Մեղավորը «Հայռուսգազարդ»-ն է՞
Ուրբաթ, հունիսի 12-ին, ժամը 17.00-ից սկսած ու մոտ մեկ ժամ տեղացած հորդառատ անձրեւն ու կարկուտը վնաս են հասցրել Կապանի տարածաշրջանի Գեղի համայնքին: Ըստ գյուղապետ Վասիլ Գրիգորյանի, վնասվել են 70 տնտեսություն ունեցող գյուղի համարյա բոլոր ցանքատարածությունները, հողին են հավասարվել ծառերը մրգերը թափվել են, քանդվել է Գեղիից մյուս գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհը :
« Ստեղծված իրավիճակում նաեւ «Հայռուսգազարդ»-ն է մեղավոր: Իրան-Հայաստան գազատարի կառուցումից հողերը թուլացել են, առաջ դեռ քարերը, խոտածածկույթը պահում էին լեռներից եկած սելավը»,-ասում է Վ. Գրիգորյանը` կարծում, որ այդ դեպքում վնասը ավելի քիչ կլիներ: Գեղիի բնակիչները չգիտեն ինչ պիտի անեն: Տարածաշրջանում Գեղին հայտնի էր իր կարտոֆիլով ու խնձորով:
«Հիմա ոչ այն կա, ոչ միրգը: Հլա առաջ ծախոտում էինք, մի բանի կցան անում, կարկուտը թակած տեղն ա թակում»,-ասաց տիկին Ռայան: Գյուղապետի ահազանգով դեպքի վայր էին ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները: Գյուղապետարանի հանձնաժողովը ճշտում է վնասի չափը` մարզպետարան ներկայացնելու համար: Կառավարությունը փոխհատուցում կտա, թե ոչ` ժամանակը ցույց կտա:
Ի դեպ, նույն օրը աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը անդրադռանալով մարզում մարտ-ապրիլ ամիսներին արձանագրված ցրտահարությանը` նշեց, որ քննարկվում է այդ համայնքներին փոխհատուցում տրամադրելու հարցը: «Այժմ գույքագրում է կատարվում, տեսնենք ոնց կլուծվի հարցը»,-ասաց Գ.Ալավերդյանը:
Մեկնաբանել