Էլեկտրոնային հանրագիտարանը չի նշել Հայաստանը` որպես ձիաբուծության հնագույն կենտրոն
Www.wikipedia.org էլեկտրոնային հանրագիտարանում հայտնված «Одомашнивание лошади» ռուսերեն ծավալուն հոդվածում նշված է, որ ձիաբուծության հայրենիքը Հյուսիսային Ղազախստանն է, և թվարկված շուրջ 10 երկրների շարքում Հայաստանը բացակայում է: Մինչդեռ Հայաստանը կարող է պահանջատիրոջ իրավունքով բարձրացնել այն հարցը, որ ձիաբուծության կարևորագույն կենտրոններից է եղել դեռևս ք.ա. 4-3 հազարամյակներում:
Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը:
«Ինչպիսի՞ փաստեր մենք ունենք, որոնք վկայում են, որ ձին եղել է Հայկական լեռնաշխարհի ֆենոմեններից մեկը: Միայն Շենգավիթում, որը Երևանում գտնվող վաղ բրոնզեդարյան մեր բացառիկ հուշարձաններից մեկն է, ձիու ավելի շատ ոսկորներ են հայտնաբերվել, քան մեզ հայտնի մնացած բոլոր հուշարձաններից: Եթե հին արևելյան երկրներում` Եգիպտոսում, Միջագետքում, քաղաքակրթությունները պայմանավորված էին երկրագործությամբ, ոռոգովի հողամասերի օգտագործմամբ, ապա մեզ մոտ ձիու օգտագործումը պայմանավորված էր հետաքրքիր և նոր երևույթի հանդես գալով` մետաղամշակությամբ, որովհետև ձին այն եզակի կենդանին է, որ կարող է ցանկացած ռելիեֆի պայմաններում անցնել` իր հետ տանելով նաև մեծ քանակի բեռ»,- ասաց Հակոբ Սիմոնյանը` հավելելով, որ հետազոտությունները կատարվում են 2002 թ. մինչ օրս, իսկ հայտնագործությունները թվագրվում են ք.ա. 25-20-րդ դդ.-ով:
Պատմական գիտությունների թեկնածուն նշեց, որ Շենգավիթը սկզբնաղբյուրն է, և հետագա հետազոտությունները կատարվել են Ներքին նավեր դամբարանադաշտում, որը թվագրվում է ք.ա. 3-րդ հազարամյակով: Նրա խոսքերով, Ներքին նավերում պեղումների ընթացքում ձեռք է բերվել 3 կռվան` ապացուցելու, որ Հայաստանը ձիաբուծության կենտրոն է եղել:
Առաջինը` այստեղ պեղված արքաների դամբարաններում հայտնաբերվել են զոհաբերված ձիերի ոսկորներ, որոնք թվագրվում են ք.ա. 23-22-րդ դարերով, և հնագույնն են ամբողջ աշխարհում, ինչպես նաև պեղումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ձիուն պահել են մսուրքում և արհեստական կեր տվել:
Երկրորդ` հայտնաբերվել է մոտ 3-2 հազարամյակների կավանոթ, որի վրա պատկերված են մարտակառքի անիվներ, որը մարտակառքի հնագույն պատկերացումներից մեկն է: Եվ երրորդ` անցյալ տարի հայտնաբերվել է մեկ այլ կավանոթ, որի վրա պատկերված է ձիերի երամակ, ոչ թե 1 կամ 2 ձի:
«Այսինքն` մենք Ներքին նավերում ունենք երեք փաստ` բուն ձիու ոսկորներ, մարտակառքի մոդելի պատկերում և բուն ձիու նկարներ: Իսկ Ղազախստանում ի՞նչ են գտել, որ համարում են, որ հնագույններից է: Այնտեղ հայտնաբերվել է մի տեղ, որտեղ պահել են ձիերին, և համարել են, որ ձիերը կարող էին ընտելացված լինել: Բայց իմ խորին համոզմամբ, կարող է պարզապես կենդանիներին որպես մսատու պահել են այդտեղ և օգտագործել: Եվ երկրորդը` կավանոթների վրա եղել են ձիու կաթի նմացորդներ: Որ կաթ է, կարելի է որոշել, բայց ինչպե՞ս որոշեցին, որ ձիու կաթ է. նույն հաջողությամբ կարող էր ոչխարի կամ կովի կաթ լինել: Բայց ամբողջ աշխարհում տարածվում է, որ ձիու հայրենիքը Հյուսիսային Ղազախստանն է: Իսկ Ներքին նավերի մասին, որտեղ ունենք բոլոր երեք կարևորագույն փաստարկները, որ ձին օգտագործվել է ռազմի նպատակով, փաստորեն լռում ենք»,- ասաց գիտահետազոտական կենտրոնի տնօրենը:
Նա ասաց, որ գրավոր աղբյուրները ևս հավաստում են, որ Հայաստանը եղել է ձիաբուծության հայրենիքներից մեկը: Օրինակ` 3-րդ հազարամյակի վերջի գրավոր աղբյուրներում ձին կոչվել է լեռնային կամ հյուսիսային էշ:
«Մենք բոլորս գիտենք, որ Միջագետքը հարթավայրային երկիր է. այնտեղ լեռներ չկան: Եվ միակ երկիրը, որը գտնվում էր Միջագետքից հյուսիս, Հայկական լեռնաշխարհն է, և նրանք միայն Հայկական լեռնաշխարհում կարող էին տեսնել այդ կենդանուն: Քանի որ իրենք ծանոթ էին էշին, դրան էլ անվանում էին լեռների էշ: Հին արևելյան բոլոր աղբյուրները վկայում են, որ և ասորեստանցիները, և Աքեմենյան Պարսկաստանի տիրակալները լավագույն ձիերը Հայկական լեռնաշխարհից են ստացել»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:
Պատասխանելով այն հարցին, որ ինչու՞ Հայաստանի ձիերը չեն կոչվել, օրինակ` հայկական ձի` Հակոբ Սիմոնյանն ասաց, որ դա անտրամաբանական չէ, և հավելեց, որ հայոց լեզվում ձիու անվանումները շատ ավելի շատ են, քան ցանկացած այլ լեզվում, օրինակ` մատակ, հավատակ, իսկ էգ ձիերից կազմված հեծելազորը կոչվել է մատյան գունդ: Հռչակված է եղել նաև Ղարաբաղյան ձին:
«Ձիաբուծության խնդիրը միշտ եղել է գիտական հետազոտությունների կիզակետում, որովհետև ձին սովորական ընտանի կենդանի չէ. ձին այն կենդանին է, որը, փաստորեն, կանխորոշել է մարդկային հասարակության զարգացման ընթացքը, ժողովուրդների ճակատագիրը: Հնդևրոպական մշակույթի և լեզվի տարածումը` մինչև Բրիտանիա և մինչև Հնդկաստան, պայմանավորված է եղել ձիու օգտագործմամբ: Այս իսկ պատճառով բազմաթիվ հետազոտություններ են կատարվել այս ուղղությամբ: Ձին սկսում է վիթխարի դեր կատարել մարդկային հասարակության պատմության մեջ, երբ սկսում է օգտագործվել ռազմի նպատակով, երբ ձիերը լծվում են մարտակառքերին և դառնում հեծալազորի համար միջոց: Ահա սրանից է սկսվում այն ամբողջ փոփոխությունը, որը կատարվում է Առաջավոր Ասիայում, երբ մեկը մյուսի հետևից կործանվում են հին արևելյան քաղաքակրթությունները»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:
Նրա խոսքերով, մինչ այժմ իրենք հետազոտություններ են իրականացրել ընդամենը 2 մլն դրամով, և պեղել են 7 դամբարան: Այժմ, «Հնագույն քաղաքակրթությունների և վաղ պետական կազմավորումների ծագումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում պետությունը 31 մլն դրամի ֆինանսավորում է տրամադրել: Իրականացվելու են լայնածավալ պեղումներ և Շենգավիթում, և Ներքին նավերում, որից հետո նախատեսվում է անգլերենով գիրք հրատարակել:
Հավանաբար այս տարի արդեն կսկի գործել նաև մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կայքը, որում Հայաստանի մշակութային ժառանգության մասին տեղեկատվության հետ մեկտեղ կտեղադրվի նաև այդ գիրքը, որը միջազգային հանրությանը կներկայացնի Հայաստանը` որպես ձիաբուծության կենտրոն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել