HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հրանտ Բագրատյան. «Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը դրական դինամիկա է արձանագրում»

h_bagratyan_250509Լեռնային Ղարաբաղը 2009 թ. առաջին եռամսյակը փակել է 18 % տնտեսական աճով, իսկ Հայաստանը` 10 % տնտեսական անկումով: Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա վերջերս է եղել Արցախում: Հրանտ Բագրատյանը նշեց, որ ԼՂՀ բյուջեի սեփական եկամուտներն աճել են 60 %-ով, ինչին միանշանակ գնահատական տալ չի կարելի, քանի որ առանց ներմուծման արձանագրված աճը «աճ չէ»: Այնուամենայնիվ, դա որոշակի դրական դինամիկա է ցույց տալիս: «Ղարաբաղի բյուջն 22 մլրդ է, ՀՆԱ-ն` 103 մլրդ: Դա նշանակում է, որ հավաքվում է ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի 21-22 %-ը: Հարկային ծանրաբեռնվածությունը Հայաստանում կազմում է 28 %: Այսինքն` եթե Հայաստանում բոլորը հարկ վճարեին, գործող հարկադրույքներով ՀՆԱ-ի 28 %-ը պիտի հավաքվեր իբրև հարկ: Մի պահ պատկերացնենք` Հայաստանում ստվերային տնտեսություն չկա. 20 % պիտի հավաքվեր: Ղարաբաղում հարկադրույքները ցածր են. եկամտահարկը 5 % է, շահութահարկը` 5 %: Եվ Ղարաբաղում դա կկազմեր 23 %: Այսինքն` Ղարաբաղում հնարավոր 23 %-ից 21,5-ը հավաքվում է: Եթե Հայաստանում 16-ն է հավաքվում, 16-ը բաժանում ենք 28-ի, ստանում ենք ստվերի չափը: Մաթեմատիկորեն 16-ը բաժանած 28-ի` ստացվում է մոտավորապես 55: 45 ստվեր, 55 ոչ ստվեր Հայաստանում: Եթե նկատի ունենանք առաջին 4 ամսվա հարկային եկամուտի անկումը, ապա ստացվելու է այսպես. Հայաստանում մոտավորապես 53 %-ը ստվեր է, 47 %-ը ոչ ստվեր է: Եթե Ղարաբաղի 21,5-ը բաժանենք 23-ի, կստանանք, որ մոտավորապես 92 %-ը ոչ ստվեր է, իսկ ստվերում տնտեսության 6-8 %-ն է»,- ասաց նախկին վարչապետը: Նրա խոսքերով, վերոնշյալ թվերը ինքնին խոսում են այն մասին, որ եթե կառավարությունն ուզում է աշխատել, ուրեմն մի բան ստացվում է, և Ղարաբաղում ու Հայաստանում որակապես տարբեր իրավիճակներ են: Հրանտ Բագրատյանին նաև ասել են, որ Արցախում «ոստիկաններին, դատավորներին կաշառք տալը գրեթե բացառված է»: Անդրադառնալով հարկային փաթեթին` Հրանտ Բագրատյանը նշեց, որ երբ կառավարությունն այն ներկայացրեց Ազգային ժողովին, պարզ չէր, թե դրանով ինչ էր ուզում ասել: Նախկին վարչապետն ամենից բացասական գնահատեց այն, որ հարկային փաթեթի սկզբնական տարբերակում ներմուծումներ կատարող ընկերություններին չէր վերաբերում այն դրույթը, որը նախատեսում է հարկային տեսուչի ներկայություն բիզնեսներում. «Ընդհանրապես ապշեցուցիչ էր: Այսինքն` Հայաստանի ՀՆԱ-ի ամենամեծ տոկոսը ստանում ենք ներմուծումների ճյուղից: Ցավալի է, բայց սա ամենամեծ ճյուղն է: Հիմա ասում են, որ ամենամեծ ճյուղում դա չպիտի լինի»: «Հետո կառավարությունը կատարեց ևս մեկ փոփոխություն, որ դա չի վերաբերում կոնյակ ու գինի արտադրողներին: Ես անմիջապես հաշվեցի, որ կոնյակ ու գինի արտադրող 12 պատգամավոր ունենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ իր ասածները վերաբերում են հարկային փաթեթի առաջին տարբերակին, և հարկային փաթեթի մի քանի տարբերակ է փոխվել: Նրա համոզմամբ, հիմնարկներում հարկային տեսուչների ինստիտուտ պետք է մտցնել գյուղատնտեսական հումքի վերամշակման սեզոնի ընթացքում, ինչպես նաև հանքեր մշակող հիմնարկ-ձեռնարկություններում: «Մինչև հիմա վիճվարչությունը ներկայացնում է 180-200 հազար տոննա խաղողի արտադրություն և 90 հազար տոննա մթերում, որպեսզի ՀՆԱ-ն մեծանա, բայց իրականում խաղողի արտասդրությունը 2 անգամ պակաս է: Բացառությամբ Երևանի կոնյակի գործարանի` մնացած բոլոր գործարանները անխտիր 5-6 անգամ ավել թիվ են ասում. մթերում են 1000 տոննա, ասում են` 6000: Այդ 5000 տոննայով նրանք ուռճացնում են ինքնարժեքը»,- ասաց Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ խաղողի թափոնները պետք է ամբարվեն որոշակի սենյակում և կնքվեն հարկային տեսչության կողմից: Դատելով թափոնների քանակից` կարելի է իմանալ, թե իրականում որքան է եղել մթերումը: Նույնը վերաբերում է տոմատի և մոլիբդենի թափոններին: Ըստ նրա` շրջանառության մեջ է նաև ընդհանուր հարկային օրենսգիրքը, որում կան մի շարք ճիշտ քայլեր: Օրինակ` շահութահարկի և եկամտահարկի հավասարեցումը, ավելացված արժեքի հարկի դրույքի իջեցումը 20 %-ից 18-ի և այլն: Հրանտ Բագրատյանի խոսքերով, «բոլոր այս կետերը եղել են Տեր-Պետրոսյանի ծրագրում: Օրինակ` Տեր-Պետրոսյանի ծրագրում կար սերտիֆիկատներով բժշկության կատարումը: Մասնակիորեն, կիսատ-պռատ դա արեցին ծննդաբերության նկատմամբ անցյալ տարի հունիսին»: Նախկին վարչապետի համոզմամբ, կառավարությունը, սակայն, այլ ճիշտ քայլեր իրականացնելիս ևս «ցուցաբերել է կիսատ-պռատ մոտեցում»: «Եթե մի բան կիսատ-պռատ ես անում ու մի քանի կոպիտ սխալ ես անում, կարող է, ի վերջո, ոչ թե օգուտ բերել, այլ ճիշտ հակառակը: Ստացվում է այնպիսի քաղաքականություն, որը ես անվանում եմ դամբուլային քաղաքականություն»,- ասաց նա: Նա օրինակ բերեց Լ. Տ-Պետրոսյանի ծրագրի այն կետը, համաձայն որի` ավելացված արժեքի հարկի իջեցումը իմաստ ունի այն դեպքում, երբ խստացվում է գույքահարկը: Գույքահարկի դրույքը պետք է կտրուկ մեծացվի հարուստ տների համար: Արտասահմանում գույքահարկը կազմում է բյուջեի առնվազն 1,5-2-ից մինչև 4-5 %, իսկ Հայաստանում այն բյուջեի 0,2-0,3 %-ն է: Հյուսիսային պողոտայում շենք կառուցած մարդը, անկախ նրանից` բնակարանները վաճառե՞լ է, թե՞ ոչ, պետք է լուրջ հարկ վճարի, որովհետև այլապես կառուցված և չբնակեցված շենքը բեռ է դառնում: «Հյուսիսային պողոտայում կառուցածը պահելու համար հսկայական գումար է պետք, որն արդեն վերցնում են միջպետական վարկերից և դնում մեր վզին որպես պետական պարտք»,- ասաց Հրանտ Բագրատյանը: «Կամ` հարյուր անգամ ասել ենք` գինենյութի նկատմամբ ակցիզը պետք է ցածր լինի: Ներկայումս գինին և օղին հավասար են: Այս պայմաններում մարդիկ օղի են արտադրելու, որովհետև արտադրում են, մի ամիս հետո վաճառում են: Իսկ նորմալ գինին պետք է արտադրել և երեք տարի հետո վաճառել: Հարյուր անգամ ասել ենք, որ եթե ակցիզ եք դնում գինուն, դա պիտի լինի 50 դրամ, օղու դեպքում պետք է լինի 1500 դրամ, որպեսզի ստիպենք մեր ժողովրդին աստիճանաբար գինի խմել, քանի որ մենք 1 հա-ից 20-25 տոննա որակյալ խաղող ենք ստանում: Եվ 120 մլն դոլար չէինք ծախսի ցորենի ներմուծումների համար, որպեսզի օղի քաշենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե այն, որ երեկ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան դադարեցրեց Հայաստանում ճանապարհաշինության ֆինանսավորումը, պայմանավորված է Ռուսաստանից 500 մլն դոլար վարկ վերցնելու՞, թե՞ ՆԱՏՕ-ին` Հայաստանի չմիանալու հանգամանքով, Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ ծրագրի դադարեցումը պայմանավորված է նրանով, թե ինչպես անցան Երևանի ավագանու ընտրությունները: Լրագրողի այն դիտարկմանը, թե Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այսօր հայտարարել է, որ մոտ 60 մլն դոլար կտրամադրի «Հազարամյակի մարտահրավերներ»-ի դադարեցրած ծրագրին, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Այսինքն` Ամերիկան փողը չի տալիս, Համաշխարհային բանկը տալի՞ս է: Եթե այն, ինչ Դուք ասում եք, ճիշտ է, ուրեմն ՀԲ-ն ու ԱՄՆ-ն իրար հետ չունեն»: Նախկին վարչապետն անդրադարձավ նաև միջազգային ֆինանսական կազմակերպության ներկայացուցչի այն կանխատեսմանը, որ Հայաստանում 9-9,5 % անկում կլինի տարեվերջին, և 1,5-2 % աճ` 2010 թ.: «Մի առիթով մենք հանդիպեցինք այդ համաշխարհային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Տարեսկիզբն էր, ասում էր. «Այս տարի 4 % աճ կլինի»: Ես պարզապես ապշած էի նրանց վերլուծության մակարդակից: Համաշխարհային բանկն ու Արժույթի հիմնադրամը 2008-ի հունիսին ասում էին. «Պրոբլեմներ կան, բայց տարին կփակվի 5 % աճով»: Երկու ամիս հետո ուրիշ երգ էին երգում: Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ փետրվարին ասում էին. «Հայաստանում 4 % աճ կլինի»: Մեզ վրա էլ ծիծաղում էին: Ասում էին, որ տրանսֆերտները Ռուսաստանից կպակասեն 20 %-ով, երբ ասում էինք. «Իսկ մենք ձեզ կապացուցենք, որ 50-ից ավել կպակասեն»: Ես խնդրում եմ շատ թերահավատությամբ վերաբերվել»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter