HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվեց «Ոսկե ծիրանի» ժյուրիի կազմը

stambolcyan-harutyunyanՀուլիսի 12-19-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երեք մրցութային ծրագրերի (միջազգային խաղարկային, վավերագրական, ինչպես նաև` հայկական համայնապատկեր ֆիլմեր) ժյուրիների անդամներն արդեն հայտնի են: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը լրագրողներին ներկայացրին ժյուրիի կազմը: Մ. Սամբոլցյանը նշեց, որ կազմը նպաստում է նաև փառատոնի որակի բարելավմանը, և մասնակիցների համար էլ շատ կարևոր է, թե ով կհանձնի մրցանակը: Այսպիսով, միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրին կգլխավորի Կոհեյ Օգուրին` Ճապոնիայից, ով, փառատոնի ծրագրերի տնօրենի բնորոշմամբ, ամբողջ կինեմատոգրաֆիական աշխարհում մեծ հեղինակություն է վայելում: Ժյուրիի կազմում են նաև Համբուրգի փառատոնի տնօրեն, Գերմանիայից` Ալբերտ Վիդերշպիլը, առաջին անգամ փառատոնի շրջանակներում Իսպանիայից ներկայացուցիչ Պակո Պոշը, որի ֆիլմերից մեկը մի քանի տարի առաջ «Ոսկե ծիրան»-ում մրցանակի է արժանացել, Վրաստանից Նանա Ջորջաձեն և մեր երկու հայրենակիցները` Արսինե Խանջյանը Կանադայից ու Էրիկ Պողոսյանը  ԱՄՆ-ից: Միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրիի նախագահը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռոդնյանսկին է, որին Մ. Ստամբոլցյանը բնորոշեց իբրև այսօրվա ռուսական կինոյի և հեռուստատեսության ամենախոշոր դեմքերից մեկը, ով «ՍՏՍ» հոլդինգի և «Կինոտավր» փառատոնի նախագահն է: Ժյուրիի կազմում են նաև`Մեծ Բրիտանիայից Յան-Հայդն Սմիթը, Գերմանիայից Մայքլ Վիդեմանը, Թուրքիայից Էնիս Ռիզան և Հայաստանից Արտյոմ Մելքումյանը: «Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի բոլոր անդամներն ազգությամբ հայ են: Ժյուրիի նախագահը Նիդեռլանդներից Հայկ Բալյանն է: Անդամներն են` Էրիկ Նազարյանը` ԱՄՆ, Նորիկ Քեշիշյանը` Գերմանիա, Անետա Երզնկյանը, Գրիգոր Հարությունյանը` Հայաստան: Հարցին, թե ինչո՞ւ են «Հայկական համայնապատկեր» ֆիլմերի մրցույթը դատելու միայն ժյուրիի հայազգի անդամներ, Մ. Ստամբոլցյանը պատասխանեց, որ իրենք հատուկ սկզբունք չեն դնում, որ միայն հայերը պետք է հայերին գնահատեն: Սուսաննա Հարությունյանն էլ ասաց, որ վիճելի հարց է. «Օրինակ՝ նույն Հայկ Բալյանը եվրոպական կինոյի խոշորագույն պրոդյուսերներից է ու առաջին հերթին կապված է եվրոպական կինոյի հետ, և այս առումով իրեն «մերոնք» անվանելը շատ սխալ է: Եվ այդ առումով համաձայն չեմ այն բնորոշման հետ, թե մերոնք մերոնց են գնահատում և այլն»: «Ոսկե ծիրան» 6-րդ կինոփառատոնին ներկա կգտնվեն նաև ժյուրիի երկու անդամներ, ովքեր երրորդ տարին է ներկայացված են` կինոլրագրողների և կինոքննադատների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի ժյուրին` ֆիպրեսսին, որը բազմաթիվ փառատոներում ունի իր ժյուրին և որի մրցանակը հեղինակավոր է համարվում մասնագետների շրջանում:  Ֆիպրեսսի ժյուրիի անդամներն են Ժան-Մաքս Մեժանը` Ֆրանսիա, Ջիովաննի Օտտոնեն` Իտալիա, և Հայաստանից Արծվի Բախչինյանը: Երկրորդը էկումենիկ ժյուրին է, որտեղ ընդգրկված են Գվիդո Կոնվենտսը Բելգիայից, Դենիս Մյուլլերը Ֆրանսիայից, իսկ թե հայ Առաքելական եկեղեցին կոնկրետ ով կներկայացնի, առայժմ պարզ չէ: Վերջին երկու տեսակի ժյուրին համարվում է հասարակական, ոչ թե պաշտոնական ժյուրի: Փառատոնի պատվավոր հյուրը կլինի ամերիկացի ռեժիսոր Ռոբ Նիլսոնը՝ բազմաթիվ մրցանակների և մրցույթների դափնեկիր, նրա առաջին ֆիլմերից մեկը` «Հյուսիսային լույսեր», ժամանակին Կաննի մրցանակին է արժանացել: Ռոբ Նիլսոնին Հոլիվուդի «Սիլվեռլեյք» կինոփառատոնը մրցանակ է շնորհել «Կինոյում ունեցած վաստակի համար»: Պատվավոր հյուրերի շարքում է Յեժի Սկոլիմովսկին Լեհաստանից, ով լեհական կինոյի դասականներից է, Կաննի փառատոնի մրցանակակիր: Յ. Սկոլիմովսկու նկարահանած վերջին ֆիլմը՝ «4 գիշեր Աննայի հետ», այս տարի նույնպես կներկայացվի «Ոսկե ծիրանին»: Փառատոնի պատվավոր հյուրերից է պրոդյուսեր Ալան Թերզյանը Ֆրանսիայից, որի վերջին ֆիլմերից մեկում`«Մերձավոր շրջապատը», նկարահանվել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Ռենոն: Նրա արտադրած ֆիլմերում նկարահանվել են հայտնի դերասաններ Ալեն Դելոնը, Կատրին Դենյովը, Ժերար Դեպարդյեն, Սոֆի Մարսոն և այլոք: Նա առաջին անգամ է գալու Հայաստան: Պատվավոր հյուրերի թվում են ԱՄՆ-ից Անահիտ Նազարյանը, ինչպես նաև` ռուսաստանցիներ Սերգեյ Սոլովյովը, Տատյանա Դրուբիչը, Ռոման Բալայանը: Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե Ծիրանը» ստացել է 430 հայտ 65 երկրներից, որոնցից ընտրվել է 110 ֆիլմ` 40 երկրից: Մ. Սամբոլցյանը տեղեկացրեց, որ կարմիր դահլիճում կայանալիք ցուցադրումների ընթացքում լրագրողներին հատկացվել է ամֆիթատրոնը: «Իսկ մնացած բոլոր սեանսների համար թե' լրագրողները, թե' հյուրերը, թե' այն մարդիկ, ովքեր հավատարմագրված են  փառատոնին, պետք է նախորդ օրը հայտ ներկայացնեն փառատոնի ինֆորմացիոն կենտրոն, թե հաջորդ օրվա որ ցուցադրումների համար են տոմս ուզւոմ: Մենք այդ տոմսերը ձեռք կբերենք ու կտանք նրանց»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter