Չկայացած փաստահավաք խմբի հանգամանքը կարելի է չեզոքացնել այլ պահանջների նկատմամբ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 22-26-ի ամառային նիստի օրակարգի նախագծում, ի թիվս այլ հարցերի, ներառել է նաև Հայաստանի խնդիրը, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1643 բանաձևի դրույթների կատարման գնահատականները:
Դրանցից ավելի շատ ու առավել հաճախ խոսվում է այն առաջարկ-պահանջների մասին, որոնք վերաբերում են 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերից հետո ձերբակալվածների առնչությամբ «բարի» ելքերի ապահովմանը:
ԵԽԽՎ հունվարի 27-ին ընդունված 11 դրույթից բաղկացած 1643 բանաձևում, վեհաժողովը, համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի և Ջոն Պրեսկոտի զեկույցի հիման վրա, նախ անդրադառնում էր նախորդ բանաձևերին և դրանցում ամրագրված այն վիճակին, որ չնայած Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ պահանջները բավարարելու կամքի առկայությանը` առաջընթացը գնահատվել էր «ոչ նշանակալի»:
Նշելով 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի «անկախ, անկողմնակալ և արժանահավատ հետաքննության» պահանջի մասին` վեհաժողովը 1643 բանաձևով ողջունում էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի առաջարկով Հայաստանի նախագահի որոշմամբ այդ դեպքերի հետաքննության փաստահավաք խմբի ստեղծումը, նաև այդ խմբում ընդդիմության մասնակցությունը:
Ներկա դրությամբ այդ «ողջունելի» քայլից ոչինչ չի մնացել, բացի չիրագործված նախագծից ու չկայացած աշխատանքից: Ամեն դեպքում, հունիսի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրութամբ լուծարվեց փաստահավաք խումբը:
Դժվար է ասել, թե այս հանգամանքն ինչ գնահատականի և արձագանքի կարժանանա, բայց դժվար թե «կրկին ողջունելի լինի»: Բայց թերևս իրավիճակի «փրկություն» դառնա համաներման նախաձեռնության իրականացումը մինչև հունիսյան նստաշրջան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել