
Երևանի ավագանու ընտրություններից հետո իրար հետևից տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք կարող են որոշակի փոփոխություններ մտցնել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Խոսքը ոչ միայն և ոչ այնքան ներիշխանական խմորումների մասին է, այլ ընդդիմադիր դաշտի հնարավոր վերադասավորումների:
Ընտրություններից հետո նաև Հայ ազգային կոնգրեսի որդեգրած դիրքորոշման արդյունքում «Ժառանգություն» կուսակցության օպերատիվ ակտիվությունը, բնականաբար, պատահական չէր և ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր ՀԱԿ-ի` Արևմուտքին ուղղված հայտարարություններով:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` հունիսի 1-ի հանրահավաքում եվրոպական կառույցներին ուղղված քննադատությունից հետո տպավորություն է ստեղծվում, որ ՀԱԿ-ը նույն դիրքորոշումը որդեգրել է նաև ԱՄՆ-ի նկատմամբ: Մասնավորապես ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի` ընտրությունների հետ կապված հայտարարություններից հետո, այն, որ ընդդիմադիր շրջանակներից որոշակի քննադատական գնահատականներ են հնչում նաև ԱՄՆ-ի հասցեին, տարօրինակ է գոնե ներկայիս ներքաղաքական գործընթացների տրամաբանության շրջանակներում:
Այսինքն` երբ ՀԱԿ-ը քննադատում է մայիսի 31-ի ընտրությունները «մեկ քայլ առաջ» գնահատած եվրոպական դիտորդներին, միանգամայն հասկանալի է: Սակայն, մեղմ ասած` տարակուսելի է, երբ ՀԱԿ-ի շրջանակներից քննադատական գնահատականներ են հնչում ԱՄՆ-ի դեսպանատան հասցեին: Այն դեպքում, երբ անձամբ ԱՄՆ դեսպանն արդեն հայտարարել է գրեթե բոլոր տեղամասերում իրենց կողմից արձանագրված ընտրակեղծիքների մասին: Ավելին` տեղեկացրել է, որ առաջիկա օրերին հանդես է գալու ևս մեկ եզրափակիչ գնահատականով:
Թե ինչի արդյունք են նշված, ըստ էության, շրջադարձային փոփոխությունները, ավելի հստակ պարզ կդառնա թերևս առաջիկայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել