Քրեական գործ չի հարուցվել. «ընկել են համաներման տակ»
Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչներն այդպես էլ չեն կարողանում պարզել, թե ով պիտի փոխհատուցի իրենցից շորթած 24 միլոն դրամը:
Ազատանի նորընտիր գյուղապետ Վարդան Իկիլիկյանն ավագանու որոշմամբ պատրաստվում է հայց ներկայացնել մայրաքաղաքի Ջրվեժ մայակ թաղամասի 26 շենք, 30 բն. հասցեում գրանցված «Շոու Բոքս» ՍՊԸ-ի դեմ: Գյուղապետի խոսքերով՝ այս ընկերությունը «մի լավ շոու կազմակերպելով գյուղացիների գլխին` դիմել է փախուստի»: Դեռեւս 2003 թ. մարտին «Շոու Բոքսի» ներկայացուցիչները Շիրակի մարզի ամենահարուստ ու ամենամեծ (1300 տնտեսություն) գյուղի բնակիչներին` ազատանցիներին առաջարկել են հեռախոսաֆիկացնել գյուղը: Պայմանագիր կնքելով նախկին համայնքապետ Կարուշ Ազատյանի հետ` նրանք յուրաքանչյուր ընտանիքից գանձել են 80 հազար դրամ: Ու չնայած ընկերությունն առաջարկել է փողը կես-կես վճարել, սակայն գյուղացիները` թվով 324 ընտանիք, առանց հապաղելու միանգամից վճարել են այն: Ըստ այդ պայմանագրի` «Շոու Բոքս» ՍՊԸ-ն պարտավորվել է «Գյումրի մարզի Ազատան գյուղում տեղադրել եւ շահագործման հանձնել «Քվանտ-512» տիպի հեռախոսակայան իր համապատասխան հեռախոսացանցով, գյուղի բնակիչներին` թվով 500 բաժանորդի (ըստ գյուղապետարանի ներկայացրած ցուցակի), հատկացնել 100 մկ-274 տիպի հեռախոսակապ»: Համայնքապետարանն էլ իր հերթին պարտավորվել է հեռախոսակայանի համար տարածք հատկացնել ընկերությանը, եռաֆազ հոսանքով ապահովել, կազմակերպել գումարների գանձումը բնակիչներից եւ «հեռախոսակայանի կառուցումից ու այն Գյումրի քաղաքի հեռախոսացանցին միացնելուց հետո` ընկերությանը շահագործման հանձնել քսան տարի ժամկետով»: Ըստ Ազատանի ներկայիս համայնքապետի` նախորդ համայնքապետ Կարուշ Ազատյանը հապճեպ, «անգրագետ» պայմանագիր է կնքել «Շոու Բոքսի» գործադիր տնօրեն Գագիկ Քոչարյանի հետ` Գյումրին պայմանագրի մեջ մարզ գրելով ու չպահանջելով անգամ ընկերության լիցենզիան: Այսպիսով, «Շուո Բոքսը» 2004 թ.-ից սկսել է շինարարական աշխատանքները եւ, ինչպես բնութագրում են գյուղացիները, մի հին` «դարն անցած» ԱՏՍ կայան է տեղադրել գյուղում ու խոստացած հեռախոսագծի փոխարեն իրենց անթել հեռախոսագիծ է «հրամցրել»: Այսինքն` ազատանցիները կարողացել են կապ հաստատել միայն համագյուղացիների հետ, ընդ որում` նույն ընկերությանն ամսական հինգ հարյուր դրամ բաժանորդավարձ վճարելով: Ընկերությունը պատճառաբանել է, թե ֆիքսված գումար պետք է վճարել նաեւ մատուցած ծառայությունների համար: Գյուղացիների ասելով` կապի որակն այնքան վատն էր, որ «խոսքը բերանդ անջատվում էր, իսկ երկու ամիս անց այն այլեւս չի աշխատել»: Իսկ Ազատանի ծայրամասային թաղամասեր «Շոու Բոքսն» այդպես էլ հարկ չի համարել հասնել ու հեռախոսակապ անցկացնել, թեեւ ամենից շատ գումար հենց այստեղից էր գանձել: Գյուղացիները, բնականաբար, բողոքի մեծ ալիք են բարձրացրել, սակայն «Շոու Բոքսի» ներկայացուցիչները, լսելով այդ մասին, անհետացել են: «Երեւի մտածեցին, որ Շիրակի մարզում մեր գյուղն ամենահարուստն է, ու հաշվարկներ կատարելով` եկան հենց մեզ թալանելու, եթե էդ ժամանակ «ԱրմենՏելը» բջջային հեռախոսակապը մի քիչ մատչելի ու հասանելի դարձներ շիրակցիներին, եթե հիշում եք` մեր մարզում քարտը 170-200 դոլարով էին վաճառում, ու հատուկենտ մարդիկ կային, որոնք օգտվում էին բջջային հեռախոսակապից, էսպիսի պատմության մեջ չէինք հայտնվի: Էն ժամանակվա 80 000 դրամը էսօրվա 160 000 դրամն է: Մի խոսքով, մտածված մեզ թալանեցին, մենք էլ միամիտ, ազնիվ մարդ լինելով` ընկանք թակարդը»,- դժգոհեց ազատանցիներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը: «Էսօր եթե սխալվես մի ճիշտ բան ասես, անմիջապես ոստիկանություն կամ դատախազություն են քարշ տալիս, դրա համար, կներեք, չեմ ուզում իմ անուն-ազգանունն ասել, հատկապես որ իրավապահներն այս ընկերության խաբեությունը մեծահոգաբար հանդուրժեցին, մատները-մատներին չխփեցին, մենք գյուղովի բունտ բարձրացրինք, ոստիկաններն աչքներս խաբելու համար եկան էս ընկերության ներկայացուցիչներին տարան, բայց կարճ ժամանակ անց նրանց բաց թողեցին ու ամեն ինչ մոռացան»,- ասաց մեր զրուցակիցը: Գյուղում իրավիճակը սրվեց 2008 թ. փետրվարի 25-ին` նախագահական ընտրություններից անմիջապես հետո, երբ տարիներով անհետ կորած «Շոու Բոքսի» ներկայացուցիչները որոշել էին Ազատանում տեղադրված հեռախոսակայանն ապամոնտաժել ու այս անգամ էլ ուրիշին վաճառել, ընդ որում, ինչպես փաստում է նորընտիր համայնքապետը, «կլիենտին» իրենց հետ գյուղ էին բերել: Տեսնելով նրանց` գյուղացիները ծեծուջարդ էին կազմակերպել, որին միջամտել էր Ախուրյանի ոստիկանությունը: Վերջիններս «Շոու Բոքսի» ներկայացուցիչներին իրենց հետ ոստիկանություն տանելով ` փաստորեն նրանց «փրկել էին» ազատանցիների վրեժխնդրությունից: Գյուղապետի բնութագրմամբ` այս ընկերության «ստորությունն» այն աստիճան էր, որ որոշել էին նորից խաբել գյուղացիներին՝ առաջարկել էին լուծել թվային հեռախոսների հարցը ու դրանով հարցը փակել: «Թվային հեռախոսը տասներկու հազար դրամ արժի, ու դժվար չէ ձեռքբերելը, իսկ «Շոու Բոքսը» 80 000-ի փոխարեն ուզում էր 12 000 դրամով պրծնել: Հիմա գյուղը այդպիսի 350 հեռախոս ունի, այնպես որ խաբեբա «Շոու Բոքսի» օգնության կարիքը ամենեւին չկար: Իսկ շորթած գումարները գյուղացիներին վերադարձնելը եղել է իմ նախընտրական ծրագրի կետերից մեկը: Իմ ընտրվելուց հետո ես «Շուո Բոքսի» տնօրենին գրավոր առաջարկություն եմ ներկայացրել` մինչեւ 2009 թ. փետրվարի 10-ը լուծել պայմանագիրը ու փոխհատուցել վնասները, բայց քանի որ պատասխան չեմ ստացել, ուրեմն կդիմեմ դատարան»,- ասաց Ազատանի նորընտիր համայնքապետը: Վերջինս 2003 թ. զբաղեցնում էր համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իսկ ինչու՞ համայնքապետը չի դիմում դատախազություն: Վարդան Իկիլիկյանի ասելով` անցած տարվա փետրվարին` ազատանցիների բողոքից հետո, իրենք դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին: Դատախազի հանձնարարությամբ այս գործով զբաղվել է Շիրակի մարզի քննչական վարչության Ախուրյանի բաժանմունքը: Սակայն ապրանքափորձաքննություն նշանակելու պատրվակով այն ուղարկվել է Հարկային պետական ծառայության հետաքննության ծառայություն, որտեղից էլ վերոհիշյալ ծառայության պետը` Վ. Նիկողոսյանը, նորընտիր համայնքապետին տեղեկացրել է, թե հանցանքն ընկել է համաներման տակ եւ խորհուրդ է տվել իր իրավունքները վերականգնել դատարանում: «Հետքը» Ախուրյանի քննչական բաժնից եւս հետաքրքվեց` քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: Այս գործով զբաղվող քննիչ Մամիկոն Մկոյանը մեզ տեղեկացրեց, որ անցած տարվա մարտ ամսին իրենք գլխավոր դատախազության հանձնարարությամբ զբաղվել են նյութերով, կատարել են հետաքննություն, սակայն համոզվելով, որ տնտեսական հանցանք է, այն հանձնել են հարկային ծառայությանը: Այսինքն` իրենց մոտ քրեական գործ չի հարուցվել, թեեւ, ըստ քննիչի, բազմաթիվ խաբված գյուղացիներ ցուցմունքներ են տվել Ախուրյանի քննչական բաժնում, «Շոու Բոքսն» էլ իր տված ցուցմունքում ընդունելով իր հանցանքը` պարտավորվել է փոխհատուցել վնասը: Քննիչի ասելով, քանի որ հանցանքը կատարվել է 2004 թ., այն ընկել է 2006 թ. հայտարարված համաներման տակ: Ուսումնասիրելով «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀԾ հետաքննության բաժնի հետաքննիչ Հ. Տոնոյանի որոշումը` կարելի է համոզվել, որ իրավապահները հրաժարվել են պատժել տնտեսական հանցանք կատարած Գագիկ Արամայիսի Քոչարյանին: ՀՀ Գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Բ. Ղալեչյանն էլ իր համաձայնությունն է հայտնել քրեական գործի մերժման կապակցությամբ: Փաստաթղթում մասնավորապես շարադրված է հետեւյալը. «Ոստիկանության Ախուրյանի քննչական բաժանմունքի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում, իրոք, պարզվել է, որ «Շոու Բոքս» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Քոչարյանը, առանց համապատասխան թույլտվության, Ազատան գյուղում տեղադրել է հեռախոսակայան միայն ներքին զանգեր կատարելու համար, ընդամենը բաժանորդագրված 327քաղաքացիներից գանձել է շուրջ 24 մլն դրամ, որոնցից մի քանիսն են սահմանված գումարից ցածր վճարել: Հեռախոսակայանը շահագործման հանձնելուց հետո 327քաղաքացիներից մի մասին` թվով 37 բաժանորդների, որոնք թեեւ կատարել են վճարումները, ընդհանրապես հեռախոսահամար չի տվել: «Շոու Բոքս» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Քոչարյանն իր բացատրությամբ հայտնել է, որ, իրոք, 2004 թ. ընթացքում Ազատանի գյուղապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն` նշված գյուղում տեղադրել եւ շահագործման է հանձնել 500 բաժանորդի համար նախատեսված հեռախոսակայան, սակայն համապատասխան թույլտվություն չունենալու պատճառով այն չի կարողացել միացնել «ԱրմենՏել» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի հեռախոսացանցին: Ինչ վերաբերում է բաժանորդների բողոքին եւ պատճառված վնասի հատուցմանը, ապա ինքը հեռախոսակայանի տեղադրման եւ շահագործման համար ծախսել է 28 մլն դրամ: Սակայն, պայմանագրով նախատեսված պահանջները չկատարելու պատճառով հեռախոսակայանի շահագործումը դադարեցվել է, որի հետեւանքով էլ բաժանորդներին պատճառվել է նյութական վնաս: Գ. Քոչարյանը հայտնել է նաեւ, որ ինքն առանց համապատասխան թույլտվության է կատարել հեռախոսակայանի տեղադրումը եւ շահագործումը, իսկ ինչ վերաբերում է բաժանորդներին պատճառված վնասի հատուցմանը, ապա այն կարող է կատարել միայն հեռախոսակայանը վաճառելուց հետո: Քոչարյանը զղջացել է կատարած արարքի համար, խնդրել է իր նկատմամբ կիրառել համաներում»: Հետաքննիչ Հ. Տոնոյանն էլ առանց առարկելու «ներել է» նրան ` խաբված, թալանված ազատանցիներին տալով հետեւյալ պատճառաբանությունը. «Այսպիսով, պարզվել է, որ «Շոու Բոքս» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Արամայիսի Քոչարյանի արարքում առկա են ՀՀ քր.օր.-ի 188 հոդվածի հատկանիշներ, սակայն նկատի ունենալով, որ նշված արարքը կատարվել է 2004 թ. ընթացքում եւ հաշվի առնելով 07.07.2006 թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 6-րդ կետի «ա» ենթակետը, որը բացառում է քրեական պատասխանատվության ենթարկել անձանց, ովքեր մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է ոչ ավել, քան երեք տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաեւ Քոչարյանը նախկինում դատված չի եղել եւ խնդրել է իր նկատմամբ կիրառել համաներում, ուստիեւ որոշեցի մերժել նրա վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը»:
Անի Ղուկասյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել