HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Գորիսում նշվեց Բակունցի ծննդյան 110-ամյակը

bakunc-kisandri

Ըստ Հրանտ Մաթևոսյանի` «Հայ դպրության մեջ Սյունիքը հինգ հազար տարի հերոսանում էր, իմաստանում էր, դառնում էր միջնաշխարհ, կուսաշխարհ, մենաշխարհ և սակայն մնում է հայոց աշխարհագրական բազում աշխարհներից մեկը: Հետո Սյունիքով անցավ Ակսել Բակունցը, եւ այդ երկիրը բնակեցվեց զարմանալի թախծոտ, սրամիտ եւ արդար մարդկանց մի մեծ բազմությամբ»:

Այս խոսքերի ճշմարտության մեջ մեկ անգամ եւս համոզվեցին Հայաստանի տարբեր ծայրերից  հունիսի 13-ին` Ա. Բակունցի ծննդյան 110 ամյակին Գորիսում հավաքված մարդիկ:

psakjpg

Գորիսում իսկական տոնախմբություն էր: Նախ մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ,  գրողներ ու գրականագետներ, Բակունցի հարազատներ, մեծ ու փոքր ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին մեծ գրողի հուշարձանին: Հետո Բակունցի անունը կրող դպրոցի աշակերները ներկայացրին հատվածներ նրա ստեղծագործություններից:

bakunci-tornuhin

Ա. Բակունցի թոռնուհին` Իրինա Բակունցը չի տեսել իր պապին: Միայն լսել է պատմածներով: Հայրը` Սեւադա Բակունցը, երբ խոսում էր իր հոր մասին ցավով էր պատմում, ու աշխատում էին «տանը խոսակցության թեման փոխել»: «Բայց ես հետաքրքրվում էի, մասնակցում էի Գորիսում կազմակերպվող նրա ծննդյան տոներին ու այդպես իմ մեջ մարմնավորվեց Ակսել  պապս»,-ասում է Ի. Բակունցը: Տիկին Իրինան պապիկին բնութագրում է որպես ճաշակով անձնավորություն: «Կարելի է գրել, գրելու տաղանդ ունենալ, բայց թե ինչպես ես գրում, այ դա է կարեւոր, Բակունցի այդ ճաշակն է կոնկրետ ինձ գրավում»,-ասում է թոռնուհին: Վերջինս  «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ է, ու երբ հոգնած է լինում, Բակունց է ընթերցում: Կոնկրետ ինքը մեծ գրողի ստեղծագործություններից առանձնացնում է  «Միրհավը» եւ «Ալպիական մանուշակը»: Հանդիսությունը շարունակվեց Ա. Բակունցի տուն-թանգարանում: Տանտիրոջ իրավունքով առաջինը բոլորին ողջունեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Մենք մեծ պարտք ունենք Ակսել Բակունցին ու բակունցագիտությանը: Մասնավորապես պիտի կարողանանք գտնել Բակունցի գերեզմանն ու գրական ժառանգության կորսված մասը, պիտի մինչեւ վերջ վերականգնենք ստալինյան վարչակարգի կամայականությունների հետեւանքով նրա խամրած փայլն ու փոխանցենք սերունդներին: 110 տարի է մեզ բաժանում Բակունցի ծննդից, 72 տարի` նրա ողբերգական մահից, բայց ինչպես միշտ, ինչպես առաջին ալպիական ծաղիկը, թարմ ու բուրավետ է նրա վաստակը»,-մասնավորապես ասաց մարզպետը: Վերջինիս որոշմամբ ստեղծվել է «Ակսել Բակունց» գիտա-մշակությանին  հիմնադրամ, որն ունի իրավաբանական  անձի կարգավիճակ, կունենա նստավայր ու աշխատակազմ,  գիտխորհուրդ: Հիմանադրամը  զբաղվելու է ոչ միայն Բակունցի, այլ  Գրիգոր Տաթևացու, Մովսես Խոտանանցու,  Գուսան Աշոտի, Սերո Խանզադյանի,  Համո Սահյանի, Աշոտ Սաթյանի ու սկսած միջնադարից` սյունյաց  աշխարհի բոլոր մեծերի`   գիտական ժառանգությունը ուսումնասիրելու եւ սերունդներին փոխանցելու առաքելությամբ: Հիմնադրամը նաեւ  կբացահայտի շնորհալի երեխաներին ու ամեն անգամ գրողի ծննդյան օրը, մարզպետի համոզմամբ, հիմնադրամը ասելիք կունենա:

levon-ananyan

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի խոսքով`  «խաչին տերն է զորացնում»: Գրողի կարծիքով, եթե մեծարում ես ազգային դասական արժեքին, ապա առաջին հերթին այդ արժեքը ծնող ժողովուրդն է իրեն մեծարում, «քանզի աշխարհին պարգևել է նման տաղանդ»: «Բակունցը մեր դժվար ժամանակներում, երբ հասարակական քաղաքական, հաճախ նաեւ մարդկային հարաբերության շփումները աղճատված են, բերում է ներդաշնակություն, խաղաղություն, սիրո  ու  մարդասիրության քարոզն է անում»,-ասաց Լ. Անանյանը: Գրականագետ, բակունցագետ Դավիթ Գասպարյանի համոզմամբ, պետք է խոնարհվել Բակունցի առաջ: Նրա կարծիքով, համաշխարյանցման դաժան այս գործընթացում, երբ ազգային արժեքները ոտնահարվում են, Ակսել Բակունցը գալիս, ասում, նույնիսկ մի տեղ էլ պահանջում է,  որ պետք է պահպանել այդ ամենը

: davit-gasparyan

«1920 թ-ին, երբ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն էին գծում, առանձնացնում, հայկական գյուղերում, որտեղ  մի ադրբեջանցի էին տեսնում` ադրբեջանական հող էին համարում: Բակունցը մասնակցում էր այդ գործընթացին ու հենց ինքը ահազանգեց Կենտկոմ` բացականչելով, եկեք ու տեր կանգնեք մեր հողերին, մեր հայրենիքի սահմանները ծվատում են»,-ասաց Դ.  Գասպարյանը: Բակունցագետի համոզմամբ, չկա այնպիսի մի երջանկություն, երբ գրողի ծնունդը նշում են նրա ծննդավայրում:  «Երնեկ դռները բաց լինեին ու Մահարու ծնունդը նշեինք  Վանում, Չարենցինը` Կարսում, եւ այսպես շարունակ: Բակունցը պիտի լինի այդ խորհրդանիշն ու մեզ ուղեկցի, որպեսզի մեր մեծերի ծննդյան տոները նշենք իրենց բնօրրաններում»,-իր խոսքը եզրափակեց  Դ. Գասպարյանը: Ի դեպ, վերջինս մարզպետի որոշմամբ արժանացավ «Ակսել Բակունց» ոսկյա հուշամեդալի` «Ակսել Բակունց. կյանքը ու ստեղծագործությունը» գիրքը հրատարակելու համար: Լոս-Անջելեսից այստեղ էր եկել նաեւ բանաստեղծուհի Սոնա Վանը: Ըստ նրա` երջանիկ է այն մայրը, որ այսպիսի տաղանդ է ծնել, էլ ավելի երջանիկ է այն ժողովուրդը, այն քաղաքը, որ մարմնավորում է այդ գրողին: «Գորիսը ինձ համար մինչեւ երեկ չքնաղ մի քաղաք էր մխրճված ժայռերի մեջ: Հիմա ես հասկացա, որ գորիսեցին, սյունեցին գիտի արժանավայել գնահատել իր ծոցից ելած զավակին ու առհավատաչյան Ա. Բակունցի 110 ամյակն է»,-ասաց Սոնա Վանը:

termine-marutyan

Գորիսի պետական  համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թերմինե Մարությանը զբաղվում է Բակունցի ստեղծագործության ուսումնասիրությամբ: Իր իսկ խոսքով, չի ուզում տուրք տալ տեղական մտածելակերպի գործոնին, բայց որպես սյունեցի, գորիսեցի հպարտանում է Բակունց երևույթով: «Մեր խնդիրը ոչ թե պիտի լինի  գրողի կյանքի դաժան պատմությունը, այլ պիտի ցույց տանք, որն է նրա կենդանության գաղտնիքը, ինչո±ւ են մնայուն նրա երկերը»,-ասաց Թ. Մարությանը: Վերջինս ունի «իր Բակունցը, ու ամեն անգամ կարդալիս մի նոր բան է բացահայտում»: Տուն-թանգարանից հանդիսությունը շարունակվեց Գորիսի փողոցներում: Գորիսեցիները իրենց տների առաջ սեղան էին բացել ու հյուրասիրւմ էին անցնող-դարձնողներին: Խորոված ու պասուց տոլմա, թթի, հոնի օղի ու մուսկաթի գինի… :

elena-tat

Ըստ 80-ամյա Ելենա Հովսեփյանի, «գյուղատնտես Բակունցը շատ էր սիրում էդ գինին»: «Բալա, ես տեսալ չիմ Ակսելին, բայց իրա մեծ քուրը ամուսնուս կողմից բարեկամ ա գալի: Հիբ իրանց աքսորեցին, ես եկա էդ վախտ Գորիս: Լեն ու բոլ ապրած ըմ լա, հիմա պակասություն էր էդ տանը: Ասին` Ելեն նեղվում ես, ասի չէ, շտեղ տուք, էնդեղ ա ես»,-ասաց Ելենա տատը` մշակույթի նախարարին հոնի օղի հյուրասիրելով:

tatron

Տոնախմբությունը շարունակվեց հին Գորիս գյուղում, որտեղ ժամանակին ամֆիթատրոն էր: Հենց այստեղ բոլորին ողջունեցին Բակունցի բոլոր հերոսները` Արթին պապը, Սիմոնը, Շարմաղ բիբին, Սոնան և այլոք: Բեմադրությունը հնարավորություն դարձավ Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետթատրոնի դերասաների ու  թատրոնի ու կինոյի ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանողների ուժերով: «Հուվ ուրախացել ա նրա շատ կենացը, հով էլ չի ուրախացել, նրա կենցան ալ թող նի, հուվ օզում չի մեր ձորերի լավը, վուչ նի նա, ցաքերը շլակը, թող ընկնի մըր քրծերը: Սերավ կացեք ժողովուրդ, քինանք խմինք   սերության կենացը, քյացինք..»,-պատգամեցին Բակունցի հերոսները:

hasmik-poxosyan

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ուրախ է, որ հանդիսությանը մասնակցեցին նաեւ փորքիկներ իրենց ծնողների հետ: «Փորձում ենք Բակունցի կերպարներին,   հերոսներին դարձնել մերօրյա: Չես իմանում, որ Բակունցից կառչեց, նրա որ տողից կառչեց: Մի օրն էլ, տաս օրն էլ, մի ամիսն  էլ բավական չէ, որ մենք վերարտադրենք նրա ստեղծագործությունները, կրկնենք նրա տողերը: Ուղղակի այդ երկերը մեզ ապացուցում են որ պետք է  այս հողի վրա ավելի պինդ կանգնել, ու պատհական չէ, որ Բակունցը հենց Սյունիքի ծնունդ է, չէ որ պատմական շատ իրադարձություններ հենց այստեղ են տեղի ունեցել կամ սկսել են Սյունիքից»,-ասաց նախարարը: Տոնական միջոցառումները եզրափակվեցին Գորիսի պետթատրոնի դահլիճում կայացած հանդիսավոր նիստով, որից հետո գորիսեցի դերասանները ներկայացրին  Ա. Բակունցի «Միրհավը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter