HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սեւերես չմնա….»

Ա. Բակունցի այս խոսքերն է բոլորին հիշեցնում տուն-թանգարանի տնօրենը

violeta-tat

Գորիսեցի 60-ամյա Վիոլետա տատը մեծ գրող Ակսել Բակունցի ծննդյան օրը` հունիսի 13-ին, իր փոքրիկ թոռներին տուն-թանգարան էր բերել: «Կողքի տանն ենք ապրում, բայց խոխենքը ստեղ մտած չէին, ասի` համոթ ա, գոնե էսօր տանիմ, տեսնան` հինչ կա թանգարանում»,- փոքր-ինչ ամաչելով` խոստովանեց տիկինը:

ynkuzeni2

Ակսել Բակունցի տուն-թանգարանի դռները միշտ բաց են այցելուների առաջ, սակայն նրա ծննդյան օրն այստեղ ավելի բազմամարդ է լինում: Գորիսի Մաշտոցի փողոցի թիվ 41 տան դիմաց մի մեծ ընկուզենի կա: Այս ծառը տնկել են 4 տարեկան Ակսելն ու հայրը` Ստեփան դային: Նախորդ դարի 40-ական թվականերին, երբ իբր փողոցն էին բարեկարգում, քաղաքի կոմունալ բաժինը սղոց է բերում, որ կտրի ծառը…Ակսել Բակունցի մայրը` Բոխչագյուլը, վրդովվում է, չի թողնում ու փրկում է ընկուզենին, որը մինչ օրս էլ բերք է տալիս: Անցնում ես ծառի մոտով, բացում ես դարպասն ու ներս մտնում Բակունցի մասունքներն ու հիշատակը պահող օջախ` տուն-թանգարան:

qmiqayelyan

Բակունցի տուն-թանգարանի հիմնադիր վարիչ, բանասեր Քաջիկ Միքայելյանի պատմելով, դեռեւս 1957 թ. էր ՀՍՍՀ մինիստրների խորհուրդը որոշել Գորիսում հիմնել Ակսել Բակունցի տուն-թանգարան, բայց աշխատանքը կազմակերպող չէին գտել: Հետո Էդ. Ջրբաշյանն ու Հ. Թամրազյանը հուշել են իր թեկնածությունը: Սերո Խանզադյանը, Բակունցի եղբայրը` Վահան Բակունցն ու որդին` Սեւադա Բակունցը, առաջարկել են նրան ստանձնել թանգարանի տնօրինությունը:

tangarani-srah

1970-ի սեպտեմբերին մասնակի բացվեց Ակսել Բակունցի տուն-թանգարանը: Դժվարություն կար նաեւ տան հարցում: Երբ Ակսելի ձերբակալությունից հետո հալածանք սկսվեց ազգականների հանդեպ, նրա եղբայրները` Գրիգորը եւ Արտավազդը, դիմեցին հորը, թե այլեւս հնարավոր չէ Գորիսում ապրել, որեւէ տեղից թող գումար գտնի, որ փախչեն Ռուսաստան: Եվ սկսում են մաս-մաս, տարբեր մարդկանց վաճառել տունն ու այգին: Հետո պետությունը նախ գնում է Սեվլիկյաններին պատկանող մասը, որտեղ եւ հիմնվում է տուն-թանգարանը:

bakunci-grasexan

Այդ ժամանակ թանգարանում եղել է մի հուշասենյակ եւ ճաշասենյակը, որը հիմա ցուցասրահ է: Բակունցի 90-ամյակի կապակցությամբ կառավարությունը որոշում է կայացրել ետ վերցնել շենքի ողջ տարածքը եւ Բակունցներին պատկանող ամբողջ հողամասը, եւ շենքը վերականգնվել է այնպես, ինչպես եղել է Ակսելի օրոք: Տուն-թանգարանում այժմ կա երեք սենյակ եւ հացատուն: Անմիջապես մուտքի դիմաց բացվում է Բակունցի հուշասենյակը, որն անվանում էին «Սանթրու կուճի օթախ»: Այստեղ Բակունցի գրասեղանն է, վերնաշապիկը, կահույքը, մոր գործած գորգը: Պատմում են, որ հենց այս գրասեղանի մոտ է Բակունցը երկնել իր ստեղծագործությունների մեծ մասը: Հաջորդ ցուցասրահը եղել է Բակունցների ճաշասենյակը, այստեղ ներկայացված են փաստաթղթեր, գեղանկարներ, լուսանկարներ, անձնական իրեր, գրքեր, ձեռագրեր: Մյուս ցուցասրահները Բակունցի ծնողների սենյակն է եւ հացատունը` կրկին իրական` Բակունցներին պատկանող իրերով… Հացատանը նաեւ գտել, բացել եւ վերականգնել են թոնիրը, հարազատները նվիրել են իրենց մոտ պահպանված Բակունցների պղնձեղենը: Ինչ վերաբերում է ֆոնդին, ապա 2 ֆոնդ կա` հիմնական եւ գիտաօժանդակ: Գիտաօժանդակ ֆոնդը մեծ արխիվ է դարձել եւ ուսումնասիրությունների աղբյուր` բակունցագիտության համար: Հիմնական ֆոնդի մեջ մտնում են Բակունցի ձեռագրերը, հարազատների ձեռագրերը, ժամանակակիցների հուշերը, կենցաղային իրերը, լուսանկարներ, գեղանկարներ:

marzpet-tnoren

Թանգարանը սկզբում Գորիսի մշակույթի բաժնի ենթակայության տակ էր, հետո դարձավ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղը: Բակունցի ծննդյան օրը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ շրջելով տուն-թանգարանում` տնօրեն Քաջիկ Միքայելյանը նորոգման հարց առաջ քաշեց: Մեր այն դիտարկմանը, թե նորոգումը չի վնասի, արդյոք, տան կոլորիտին, տնօրենը ճշգրտեց, որ խոսքը կոսմետիկ նորոգման ու ցուցադրությունն ընդլայնելու հարց կա: «Ցուցանմուշների պահպանման համար անհրաժեշտ պայմաններ չկան այստեղ, եւ շատ նյութեր, նկարներին փչանալու վտանգի տակ են»,- ասաց տնօրենը:

tangaran

Չջեռուցվող շենքում ձմռանը շատ ցուրտ է, ու այդ ժամանակ թանգարանը գրեթե չի գործում: Ըստ տնօրենի` 40 տարվա ցուցադրությունը թարմացնելու կարիք կա: «Նույնիսկ համակարգիչ չունենք, անվանի մարդկանց խոսքերը ունենք Բակունցի մասին, բայց ժապավենային ձայնագրություններ են, թվայնացնել է պետք: Այ սա խնդրեցի, որ իշխանությունները անեն»,- ասաց տնօրենը: Տոն օրերին խնդիրներից չեն խոսում, բայց Ք. Միքայելյանը ցավով արձանագրում է, որ Բակունցի հոբելյանական տարին նշելու համար պետբյուջեից գումար չեն հատկացրել: «Մտածում ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ պայծառ մարդու հիշատակը հավուր պատշաճի պահենք: Դժվար է եղել ստեղծել թանգարանը, բայց աստիճանաբար, հարազատները, մտերիմները կապվել են թանգարանի հետ, համալրել ֆոնդը, ու հիմա ունենք այնպիսի ֆոնդ, որ բոլոր բակունցագետները օգտվում են: Մենք էլ միշտ աջակցում ենք»,- ասաց Ք. Միքայելյանը: Հիշեցնելով Բակունցի խոսքերը`«Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սեւերես չմնա», նա կոչ է անում բարերարներին աջակցել տուն-թանգարանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter