HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտանիքի հայրը դատապարտվում է հարեւանից ալյուր գողանալու համար

15_06-sasunikԱրագածոտնի մարզի Սասունիկ գյուղում ապրող երկրորդ դասարանցի Մարիամը փողոցից վազքով մտավ տուն ու սկսեց հերթով բացել ու փակել խոհանոց հիշեցնող իրենց սենյակներից մեկում թափրտված ամանները: Աղջնակը սոված էր եւ ուտելու բան էր փնտրում: Նկատելով, որ մոտենում են իրեն, հայացքը ներքեւ խոնարհելով` փորձեց դուրս գալ սենյակից: Երեւի զգալով, որ տեսան, թե իրականում ինչ էր փնտրում, ասաց. «Գնդակս եմ կորցրել, եկել ման եմ գալիս»:

Սակայն, մայրը` Շուշանիկ Անտոնյանը, նշեց, որ տանն ուտելու բան չունեն, եւ երեխաները մի քանի օր է սոված են մնացել: «Շատ վատ վիճակում ենք ապրում, նպաստի հույսին ենք, 30 հազար դրամ ենք ստանում, բայց կես ամիս էլ չի հերիքում: Մեր ընտանիքի պայմանները բավարարելու համար ամուսինս` Մասիսն էր մտածում, ինքն էլ բռնվել ա, մնացել ենք մենակ նպաստի հույսին»,- ասում է Շուշանիկը: Շուշանիկ Անտոնյանը պատմեց, որ ամուսինը ընկերների հետ միասին հարեւանի տանից ալյուր է գողացել, ու այդ պահին տան տերերը բռնել ու նրանց հանձնել են ոստիկանությանը: Դեռ պարզ չէ, թե Մասիսին քանի տարի են ազատազրկելու, քանի որ դատավարությունը շարունակվում է: 15_06-sasunik-2 «Գողություն է արել, որովհետեւ երեխեքին չէինք կարողանում պահել: 30 հազարով մի կերպ յոլա ենք գնում: Պարտք եմ անում, հետո պարտքը տանում փակում եմ, նորից եմ վերցնում: Ընդհանրապես ծայրը ծայրին չենք հասցնում: Երեխեքիցս երկուսը դպրոցահասակ են, լավ է` մի քանի ամիս դպրոցներին արձակուրդ տվեցին, երեխեքս կմնան տունը: Երանի եմ տալիս, որովհետեւ շատ է պատահել, որ աղջիկս պոկած կոշիկներով է դպրոց գնացել ու շատ ա ամաչել դրանից, բայց ես էլ փող չեմ ունեցել, որ նորը առենմ»,- ասում է Շուշանիկը: 15_06-sasunik-1Ընտանիքում մեծանում են 4 անչափահաս երեխաներ: Տունը բավականին խոնավ է, ինչի պատճառով էլ 4 ամսական Էրիկը միշտ հիվանդանում է եւ բժիշկների հսկողության տակ է: Այս ընտանիքն ունի 5 հազար քմ խաղողի այգի, բայց չեն մշակում, քանի որ հող մշակելու համար ոչ ֆինանսական միջոցներ ունեն, ոչ էլ` օգնող ուժ: «Իմ հող մշակողն ո՞վ է, ամուսինս բռնված է, ես էլ երեխեքիս հետ տանն եմ, փոքր են, իրանց պիտի պահե՞մ, թե չէ: Որ փոքր տղաս դեռ չէր ծնվել, ես էլ օրավարձով գնում, ուրիշների հողերն աշխատում էի, բանվորություն էի անում, օրը 2500-3000 դրամ տուն էի բերում, էլի մի բանով յոլա գնում էինք, բայց հիմա երեխես ոտքերս կապեց, չեմ կարում գնամ աշխատեմ ու սոված օրեր ենք անցկացնում: Չեմ ասի` անընդհատ, բայց ծնողներս են ինձ օգնում, որ յոլա գնանք: Աշխարհի չափ պարտքեր ունենք, լույսին պարտք ենք, ջրին պարտք ենք, խանութներին պարտք ենք, էլ ո՞րն ասեմ»,-ավելացրեց տիկին Շուշանիկը: Հետաքրքրվեցինք` արդյո՞ք իրենց վատ վիճակի մասին հայտնել են Արագածոտնի մարզպետին: Նրա ասելով` դիմել է, սակայն որեւէ շոշափելի արդյունք չի տեսել մարզպետարանից: «Տո բա չե՞մ դիմել, անցյալ տարի մի անգամ եմ գնացել մարզպետարան ու չեն օգնել, ասում են` կօգնենք, բայց մինչեւ հիմա ոչ մի հարցով չեն օգնել: Բայց այս տարի էլի եմ դիմելու, դիմում եմ գրելու մարզպետին ու տանեմ, տենամ էս անգամ ի՞նչ են ասելու»,- ասաց Շուշանիկը: Մեզ հետ Շուշանիկի ընտանիքին էր այցելել նաեւ Սասունիկ գյուղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Հակոբյանը: Նրա ասելով, այս ընտանիքի վիճակն իրոք ծանր է, քանի որ բացի 30 հազար դրամ նպաստից` այլ եկամուտ չունեն: «Միայն 200 հազար դրամ հողի վարձավճարների պարտք ունեն գյուղապետարանին, բայց մենք ենք ամաչում, որ գանք իրանց տուն, ասենք` Շուշանիկ, պարտքդ փակի: Մեր աչքի առաջ են, չե՞նք տեսնում, որ հազիվ են գոյատեւում, էլ ինչպե՞ս պարտքը կուզենք: Իհարկե, չեմ արդարացնում, որ ամուսինը գողություն է արել, բայց պարտքերի մեջ խրված են, երեւի դա է պատճառը, որ այդ քայլին է գնացել: Այն ժամանակ, երբ բռնված չէր, գնում էր գյուղի աղբանոցից պղինձ, ալյումին ու այլ գունավոր մետաղներ էր հավաքում, տանում հանձնում էր, էլի հացի փող էր աշխատում, հիմա ընդհանրապես օգնող չունեն»,- «Հետքին» պատմում էր համայնքապետարանի աշխատակիցը: Իսկ Արագածոտնի մարզպետարանի Սոցիալական աջակցության պետ Կարեն Շահազիզյանի փոխանցմամբ` իրենք այդ ընտանիքին կօգնեն, եթե եւս մեկ անգամ գրավոր դիմեն իրենց: «Ճիշտն ասած` այս դիմումներից արդեն հոգնել ենք, չեք պատկերացնում` ինչքան շատ են մեզ դիմում»,- մի տեսակ անտարբերությամբ ասաց պաշտոնյան:

Երբ փոխանցեցինք, որ Շուշանիկ Անտոնյանը մեկ անգամ մարզպետարան դիմում գրել է ու որեւէ օգնություն չի ստացել, վարչության պետը պատճառաբանեց, թե. «Հո դիմումները մենակ իմ մոտ չեն գալիս, կարող ա ուրիշ բաժիններով ա գնացել ու ինձ չի հասել, ասեք իրան` թող գա ինձ մոտ, ես ինչ-որ բանով կօգնեմ իրան»,-պատասխանեց Կարեն Շահազիզյանը: Նշենք, որ այս դեպքը եզակի չէ, երբ Արագածոտնի մարզի բնակիչները դժգոհում են մարզպետարանի վատ աշխատանքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter