Ստեփան Դեմիրճյան.«Չենք հանդուրժելու հասարակական կյանքի քրեականացումը»
«Մենք եկել ենք ասելու, որ չենք հանդուրժելու հասարակական կյանքի քրեականացումը, չենք հանդուրժելու կրիմինալի իշխանությունը, պայքարը շարունակվելու է մինչև հաղթանակ»,-հանրահավաքում հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը, որին հետևեց ժողովրդի`«պայքար, պայքար մինչև վերջ» վանկարկումը:
Ստեփան Դեմիրճյանը շեշտեց, որ հերթական կեղծված ընտրությունները չեն կարող ընկճել իրենց, և դրանք համալրել են իշխանությունների կատարած հանցագործությունների ցանկը:
«Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն իր ելույթում նշեց, որ իրենց պայքարի վերջը լինելու է համաժողովրդական նոր ալիքը, իրենք ետ չեն կանգնելու և ժողովրդական պայքարով կհասնեն իրենց ուզածին: «Մենք հասնելու ենք նրան, որ Հայաստանում փոխվի իրավիճակը, որ այս երկրից հեռանան նրանք, որոնք մեզ լլկել են, որոնք մեզ սպանել են, որոնք մեզ թալանել են, այդ մարդիկ տեղ չունեն Հայաստանում»,-ասաց նա:
Իսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը խոսեց Փաստահավաք խմբի լուծարման մասին: Նա նշեց, որ իշխանությունները չկարողացան թաքցնել իրենց արած սպանությունները և դրա համար էլ լուծարեցին խումբը: Ըստ ՀԱկ ներկայացուցչի` իշխանության համար խուճապ էր Փաստահավաք խմբի զեկույցը` կապված մարտի 1-ի զոհ Համլետ Թադևոսյանի սպանության հետ, և զեկույցը, որը խումբն ուղարկել էր ԱԺ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ս. Նիկոյանին, անակնկալ էր: «Դա միայն առաջին ծիծեռնակն էր փաստահավաք խմբի, և ընդունվեց որոշում ամեն գնով դադարեցնել այս խմբի գործունեությունը, և իշխանությունն օգտագործեց իր խամաճիկին` մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որի ողջ գործուենությունն ուղղված է եղել փաստերը թաքցնելուն, քաղբանտարկյալներին բանտում պահելուն»,-ասաց Դավիթ Շահնազարյանը: Դավիթ Շահնազարյանը պահանջեց փաստահավաք խմբի նյութերը հրապարակել և կցել քրեական գործերին: Դավիթ Շահնազարյանը նաև միջազգային հանրությունից պահանջեց ստեղծել միջազգային անկախ հանձնաժողով, որը անաչառորեն կլծվի մարտի 1-ի գործողությունների բացահայտմանը «Սերժ Սարգսյանը, լուծարելով Փաստահավաք խումբը, կատարեց ինքնախոստովանանք` ընդունելով, որ մարտի 1-ի բոլոր հանցագործությունները կատարել իրականացրել և փորձել է թաքցնել այս իշխանությունը»,-ասաց Դավիթ Շահնազարյանը:
Արամ Սարգսյանը կարճ ելույթ ունեցավ: Ի՞նչ ենք անելու` հարցին, ինքն էլ պատասխանեց` «չօգնել այս իշխանություններին իշխանությունը պահելու, քանի որ այս իշխանությունները երբեք այսքան թույլ չեն եղել, քան հիմա են»: «Ղարաբաղի, հայ-թուրքական հարաբերությունների հարցում ևս իշխանություններն ընկել են փակուղու մեջ: Այս իշխանությունները մեզ այլ բան են ասում, Թուրքիայի իշխանությունների` այլ բան, սփյուռքին` այլ բան, այլ բան են ասում Ղարաբաղի ժողովրդին, այլ բան` Ռուսաստանին, այլ բան են ասում` մեզ»,-ասաց Արամ Սարգսյանը և հավելեց, որ առաջիկայում իրենց հանրահավաքի ցանկացած կոչին ժողովուրդը անմիջապես հավաքվի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել