HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Կլոր սեղան` Մոդեստ Կոլերովի եւ Ալեքսեյ Կոչետկովի մասնակցությամբ

Այսօր ԼՂՀ-ում գտնվող REGNUM Նովոստի ռուսաստանյան դաշնային լրատվական գործակալության կառավարող տնօրեն Մոդեստ Կոլերովը եւ «Քվորում» ժողովրդավարական գործընթացների դիտարկման կենտրոնի  տնօրեն Ալեքսեյ Կոչետկովը ԼՂՀ արտաքին գործերի նախարարության շենքում անցկացրեցին կլոր սեղան` Ազգային ժողովի պատգամավորների, հանրապետության արտաքին գերատեսչության դիվանագիտական կորպուսի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ի դեպ, տեղեկացնենք, որ կլոր սեղանը փակ էր, եւ լրագրողները հնարավորություն չունեցան լուսաբանել այն: Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Մոդեստ Կոլերովը անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, Հարավային Կովկասում տիրող իրավիճակին եւ մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը դրանց ազդեցության վրա: Խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարների մասին` նա նշեց, որ դիվանագիտական ոլորտում Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են, սակայն ռուսների մեծամասնությունը համակիր է Լեռնային Ղարաբաղի պայքարին: Նրա խոսքերով, ըստ հասարակական կարծիքի հարցման, ռուսների մոտավորապես 65%-ը սատարում է այս պայքարին: Մոդեստ Կոլերովը նաեւ հայտնեց, որ ռուսական հասարակության կարծիքով ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքական եւ խաղաղ ճանապարհով: «Ռուսաստանում հակամարտության ռազմական լուծման կողմնակիցների թիվը չնչին է»,-նշեց  REGNUM Նովոստի ռուսաստանյան դաշնային լրատվական գործակալության կառավարող տնօրենը: Մոդեստ Կոլերովը ընդգծեց, որ նա միշտ հանդես է եկել հակամարտության կարգավորման բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության օգտին, ինչը, նրա խոսքերով, չափազանց կարեւոր է դիվանագիտական տեխնիկայի տեսանկյունից: Միաժամանակ նա դեմ է արտահայտվել հակամարտության կարգավորման գործընթացի տեմպերի արհեստական արագացմանը, հատկապես այն համատեքստում, երբ կարգավորումը մատուցվում է որպես նախնական պայման տարածաշրջանային այլ գործընթացների, մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացման համար, ինչը Կոլերովի կարծիքով իր մեջ որոշակի սպառնալիքներ է պարունակում: «Բոլոր ազգերը հավասար են, բայց յուրաքանչյուր ազգի ճակատագիրը յուրահատուկ է, եւ չի կարելի մի ազգի ճակատագիրը փոխել մեկ այլ ազգի ճակատագրի հաշվին»,- նշեց Մոդեստ Կոլերովը: Նրա խոսքերով` Լեռնային Ղարաբաղն անկասկած կայացած պետություն է, սակայն նրան անհրաժեշտ է ակտիվացնել իր գործունեությունը արտաքին ոլորտում` մասնավորապես փորձագիտական մակարդակով ապահովել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային միջոցառումներին: Իր հերթին «Քվորում»-ի տնօրեն Ալեքսեյ Կոչետկովն արտահայտվեց Ռուսաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հասարակայնության եւ ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով կապերի հաստատման անհրաժեշտության օգտին: Նա կարեւորեց հակամարտության կարգավորման հարցում քաղաքացիական հասարակության նշանակալի դերը: Միաժամանակ Ալեքսեյ Կոչետկովը նշեց, որ աշխարհում քիչ գիտեն ղարաբաղյան հակամարտության էության մասին: Նրա խոսքերով` Ադրբեջանը հսկայական միջոցներ է հատկացնում քարոզչական նպատակների համար, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային հանրությանը ներկայացնելու ցանկացած քայլ ադրբեջանական կողմը որպես սպառնալիք է ընդունում: ԼՂՀ ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչները պատրաստականություն հայտնեցին իրենց ռուսաստանյան գործընկերների հետ համագործակցություն հաստատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter