HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերիշենցիները սեփական հողատարածքները վերադարձնում են համայնքապետարանին

15_06-verishenՎերիշեն համայնքի ղեկավարի սեղանին 11-ից ավելի սեփականության վկայականներ են դրված` կից դիմումներով. «Կամովին հրաժարվում եմ իմ ընտանիքին պատկանող սեփականաշնորհված Վերիշենի համայնքում գտնվող 360 քմ վարելահողից»: Նույնաբովանդակ դիմումներով սեփական խոտհարքներից ու վարելահողերից հրաժարվողների մեջ մինչեւ 4500 քմ հողատարածք ունեցող կա:

Վերիշենի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Շալունցի ասելով` սեփական հողատարածքներից հրաժարվողների թիվն իրականում շատ ավելի մեծ է, եւ պատճառը հարկերը չեն: 15_06-verishen-2Դիմումատուներից Արտավազդ եւ Նվարդ Բակունցները, ցույց տալով իրենց պատկանող խոտհարքի տարածքը, ասում են, որ իրենց ընտանիքը 3 բաժին խոտհարք է ստացել` 1,5 հա ընդհանուր տարածքով, որն ամբողջությամբ ժայռերի վրա է գտնվում: «Ես այս հողակտորից հենց բաժանելու ժամանակ եմ հրաժարվել, ոչ թե հիմա: Ամբողջը ապառաժ ա, խոտը միայն ձեռքով պետք է հնձենք: Այդտեղից ոչ ոք խոտ չի քաղում: Այդտեղ մյուս խոտհարք ունեցողները գոնե մի բաժին էլ հարթ տեղից ունեն, բայց մեր եղածը էս է»,- ասաց Նվարդ Բակունցը:

Տարեց կնոջ ասելով` սեփականաշնորհման ժամանակ իրենց էլ կարող էին հողակտորի մի մասն ավելի բարվոք տեղից հատկացնել, բայց չտվեցին: «Ասացին` եթե համաձայն չես` դիմում տուր, հրաժարվիր: Ես էս գյուղի ծնունդ եմ, ամուսինս էս գյուղի ծնունդ է, մենք պիտի այստեղից քոչե՞նք: Մինչեւ հիմա խոտ չենք բերել այդտեղից, բայց մինչ օրս կանոնավոր հարկը վճարել ենք»,- ավելացրեց տկն Նվարդը: Ի վերջո, ընտանիքը որոշել է հրաժարվել հողակտորից` այլեւս նպատակահարմար չհամարելով հարկ վճարել մի տարածքի համար, որից ոչ մի օգուտ չունի: Մեր հարցմանը, թե ավելի նպատակահարմար չէ՞ սեփական հողատարածքը վաճառել, քան վերադարձնել համայնքապետարանին, Ն. Բակունցը պատասխանեց. «Էդտեղ ո՞ւր է հող, որ ես էլ վաճառեմ: Այդտեղից ոչ մեկն էլ խոտ չի քաղում, բոլորն այդ տարածքից հրաժարվում են, ո՞ւմ վաճառեմ»: Վերիշենի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Շալունցը բացատրում է, որ Գորիս քաղաքի հարեւանությամբ գտնվող Վերիշեն գյուղը քիչ հողատարածք ունի: Սեփականաշնորհման ժամանակ արդարությունը պահպանելու մտադրությամբ գյուղացիներին վարելահողն ու խոտհարքը համամասնորեն բաժանել են ե՛ւ լավ, ե՛ւ վատորակ հողերից: Սակայն դա իր բացասական հետեւանքն է ունեցել: «Առանց այն էլ փոքր հողակտորները կտրատել ենք, որը հետագայում դժվարություններ է առաջացրել մշակելու հարցում: Պատկերացրեք` գյուղացին ցանքս կատարելու համար տրակտորը պետք է բերի գյուղի մի մասում գտնվող իր 350 քմ հողատարածքը վարելու կամ հնձելու համար, հետո տանի մեկ այլ հանդամասում գտնվող, դրանից քիչ ավելի կամ պակաս հողատարածքը վարելու համար, հետեւաբար, նրան ձեռնտու չէ ցանքս կատարելը»,- բացատրում է աշխատակազմի քարտուղարը: Ա. Շալունցի ասելով` բնակչությանը բացատրում են, որ տարեկան 3000 դրամ հարկ վճարելու համար չարժե հրաժարվել սեփականությունից, սակայն բոլորը չէ, որ համաձայն են իրենց հետ: Աշխատակազմի քարտուղարը հավաստիացնում է, որ հրաժարվողներին առաջարկել են հողամասը հանձնել մեկ ուրիշին` օգտագործման, որը մշակելու դիմաց սեփականատիրոջը կփոխհատուցի իր հարկերը վճարելով: «Շատերը հասկանում են, որ ճիշտ ենք ասում, եւ ոմանք հրաժարվեցին այդ մտքից, սակայն ովքեր պնդել են` գործ ենք կազմում, որպեսզի նոտարական կարգով ու կադաստրային գրանցումով կրկին վերադարձնենք համայնքի պահուստային ֆոնդին»,- ասաց նա: Որ սեփականությունից հրաժարվելը հարցի լավագույն լուծումը չէ, փաստել են նաեւ Վերահսկիչ պալատի աշխատակիցները մեկ տարի առաջ Վերիշենի համայնքապետարանում ստուգումներ կատարելիս` համայնքապետարանին առաջարկելով իրենց նախաձեռնությամբ ցանքս կատարել ազատ հողատարածքներում: Չէ՞ որ հողից հրաժարվելու արդյունքում պակասում են նաեւ համայնքային բյուջե մտնող գումարները` դժվարացնելով տեղական իշխանության աշխատանքը: Հետեւաբար, հողերի մշակման հարցում սեփականատիրոջից ոչ պակաս շահագրգիռ պետք է լինի համայնքապետարանը եւ փորձի այնպիսի լուծում գտնել, որը շահեկան լինի ե՛ւ սեփականատիրոջ, ե՛ւ համայնքապետարանի համար: Օրինակը կա այլ համայնքներում. նման իրավիճակները բացառելու համար սեփականատերերի համաձայնությամբ հողերի միավորում է կատարվել:

Սաթենիկ Մակարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter