HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանի բիզնես պրոյեկտն է

poak

«Հետքի» մայիսի 4-ի համարում անդրադարձել էինք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գործող «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում տիրող իրավիճակին, որի տնօրեն գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը պետական կառույցում է տեղավորել իր ազգականների զգալի մասին եւ նրանց համար սահմանել բարձր աշխատավարձեր: Տնօրենի աշխատավարձը նույնպես շատ բարձր է մոտ 1 միլիոն դրամ (Տես հոդվածը` «Պետական կառույցը դարձրել են ազգականների աշխատանքի տեղավորման գործակալություն»):

Մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ փորձեր ենք արել հանդիպել ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, սակայն, ապարդյուն: Քանի որ ՊՈԱԿ-ը գտնվում է Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ, մայիսի 13-ին հանդիպեցինք Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի հետ: Նա խուսափեց իր անունից պարզաբանում տալ` ասելով, որ այդ ամենի պատասխանատուն Աշոտ Պետրոսյանն է, թող ինքն էլ հարցերին պատասխանի: Նախարարին խնդրեցինք, այդ դեպքում հանդիպում կազմակերպել Աշոտ Պետրոսյանի հետ, սակայն Մհեր Շահգելդյանը կտրուկ դեմ եղավ բանավոր հարցազրույցին, ասելով, որ հարցերը գրավոր տարբերակով իրեն փոխանցենք, ինքն էլ կփոխանցի Աշոտ Պետրոսյանին եւ կարճ ժամանակահատվածում պատասխանը կստանանք: Այդպես էլ արեցինք,  եւ մայիսի 15-ին 7 կետից բաղկացած հարցաշարն ուղարկեցինք Մհեր Շահգելդյանին:

Ժամանակ առ ժամանակ հեռախոսազանգով փորձում էինք իմանալ, թե ինչ ընթացքի մեջ է մեր հարցումը, Արտակարգ իրավիճակների նախարարությունից ասում էին, թե այդ հարցով զբաղվում են եւ անպայման տեղեկատվությունը կտրամադրեն այսօր կամ ամենաուշը վաղը: Նախարարության խոստացած «այսօր-ը կամ վաղ-ը» տեւեց ուղիղ 24 օր՝ հունիսի 8-ին:  Նշենք միայն, որ մեր հարցերի  մի մասը մնացել են անպատասխան եւ դրանց ՊՈԱԿ-ը չի անդրադարձել:

Ներկայացնում ենք մեր հարցերն ու ՊՈԱԿ-ի պատասխանները: Մեր առաջին հարցը վերաբերում էր «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատավարձին, որըը կազմում է մեկ միլիոն դրամ: Հարցրել էինք, թե ինչպե՞ս Է ձեւավորվել աշխատավարձի չափը եւ ինչով է պայմանավորված աշխատավարձի նման բարձր չափը: Աշոտ Պետրոսյան- «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատողների աշխատավարձի ֆոնդը գոյանում է պետբյուջեից ստացվող ֆինանսավորման  միջոցների եւ իր կանոնադրությամբ սահմանված, օրենքով սահմանված կարգով` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արդյունքում ստացված միջոցների որոշակի մասն աշխատավարձի ֆոնդ ուղղելու հաշվին:

Հիմք ընդունելով պատասխանատվության աստիճանն ու գործունեության անհրաժեշտությունը, ՊՈԱԿ-ի տնօրենը գոյացած շահույթի որոշակի մասը կարող է ծառայեցնել  ինչպես տեխնիկական միջոցների ձեռքբերմանը, այնպես էլ աշխատավարձերի բարձրացմանը: Միաժամանակ, համակարգում ընթանում է աշխատավարձերի նվազման գործընթաց»:

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1 կետի համաձայն, «Պետական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով պետական կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա»:

Իսկ 2-րդ կետով  նախատեսված է, որ «Պետական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը»: Միեւնույն ժամանակ, հոդված 11-ի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ . «Պետական կազմակերպության կանոնադրությունը պետք է ներառի  պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը»: Իսկ  «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» կանոնադրության մեջ ուղղակիորեն նշված չէ, թե ձեռնարկատիրության արդյունքում ստացված շահույթն ինչի վրա կարող է ծախսվել: Օրինակ, Կանոնադրության կետ 17-ում գրված է միայն, որ «Կենտրոնի ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար»:

Այսինքն, ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանի ու այլ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում` շահույթի գումարների հաշվին, կանոնադրությամբ ուղղակի նախատեսված չէ: Փաստորեն աշխատավարձերի բարձրացումը  ստացված շահույթի միջոցներից ոչ թե կանոնադրության պահանջն է, այլ Աշոտ Պետրոսյանի անձնական ցանկությունը: Ինչ վերաբերում է Աշոտ Պետրոսյանի աշխատավարձի չափին, ապա  նա ստանում է ոչ թե 1 միլիոն դրամ, ինչպես նախորդ անգամ էինք գրել, այլ 1 միլիոն 200 հազար դրամ:

Միգուցե օրենքով սահմանված աշխատավարձի չափը ավելի պակաս է, բայց քանի որ ՊՈԱԿ-ը «ձեռնարկատիրական» գործունեությամբ է զբաղվում եւ շահույթ ստանում, դրա արդյունքում էլ տնօրենն ինքն իրեն բարձր աշխատավարձ է սահմանել ու այդ ամենին կառավարության անդամ Մհեր Շահգելդյանը հանգիստ է վերաբերել:

Գրավոր հարցումով մենք պահանջել էինք նաեւ ՊՈԱԿ-ի աշխատողների աշխատավարձերի չափը հաստատող ցուցակը, սակայն Աշոտ Պետրոսյանը այն չի տրամադրել: Նշել էինք նաեւ, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում» են աշխատում Աշոտ Պետրոսյանի մի շարք ազգականները` դուստրը, փեսան, հորեղբոր որդին, հորեղբոր թոռը, քրոջ ամուսինը, սանիկը եւ այլն: Նրանց զգալի մասն իրենց կրթությամբ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին: Հարցրել էինք, թե ինչպե՞ս է ստացվել, որ համապատասխան կրթություն չստանալով, նրանք զբաղեցնում են այդ պաշտոնները:

Այս հարցի պատասխանում գրված է. «Տնօրեն Աշոտ Պետրոսյանի դուստրը` Սերինե Պետրոսյանը, աշխատում է ՊՈԱԿ-ում որպես տնօրենի օգնական: Ավարտել է ԵՊՀ-ի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը, 2000-2005 թթ.աշխատել է «Հայէկոնոմբանկում»: Այսօր, սակայն, նրա աշխատանքային հետագա գործունեության հարցը դրվել է վերանայման: Հորեղբոր որդին` Հովհաննես Պետրոսյանը, այս համակարգում աշխատում է որպես վարորդ: Նա 1991 թվականից ծառայել է առաջին դեսանտագրոհային գնդում եւ Աշոտ Պետրոսյանի հետ համատեղ անցել է մարտական ուղի: Ինչ վերաբերում է տնօրենի փեսային, ապա նա չի աշխատում ՊՈԱԿ-ում: Եթե համակարգում կան Պետրոսյան ազգանունով աշխատողներ, ապա դա դեռ չի նշանակում, որ որեւէ ազգակցական կապ պետք է ունենան Աշոտ Պետրոսյանի հետ»,- ներկայացված է ՊՈԱԿ-ի պատասխանում:

Սակայն, դարձյալ պնդում ենք, որ մեր հիշատակած Պետրոսյաններն իրոք Աշոտ Պետրոսյանի ազգականներն են եւ բարեկամները: Մեկ անգամ եւս ներկայացնում ենք նրանց անունները`Սամվել Պետրոսյան (հորեղբոր թոռն է), աշխատում է վերլուծության վարչությունում, որպես առաջատար մասնագետ, Անահիտ Պետրոսյանը (ազգականն է), աշխատում է որպես ուսումնամեթոդական եւ կանոնակարգերի մշակման վարչության առաջատար մասնագետ: Նշենք, որ այս վարչության հիմնական պարտականությունը կանոնակարգեր մշակելն է, սակայն մինչ օրս ոչ մի կանոնակարգ չեն մշակել: Ժորա Պետրոսյանն ընդհանուր բաժնի պետն է եւ Աշոտ Պետրոսյանի հորեղբոր որդին է, Վլադիմիր Հովսեփյանն էլ փորձաքննության վարչության պետն է եւ ՊՈԱԿ-ի տնօրենի սանիկը, Հայկ Թովմասյան փորձագետ է (Աշոտ Պետրոսյանի քրոջ ամուսինն է) եւ այլն:

Ինչ վերաբերում է փեսային, այսինքն Սերինե Պետրոսյանի ամուսնուն, որ նա իբր չի աշխատում ՊՈԱԿ-ում, դարձյալ պնդում ենք, որ նա աշխատում է այնտեղ եւ ստանում բարձր աշխատավարձ: Տեղեկացնենք, որ Սերինե Պետրոսյանն ամսական ստանում է 600 հազար դրամ աշխատավարձ եւ այսօր գործազուրկ է դառնում, ոչ այն պատճառով, որ Աշոտ   Պետրոսյանն է այդպես ցանկանում: Մեր տեղեկություններով, նախորդ մեր հոդվածից հետո,  Ա. Պետրոսյանին «ստիպել» են ազատվել իր որոշ բարեկամներից, ներառյալ աշխատանքից ազատել դստերը` Սերինե Պետրոսյանին: Եթե բավարարվեր մեր պահանջը եւ տրամադրեին հաստիքացուցակը, կարող էինք մեկ առ մեկ թվարկել տնօրենի բոլոր բարեկամների անունները:

Նշենք նաեւ, որ Աշոտ Պետրոսյանի շատ բարեկամներ էլ աշխատում են ՊՈԱԿ-ի մարզային կառույցներում: Մեր հարցման մեջ նաեւ նշել էինք, որ Աշոտ Պետրոսյանը եւ ՊՈԱԿ-ի այլ պաշտոնյաներ օգտվում են թանկարժեք արտասահմանյան մակնիշի ծառայողական ավտոմեքենաներից, ինչը ենթադրում է ավտոմեքենաների սպասարկման բարձր ծախսեր եւ այլն:

Հարցրել էինք, թե ինչո՞վ է արդարացված պետական բյուջեի հաշվին նման շռայլությունը, ինչպես նաեւ, ՊՈԱԿ-ը քանի՞ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա ունի, ե՞րբ են դրանք ձեռք բերվել ու ի՞նչ կարգով: Այս հարցի պատասխանն էլ ամբողջական չէ եւ նկատելի է, որ խուսափել են հարցին պատասխանել:

carcar4

«ՊՈԱԿ-ն ունի արտասահմանյան մակնիշի միջին դասի ավտոմեքենաներ, որոնք ձեռք են բերվել ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին, լիազոր մարմնի թույլտվությամբ, մինչեւ Արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծումը: Այդ ավտոմեքենաները հիմնականում ծառայում են ՊՈԱԿ-ի կանոնադրական խնդիրներն իրականացնելու համար: Ի դեպ, ֆինանսական ճգնաժամի ներկայիս պայմաններում այդ մեքենաներից երկուսի օգտագործումը սահմանափակվել է, կոնսերվացված է: Իսկ պահպանության ծախսերն իրականացվում են ոչ բյուջետային միջոցների հաշվին»,-գրված է ՊՈԱԿ-ի պատասխանում:

Նախ, նշենք այն արտասահմանյան ավտոմեքենաների անունները, որը համարում են «միջին դասի»:  Wolswagen Tuarek` շուկայական գինը սկսվում է 52 հազար ԱՄՆ դոլարից, Wolswagen Passat` 35 հազար ԱՄՆ դոլար, Wolswagen jetta 25 հազար դոլար եւ այլն: Նշենք, որ այժմ Մհեր Շահգելդյանն օգտվում է նախկինում ՊՈԱԿ-ին պատկանող Wolswagen Passat ծառայողական ավտոմեքենայից: Զարմանալի է նաեւ, թե ի՞նչ միջոցներով են գնվել եւ եթե ոչ պետությունը, ապա ո՞վ է վճարում ավտոմեքենայի սպասարկման, վառելանյութի եւ այլ գումարները: Մեր գրության մեջ նաեւ տեղեկացրել էինք, որ խմբագրություն են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք դժգոհում են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» կողմից ցուցաբերվող խտրական վերաբերմունքից: Մասնավորապես, նույն փորձաքննությունը տարբեր մարդկանց համար տարբեր արժեք ունի: Նմանատիպ են վարվում նաեւ ՍՊԸ-ների դեպքում: Հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է որոշվում փորձաքննությունների գինը:

«ՊՈԱԿ-ում գործում է փորձաքննության համար սահմանված սակագներ, որոնք ելնում են փորձաքննության օբյեկտի կառուցվածքից, բարդության աստիճանից եւ այլն: Գնագոյացման չափանիշներն ու մեթոդաբանությունն ընդհանուր են բոլորի համար եւ ունիֆիկացված են: Որոշ դեպքերում սակագներն ավելի ցածր են սահմանված, քան փորձաքննության ինքնարժեքն է: Օրինակ, վերելակների փորձաքննության ինքնարժեքը տարբեր բարձրության շենքերի համար կազմում է 10.000-13.000 դրամ: Սակայն դրանց փորձաքննության գինը ՊՈԱԿ-ում սահմանված է 2930 դրամ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ գումարը պետք է հավաքագրեն բնակիչներից, համատիրություններից, որոնց մի մեծ հատվածը վճարունակ չէ: Միաժամանակ փորձաքննության իրականացումն անհրաժեշտ է բնակիչների անվտանգության համար: Ընդհանուր առմամբ, 2006 թվականի համեմատ 2007 թվականի  սահմանված սակագները նվազել են 10-12 տոկոսով: Հաշվի առնելով ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը հանրապետության տնտեսության վրա, սույն թվականի ապրիլի 1-ից հաստատվել են տեխնիկական անվտանգության փորձաքննության նոր սակագներ, որոնք նախկինում գործող սակագներից ցածր են ավելի քան 25-30 տոկոսով»,-նշված է ՊՈԱԿ- պատասխանում:

Սակայն, տեղեկացնենք, որ մենք կոնկրետ օրինակներ ենք տրամադրել ՊՈԱԿ-ին, որ 11.06.2008 թվականին, Երեւանի թիվ 122 միջնակարգ դպրոցի ջեռուցման 2 կաթսաների փորձաքննության համար, ՊՈԱԿ-ի կողմից պայմանագիրը կնքվել է 56.340 դրամով: Դարձյալ 2 կաթսա ունեցող Երեւանի թիվ 166 միջնակարգ դպրոցի հետ նույն օրը, նույն փորձաքննության համար կնքվել է պայմանագիր, այս անգամ արդեն 94.660 դրամով: Այս հարցի պատասխանը նույնպես չենք ստացել: Նշենք, որ հանրապետության բոլոր դպրոցներում ջեռուցման կաթսաները միանման են եւ իրենցից տարբերություն չեն ներկայացնում:

Ինչ վերաբերում է վերելակներն, ապա ՊՈԱԿ-ի համար դրանց գինը նույնպես միանշանակ չէ: Ասենք, 10.07.2008թ. 16 թաղամասի 38 շենքի լիազոր կառավարչի հետ կնքվել է պայմանագիր` 4980 դրամով, իսկ  22.07.2008թ. «Ջրաշատ» համատիրության հետ կնքած պայմանագրով, ք. Երեւանի Ջրաշատի 92/1 շենքի վերելակի փորձաքննության համար, պայմանագիրն արժեցել է 2930 դրամ եւ այլն: Ընդհանրապես չեն անդրադարձել ուսումնամեթոդական եւ կանոնակարգերի մշակման վարչության այն 9 աշխատակիցներին վերաբերող հարցին, որոնք ոչինչ չանելով աշխատավարձ են ստանում:

Չեն պատասխանել նաեւ, թե ինչպե՞ս են վարվել այն 3 միլիոն դրամի հետ, որ նախորդ տարի էին մրցույթով շահել` կանոնակարգեր մշակելու համար, ինչը, փաստորեն չի կատարվել: Անարձագանք է մնացել մեր մեկ այլ հարցը, թե արդյո՞ք հավասար պայմաններում են աշխատում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն» ու նույն փորձաքնություններն իրականացնող մասնավոր ընկերությունները:

Կոնկրետ օրինակով նշենք, թե ինչու են խուսափել պատասխանել այս հարցին: Բանն այն է, որ տեխնիկական անվտանգության ռեեստրը գտնվում է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում եւ քանի որ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործողները տարին մեկ անգամ պարտադիր ներկայացնում են տեղեկություններ այն մասին, թե տարվա ընթացքում իրենց մոտ քանի տեխնածին վտանգ է եղել, իսկ անվտանգության կանոնները խախտելու համար տուգանքը սահմանում է նույն «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը», ապա իրենք էլ օգտվելով շահեկան դիրքից փորձում են շահագործողներին ճնշել, որ պայմանագրերը կնքվեն ոչ թե մասնավոր ընկերությունների հետ, այլ հենց ՊՈԱԿ-ի:

Ինչ վերաբերում է նրան, որ ՊՈԱԿ-ում խիստ խնայողաբար են ծախսում գումարները, ապա այդպես չէ: Մեր ձեռքի տակ է գտնվում 12.04.2007 թվականի Աշոտ Պետրոսյանի N 55 հրամանը, ըստ որի ՊՈԱԿ-ի տնօրենի համար սահմանվել է տեղական ելքային հեռախոսային խոսակցությունների ամսական 4000 րոպե, միջազգային եւ դեպի բջջային ցանց ելքային խոսակցությունների, այդ թվում, ֆաքսիմիլային միջքաղաքային հաղորդակցությունների ամսական 5000 րոպե ժամանակ:

Փոխտնօրենինը սահմանված է համապատասխանաբար` 1500 եւ 3000 րոպե, վարչության պետինը` 1400 եւ 2500 եւ այլն: Նշենք, որ ՊՈԱԿ-ում  մինչ օրս այդ հրամանով են ղեկավարվում, եւ սա շռայլություն է բառի ուղիղ իմաստով, քանի որ ամենից շատ հեռախոսով զանգելու կարիք ունեն փորձագետները, այլ ոչ վերը նշված մարդիկ: Փոխարենը, յուրաքանչյուր 4 աշխատողի հաշվով, բացառությամբ տեխնիկական սպասարկողների, սահմանվել է համապատասխանաբար 1000 եւ 1500 րոպե խոսելաժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter