Պաշտպանները միջնորդեցին կայացնել արդարացման դատավճիռ
«Հուսով եմ, որ դատարանը վճիռը կկայացնի հանուն Հայաստանի Հանրապետության և ոչ թե հանուն դատախազության»,-այսօր իր պաշտպանական ճառն ավարտեց Սուրեն Սիրունյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառերով հանդես եկան Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի պաշտպանները: Երկուսն էլ դատարանին միջնորդեցին արդարացման դատավճիռ կայացնել:
Լիպաիրտ Սիմոնյանի հիմնավորմամբ, պարզված չէ, թե արդյոք զանգվածային անկարգություններ իսկապես տեղի են ունեցել, արդյոք դրանք կազմակերպվել են որոշակի խումբ անձանց կողմից, և արդյոք կազմակերպման համար եղել է հատուկ պայմանավորվածություն: «Եթե եղել է, ապա պետք է նշվեին զանգվածային անկարգությունների տեղը, ժամանակը, եղանակը, որը մեղադրականում նշված չէ»,- ասաց պաշտպանը:
«2008 թ.-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ չեն կատարվել, կատարվածը եղել է ինքնապաշտպանական գործողություններ»,- շարունակեց Լիպարիտ Սիմոնյանը:
Փաստաբանի հիմնավորմամբ, չի ներկայացվել որևէ ապացույց, որը փաստեր, որ մարտի 1-ի խանութների թալանը, կողոպուտը, հրկիզումները կազմակերպել էր Ալեքսանդր Արզումանյանը:
Ալեքսանդր Արզումանյանը ելույթ է ունեցել միայն փետրվարի 21-ին, որում բռնության, զանգվածային անկարգություններ հրահրելու ոչ մի կոչ չի ներառված, ինչը պնդում էր վկաներից մեկը:
Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային զրույցները նույնպես չեն ապացուցում, որ նրանք զանգվածային անկարգություններ են կազմակերպել:
Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց ապացույցների շարքում չդիտարկել այն լազերային երիզները, որոնց ծագման և աղբյուրների մասին ոչինչ հայտնի չէ: Նա հայտարարեց, որ Ալեքսանդր Արզումանյանը քրեական հետապնդման է ենթարկվում իր քաղաքական հայացքների ու կողմնորոշման համար, որի վկայությունն է այն, որ դեռևս մեղադրանք չառաջադրված` սկսվել էին նրա հեռախոսային գաղտնալսումները: «Ալեքսանդր Արզումանյանի գաղտնալսումները սկսվել են 2008 թ. փետրվարի 19-ից, ինչը վկայում է, որ այդ օրվանից Ալեքսանդր Արզումանյանը քրեական հետապնդման է ենթարկվել»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը և նշեց, որ դրանով իսկ խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, և ըստ այդմ` հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները ևս չպետք է դրվեն մեղադրանքի մեջ:
Հիմնավորելով բոլոր ասածները օրենսդրական ակտերով` պաշտպանը եզրակացրեց, որ Ալեքսանդր Արզումանյանի մեղքն ապացուցված չէ, և նրա նկատմամբ պետք է կայացնել արդարացման դատավճիռ:
Վարդուհի Էլբակյանը նշեց, որ միայն այն հանգամանքը, որ Սուրեն Սիրունյանը մարտի 1-ին շրջել է Նիկոլ Փաշինյանի հետ և ապահովել նրա անվտանգությունը` չի հիմնավորում, որ նա զանգվածային անկարգություններ է կազմակերպել: Վարդուհի Էլբակյանի խոսքերով` Նիկոլ Փաշինյանի և Շանթ Հարությունյանի մեղադրանքները դրվել են իրենց պաշտպանյալների մեղադրանքների հիմքում, այնինչ իրենց պաշտպանյալների գործողություններում որևէ հանցակազմ չկա, քանի որ նրանք զանգվածային անկարգություններ չեն կազմակերպել:
Վկաների այն պնդմանը, թե Սուրեն Սիրունյանը` «Վանոյի ճուտը», փող է բաժանել, դատավարության ընթացքում այդպես էլ չապացուցվեց, քանի որ վկաների կեղծ ցուցմունքները այդպես էլ չհիմնավորեցին նշված մեղադրանքը:
Սակայն եթե Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց լազերային սկավառակները հանել և չդիտարկել ապացույցների շարքում, քանի որ հայտնի չէ նրանց ծագման, տրամադրած անձի կամ կազմակերպության աղբյուրները, ապա Վարդուհի Էլբակյանը հիմնավորեց, որ հենց նույն սկավառակներով ապացուցվում է Սուրեն Սիրունյանի անմեղությունը:
Փաստաբանների ելույթներից հետո դատարանը պետք է լսեր Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի պաշտպանական ճառերը, սակայն նրանք դատարանից ժամանակ խնդրեցին` ճառերին պատրաստվելու համար:
Դատավորը նիստը հետաձգեց մինչեւ հունիսի 16-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել