Բարեգործական համերգի հասույթը կհատկացվի Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցի վերակառուցմանը
Մայիսի 31-ին Գերմանիայի Քյոլն քաղաքից ոչ հեռու գտնվող «Հաուս Բուրգպարկ» սրահում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ստեղծման 15-ամյակին նվիրված հանդիսավոր համերգ` Փարիզի վաստակավոր «Նավասարդ» պարային համույթի (հիմնադիր` Էտի Ճոլոլեան) մասնակցությամբ. համույթը սիրված եւ սպասված է Եվրոպայի հայկական բոլոր համայնքներում:
Համերգից ստացված գումարը կուղղվի Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցի վերակառուցմանը: Բարեգործական միջոցառումը կայացավ Հիմնադրամի Գերմանիայի, Շվեյցարիայի տեղական մարմինների, Գերմանիայում գործող «Գործատուների միության» եւ «Բժիշկների ու բուժաշխատողների միության» աջակցությամբ:
Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի 15 տարիների ընթացքում իրականացրած բարեգործական ծրագրերի մասին պատմող ֆիլմի դիտումով: Իր շնորհակալական խոսքում Հիմնադրամի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը նկատեց, որ Հիմնադրամն իր 15 տարիների գործունեության ընթացքում շարունակում է մնալ աշխարհի հայության համախմբման ամուր օղակներից մեկը:
Պատվավոր հյուրերի թվում էին նաեւ Հիմնադրամի Շվեյցարիայի եւ Հոլանդիայի տեղական մարմինների ատենապետեր Ավետիս Կիզիրյանն ու Նուբար Սեփոյանը, հայոց ցեղասպանության ճանաչման մեծ ջատագով գերմանաբնակ հրեա Ռալֆ Ջորդանոն, կազմակերպություների ղեկավարներ ու պաշտոնատար անձինք: Հանդիսատեսի երկար ու ջերմ ծափահարությունները հաջորդում էին համույթի յուրաքանչյուր կատարմանը. շուրջ 800 հանդիսատես այդ օրը վայելում էր Եվրոպայում արդեն իսկ մեծ ճանաչում ունեցող պարային համույթի գեղեցիկ կատարումները: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել