Դիմորդը կերել է հուշաթուղթը
Հայաստանում կրթական ոլորտը, մասնավորապես դրա բարձրագույն կրթական հատվածը հակաշուկայական է: Այս ոլորտում սպառողը, ի դեմս ուսանողի, հենց այնպես վճարում է մեծ գումար և չի պահանջում որակ: Ցանկացած այլ դեպքում, երբ գնում ենք անգամ չնչին բան, անպայման փորձում ենք հասկանալ, թե ինչ որակ ենք ստանում մեր վճարած գումարի դիմաց: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Եթե չկա որակի վերահսկողության ամենապարզունակ, բայց ամենաազդեցիկ մեխանիզմը, եթե սպառողը շահագրգռված չէ ապրանքի, ծառայության որակի մեջ, ապա ուզում եք 10 կրթության և գիտության նախարարություն ստեղծեք, մեկ է` այդ որակի վերահսկման մեխանիզմները մնալու են թերի: Մեզ պետք է վերջիվերջո հասնել նրան, որ ուսանողը առաջինը լինի կրթության պահանջատերը: Եթե ուսանողը դժգոհ եղավ մատուցված ծառայության որակից, նախարարությունը կունենա ավելի շատ ահազանգեր և ավելի մեծ լծակներ` հակադարձ կապով ազդելու: Եթե ուսանողը ծախսում է գումար ու շահագրգռված չէ ծառայության որակի մեջ, ստացվում է, որ մենք որակը վերևից ենք ուզում սերմանել, այն դեպքում երբ, որակի պահանջը, որպես կանոն, շուկայական ոլորտներում ներքևից է գալիս»,- ասաց նախարարը:
Նա ներկայացրեց հունիսի 2-ից մեկնարկած ընդունելության քննությունների միասնական ընթացակարգի արդյունքները` ըստ արդեն անցկացված 4 քննության: Ըստ այդմ` կենսաբանություն առարկայից միջին միավորը 11,7 է, ընդհանուր պատմությունից` 12, աշխարհագրությունից` 13, հայոց լեզու և գրականությունից` 11,4: Կենսաբանություն առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել 233 մասնակից` (13,27 %), ընդհանուր պատմությունից` 77 (15,04%), աշխարհագրությունից` 30 (7,73 %), իսկ հայոց լեզու և գրականություն առարկայից` 1193 մասնակից (9,78 %): Քննությունների բողոքարկման գործընթացը դեռ չի ավարտվել, հետևաբար միջին գնահատականը կարող է և փոխվել:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ ամենացածր միջին միավորը հայոց լեզու և գրականություն առարկայից է, առարկա, որը յուրաքանչյուր հայ պետք է լավ իմանա, և արդյոք սա նշանակում է, որ դպրոցներում այդ առարկաները վատ են դասավանդվում` Արմեն Աշոտյանը նշեց, որ «մենք առհասարակ հանրակրթական համակարգում կրթության որակի բարձրացման խնդիր ունենք բոլոր առարկաների հարցում»:
Հունիսի 16-ին կանցկացվի ֆիզիկայի միասնական քննությունը, 19-ին պատմության, 23-ին` ռուսերենի: «Դրանից հետո մենք կավարտենք միասնական քննությունների հիմնական փուլը, և մինչ հուլիսի կեսը մեր նախարարությունը կկազմակերպի լրացուցիչ քննությունները, որոնց մասնակցելու են այն դիմորդները, որոնք չեն հասցրել դիմել հաmապատասխան ուսումնական հաստատություններում համապատասխան քննությունները հանձնելու համար: Խոսքը մասնավորապես Ջավախքի մեր հայրենակիցների մասին է (ինչպես գիտեք, վրացական դպրոցներում ատեստատները մի քիչ ավելի ուշ են տալիս, և իրենք չեն հասցնում հիմնական փուլին մասնակցել), բանակից զորացրվածներ մասին է և այն դիմորդների մասին, որոնք հիմնական քննություններին չեն մասնկացել հիվանդության պատճառով` համապատասխան բժշկական տեղեկանքների հիման վրա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ վերոնշյալ 4 առարկայից էլ բավականին քիչ են բարձր միավորներ հավաքած դիմորդները: Իսկ մաթեմատիկա առարկայից, որի արդյունքների ամփոփոփումը դեռ շարունակվում է, 20 միավոր դեռևս ոչ ոք չի ստացել: Այլ են միավորները օտար լեզուների պարագայում: Ըստ նախնական տվյալների, անգլերենի ստուգված 8000 աշխատանքից 20 միավոր է ստացել մոտ 100-ը, 18 և 19 միավոր` 1000-ից ավելին:
Արմեն Աշոտյանը օտար լեզվի քննությունից ստացված բարձր գնահատականները բացատրեց թեստերի` ավելի դյուրին և մատչելի լինելով, քան հայոց լեզվի և մաթեմատիկայի թեստերն են: Նաև նշեց, որ դիմորդները ավելի լավ էին պատրաստվել: Որոշ քննակենտրոններում շրջանառվել են նաև հուշաթղթեր: Դրանց մի մասն արդեն առգրավվել է, սակայն դիմորդները կարող էին և արդեն օգտված լինել այդ հուշաթղթերից:
«Պատկան մարմիններին խնդրել ենք, որ զբաղվեն հուշաթղթերի խնդրով, ճշտել այդ հուշաթղթերի սկզբնաղբյուրը, ծագումնաբանությունը, համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացահայտվեն մեղավորները, և կանխվի նման տեսակի մեխանիզմի գործածումը հաջորդող քննություններին: Անգամ մի զավեշտալի դեպք եղավ. մի դիմորդ, որի ձեռքում հայտնաբերվեց այդ հուշաթուղթը, որից նա արտագրում էր, առգրաման պահին կերավ հուշաթուղթը»,- ասաց ԿԳ նախարարը:
Նրա համոզմամբ, ընդունելության քննությունների համակարգում դրսևորվող բացասական երևույթները գալիս են ընդհանրապես հասարակության մեջ արմատացած նմանատիպ երևույթներից: Եվ կրթական համակարգը չի կարող ամբողջությամբ պաշտպանված լինել այդ արատավոր երևույթներից:
ԿԳ նախարարը մատնանշեց երկու խնդիր, որոնք պետք է լուծել: Առաջինը ընդունելության քննությունների համակարգում մարդկային գործոնի չեզոքացումը կամ նվազեցումն է: Գործընթացի մեջ ներգրավված հազարավոր մարդկանց շատ դժվար է վերահսկել մեկ կենտրոնից` նախարարությունից, և ապագայում նախատեսվում է անցնել ավտոմատիզացված ընդունելության քնությունների: Այս համակարգը գործում է եվրոպական բազում երկրներում. դիմորդը համակարգչի առջև հանձնում է քննությունը, տեղում ստանում է գնահատականը, որը մուտաքագրվում է միասնական բազա, և կարող է փոխվել միայն բողոքարկման ընթացքում:
«Այդ համակարգը այս պահին թույլ կտա մեզ էլ ավելի վստահ լինել, որ քննությունները օբեկտիվ են, թափանցիկ և արդար: Համակարգչայնացումը այլընտրանք չունի: Դժվարանում եմ ասել` արդյոք մենք հաջորդ տարվա համար պատրաստ կլինենք անցնել այդ ավտոմատիզացված համակարգին, որովհետև հսկայածավալ ֆինանսական միջոցներ են պետք բոլոր դիմորդների համար համապատասխան պարագաներ, համակարգիչներ, համակարգեր ներդնելու համար: Մոտավորապես 13 հզ. հոգու համար պետք է ապահովել նմանատիպ լսարաններ: Բայց Հունգարիայի փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է էտապային եղանակով անցնել դրան. բնականաբար, սկսել պիլոտային փոքրածավալ քննություններից` փորձակելով այդ համակարգը որոշ ֆակուլտետներում, որոշ առարկաների համար, և դրական արդյունքների դեպքում տարիների ընթացքում այդ մոտեցումը տարածել ողջ համակարգի վրա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Երկրորդ խնդիրը, որը մատնանշեց նախարարը, կրկնուսույցների ինստիտուտն է, «որի սպասարկման համար մեր հայ ընտանիքները ծախսում են հսկայծավալ գումարներ»: Արմեն Աշոտյանի խոսքերով, ավագ դպրոցի ստեղծման նպատակն էր ապահովել այնպիսի որակի հանրակրթություն, որը դիմորդին հնարավորություն կտա, առանց կրկնուսույցի ծառայություններից օգտվելու, բուհ ընդունվել: Միաժամանակ Արմեն Աշոտյանը նշեց. «Որևէ մեկը չի կարող օրենքով արգելել որևէ մեկին հավելյալ կրթություն ստանալ: Դուք ինձ չեք կարող արգելել, ենթադրենք, երեկոյան գնալ և չինարեն պարապել: Սա արգելքների հետ որևէ աղերս չունի: Մենք ուզում ենք պայքարել ոչ թե այդ ինստիտուտի դեմ, այլ մենք ուզում ենք փոխել միջավայրը, որ կրկնուսույցների ինստիտուտը դառնա անպիտան, որ մարդը վստահ լինի, որ կարող է 1 մլն դրամ պարտք չանել մեկ տարվա համար, իր երեխային 2-3 առարկայից պարապմունքի չտալ»:
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ դպրոցների տնօրենները չպետք է կուսակցական լինեն, ինչի հետևանքով ընդդիմադիր հայացքներ ունեցող մի քանի տնօրեն է աշխատանքից հեռացվել` Արմեն Աշոտյանն ասաց, որ Սահմանադրությունը և օրենքներն են ամրագրում այն մասնագետական և սոցիալական խմբերը, որոնք չպետք է կուսակացական լինեն:
«Ուսուցիչների վերաբերյալ «Կուսակցությունների մասին» օրենքը և Սահմանադրությունը որևէ արգելք չեն դնում` կուսակցական պատկանելության քաղաքական նախասիրությունները արտահայտելու հարցում: Այսինքն` բնականաբար, խոսքը վերաբերում է ոչ թե այդ մեր մանկավարժների, դասախոսների կուսակցական պատկանելությանը, այլ կրթօջախները քաղաքական գործընթացներից դուրս պահելուն: Բայց այդ մարդիկ, բնականաբար կարող են լինել կուսակցականները և ուսանողները` այդ թվում»,-ասաց ԿԳ նախարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել