Ոչ մի ֆերմեր չի օգտվել պետության կողմից տրվող անտոկոս վարկից
Հունիսի 12-13-ը աշխատանքային այցով Սյունիքում էր գյուղատնտեսության նախարարը` նախարարության վարչության պետերի հետ: «Կառավարությունը գյուղացու կողքին է ու աջակցում ինչով կարող է»,-Սյունիքի մարզպետարանում մարզի բոլոր շահագրգիռ կառույցների հետ հանդիպումը այս հայտարարությամբ սկսեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Վերջինիս խոսքով, ինքը իր թիմով մարզում է, որպեսզի վեր հանեն ոլորտում առկա խնդիրները:
Դրանք, ինչպես մնացած մարզերում նույն են` մեքենատրակտորային կայանների թարմացում, սերմնաբուծական կենտրոնների կայացում, պայքար անտառների ապօրինի ծառահատման դեմ եւ այլն: Գյուղնախարարությունն արդեն կառավարություն ծրագիր է ներկայացրել, որպեսզի թույլատրվի սահմանամերձ բնակվայրերի անտառներում իրականացրել թափուկների սանիտարական մաքրում: Ծրագրեր կան Սյունիքի մարզին հակակարկտային տեխնիկա տրամադրելու, վերամշակման ձեռնարկություններ վերաբացելու ողղությամբ: Նախատեսված է նաեւ Սյունիքում սպանդանոցի կառուցում: Մի խոսքով, խնդիրներ էլ շատ կան, ծրագրեր էլ: Մնում է միայն ճիշտ աշխատել, կանգնել գյուղացու կողքին, ինչին պիտի ձեռնամուխ լինի գյուղատնտեսության աջակցության մարզային կայանը /ԱՄԿ/, որը պետք է ֆերմերի, գյուղացու խնդիրը հասցնի նախարարություն: Այս հարցը, ըստ նախարարի խիստ է դրված: Վերջինս բերեց մեկ օրինակ` Արարատի մարզպետը չի ճանաչում տեղի ԱՄԿ-ի ղեկավարին, նշանակում է, ԱՄԿ-ը այնտեղ գոյություն չունի. «Ցանկացած ծրագիր պետք է այդ կառույցի միջոցով հասցվի նախարարություն: Պետք է, որ գյուղացու ամեն մի հոգսի մասին անհապաղ ահազանգի նախարություն»,-նշեց նախարարը: «Այ, նախարարության համարյա բոլոր վարչության պետերը այստեղ են, աշխատացրեք նրանց, պահանջեք ինձնից ու նրանցից: Իսկ եթե մի հարցով թերանան, զանգեք նախարարի թեժ գծին»,-խորհուրդ տվեց նախարարը: Գ. Ալավերդյանը ափսոսանքով նշեց, որ ոչ մի ֆերմեր չի օգտվել պետության կողմից տրվող անտոկոս վարկից: «Անցած տարվա պետբյուջեից հատկացված 100 մլն դրամը նույնությամբ մնում է. ոչ մի դրամ ոչ մի ծրագրի համար չի ծախսվել»,-ասաց նախարարը` ավելացնելով, որ «մարդիկ իրազեկման խնդիր ունեն»: Պատասխանելով լրագրողների հարցերին` նախարարը կտրականապես հերքեց այն տեսակետը, թե «վարկերի պայմանները կամ լավ չեն, կամ անհասանելի են շարքային գյուղացուն»: Մարզպետի խոսքով, Սյունիքի մարզի տարածաշրջանները իրենց առանձնահատկությամբ տարբերվում են միմյանցից ու պետք է ամեն մի տարածաշրջանի խնդիրներին տարբեր կերպ անդրադառնալ: Օրինակ, Մեղրիիում այգեգործությունը պիտի զարգանա, ոռոգման համակարգը նորոգման խնդիր ունի: Իսկ եթե Սիսիանի ու Գորիսի տարածաշրջանները հարուստ են ցանքատարածություններով, զբաղվում են անասնապահությամբ: Կապանի տարածաշրջանի գյուղերի մասին պետք է մտածել: Մասնավորապես, նպաստել կառուցելու Կապան-Գորիս-Տաթեւ կամ Կապան-Սիսիան ավտոճանապարհի Գորիսը շրջանցող ավտոճանապարհը: Նաեւ նախարարին առաջարկեց աջակցել Կապանի տարածաշրջանի գյուղական համայնքները գազաֆիկացնելու գործին: «36 գյուղից միայն 2-ն է գազաֆիկացվել: Կարծում եմ 21-րդ դարում սա անթույալտրելի է: Քանի որ ԾԻԳ-ը /Համաշխարհային բանկ/ գյուղական համայքներին խթանման ծրագրեր է իրականացնում, կարծում եմ պետք է հաշվի առնելով այդ հարցը: Դրանով եւ ապօրինի ծառահատումները կկրճատվեն»,-ասաց մարզպետ Ս. Խաչատրյանը:
Վերջինս «թասիբի» գցեց նաեւ ծննդով կապանցի նախարարին` ասելով, որ «գյուղերի գազաֆիկացման հարցը լուծելով, այդ փաստը կդառնա նախարարի կենսագրության ամենափայլուն էջը»: Նախարարը հանդիպումներ ունեցավ նաեւ Մեղրու եւ Գորիսի տարածաշրջաններում:
Մեկնաբանել