Ֆերմեր-գյուղացիական տնտեսություն-ՋՕԸ եռանկյունում երբեմն կոնֆլիկտ է առաջանում
Սյունիքում գործող 6 ջրօգտագործող ընկերությունների կողմից անցած տարի սպասարկվել է 1597հա ոռոգվող հողատարածք, մատակարարվել է 5566.0հազ.խ.մ. ջուր, իսկ հասույթը կազմել է 48359.000դրամ, որից գանձվել է 39947հազ.դրամ կամ հասույթի 83%-ը է:
Ըստ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի, մարզպետարանը զգալի աշխատանքներ է տարել այդ ուղղությամբ. կառուցվել և վերանորոգվել են մի շարք ոռոգման ջրագծեր, մեխանիկական եղանակով ոռոգումը փոխարինելով ինքնահոսի, որի արդյունքում զգալի չափով իջել են ջրի օգտագործման ծախսերը, ավելացել արդյունավետությունը: Սակայն ինչպես համայնքների, այնպես էլ ՋՕԸ-ի կողմից դեռևս լիարժեք չէ ոռոգման ջրի արդյունավետ և ռացիոնալ օգտագործումը, ոռոգման համակարգերից ջրի կորուստների կանխումը: «Անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում առանձին մշակաբույսերի ոռոգման ռեժիմի սահմանման, ջրման նորմերի, ոռոգման նորմերի ջրման ժամկետների և տևողությունների հարցերին, որի պատճառով շատ հաճախ կոնֆլիկտներ և տարաձայնություններ են առաջանում ֆերմեր-գյուղացիական տնտեսություն-ՋՕԸ եռանկյունում, որը ազդում է ոռոգման ջրի վարձավճարների գանձման աշխատանքների կազմակերպմանը»,-մարզխորհրդի նիստում ասաց գյուղվարչության պետը: ՋՕԸ-ի կողմից պատրաստակամություն կա, ընթացիկ տարում 100%-ով գանձելու ոռոգման ջրի վարձավճարները, ու այդ նախադրյալները արդեն ստեղծվել են, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ արդեն գանձումները ավելացել են 12%-ով: Մարզխորհրդի նիստին մասնակից համայնքների ղեկավարները եկան այն եզրահանգման, որ յուրաքանչյուր ջուր սպառող իր գործառույթների շրջանակներում պետք է պատասխանատու լինեն այն գործընթացների համար, որոնց արդյունքում նվազում է հողի բերրիությունը և դեգերացիայի ենթարկվում հարյուրավոր հա հողատարածքներ:
Մեկնաբանել