնը բերում էին կինո: Հիմա ունենք երկրորդ վատ դերասանական դպրոցը, որովհետև սերիալներում են խաղում: Ինչքա՞ն լավը պետք է լինեն, որ այդ երկուսից էլ անցնեն ու մտնեն մեծ կինո: Իրենք շատ չեն նկարվում, որ հասկանան, որ կինոյում խոշոր պլան գոյություն ունի, որը ցույց է տալիս իրենց դեմքը 6-9 մետրի վրա, և այն, ինչ իրենք անում են բեմի վրա, չի կարելի անել խոշոր պլանի հետ: Սրանք բաներ են, որոնք այդ դերասանները փորձի դեպքում են ձեռք բերում»,- ասաց ռեժիսորը: Հովհաննես Գալստյանը, ով ներկայացնում է «Պարալլելս ֆիլմ պրոդաքշն» կինոընկերությունը, ասաց, որ այն 6 տարի շարունակ արտադրել է մեկ ֆիլմ` «Խճճված զուգահեռները»: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է հունիսի 19-ին մեկնարկելիք Մոսկվայի միջազգային կինոփառատոնին: «Մենք 6 տարի ֆիլի արտադրության վրա ենք աշխատել, և ես համոզված եմ, որ ևս մի տարի ես աշխատելու եմ միայն ֆիլմի տարածման վրա: Ֆիլմերի շուկան սարսափելի բարդ ու շատ դաժան միջավայր է, որտեղ քեզ չեն ասում, որ «դու պետք է շուտ առնես քո տաղավարը» նրա համար, որ դու խնդիր ունենաս, քո ֆիլմը չներկայացնես: Կաննի ֆիլմերը ավելի լավը չեն, քան մեր ֆիլմերը: Ասում ենք, որ մեր ռեժիսորները լավ ֆիլմեր չեն նկարում: Բայց այդ պրոբլեմն ամբողջ աշխարհում է: Նայեք ռուսներին: Մեր ֆիլմը տպում էինք Մոսկվայի լաբորատորիայում, և լաբորատորիայի կանայք, որոնք հավաքում էին ֆիլմը, ասում էին. «Մենք Ռուսաստանում 10 տարի է չէինք տեսել, որ կադրերը լինեին կինոյի նման, կադրում անպայման մեքենա էր պայթում»: Բայց մենք մեր ֆիլմերը չենք կարողանում վաճառել, որովհետև ոչ ոք այդ միջանցքը մեզ համար չի բացում»,- ասաց Հովհաննես Գալստյանը: Նրա համոզմամբ, Հայաստանում կինոյի շարունակականության համար այսօր երաշխավոր «միակ կառուցը Ազգային կինոկենտրոնն է», որի անձնակազմը «սարսափելի հարված» կրեց «Հայֆիլմի» սեփականաշնորհումից հետո: «Որովհետև «Հայֆիլմը» սեփականաշնորհվեց շատ միակողմանի ձևով ու շատ կոմերցիոն կառույցի կողմից, որը պատասխանատվություն չի կրում ազգային կինեմատոգրաֆի համար, որովհետև չունի Հայաստանի իմիջի մասին մտահոգվելու խնդիր»,- ասաց ռեժիսորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter