
Դեբեդի ձկների քաշը ավելացել է. ինչո՞վ են նրանք սնվում
Դեբեդում ձկներն ու ձկնատեսակներն ավելացել են: Նախորդ տարիների համեմատ ավելացել են նաև ալավերդցի ձկնորսները: Նրանք վկայում են, որ վերջին շրջանում անհամեմատ մեծացել է Դեբեդի ձկների քաշը: Դեռ մեկ ամիս առաջ ալավերդցի Արման Շաքարյանը Դեբեդից իր աելով 6 կգ-անոց չալ ձուկ է բռնել: Այդ չալ ձուկն, ըստ Ալավերդիում շրջառվող լուրերի, Արման Շաքարյանից 40 հազար դրամով գնել է ալավերդցի Արթուր Միկոյանը: Ինչպես վկայում են ձկնորսները, չալի 1 կգ-ը վաճառվում է 15-20 հազար դրամով:
Արմանն իր բռնած ձուկը կես գնով է վաճառել: Դեբեդի ձուկ ուտող ալավերդցիները վկայում են, որ այն բացառիկ համեղ է: Ալավերդիում, սակայն, շատերը Դեբեդի ձուկը էկոլոգիապես վստահելի սնունդ չեն համարում և խուսափում են այն ուտելուց: Իր որսացած ձուկը չի ուտում նաև ձկնորսների մեծ մասը:
Հիշեցնենք, որ գետն են թափվում Դեբեդի ավազանի բոլոր բնակավայրերի, այդ թվում նաև Վանաձոր, Փամբակ, Թումանյան, Ալավերդի, Ախթալա քաղաքների կոյուղու կեղտաջրերն ու կենցաղային աղբը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչանքները, ինչպես նաև գետամերձ տարածքներում գտնվող քարի արտադրամասերի թափոնները:
ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Արմեն Սաղաթելյանը վերջին շրջանում Դեբեդի ձկների քաշի զգալի մեծացումը բացատրում է գետը թափվող հենց այդ օրգանական թափոններով, որոնք սննդի լուրջ պաշարներ են և ձկների պարարտացման աղբյուր:
Այսուհանդերձ, Դեբեդի ձուկը մեծ պահանջարկ ունի տարածաշրջանի հատկապես հասարակական սննդի օբյեկտներում: Եվ դա այն դեպքում, երբ առայժմ լրջորեն հետազոտված չէ, թե արդյոք կոյուղաջրերով և թունավոր պոչանքներով հագեցած գետի ջրային միջավայրում սնվող հայտնի չալ, կարմրախայտ, բեղլու, կողակ և մյուս ձկնատեսակներն էկոլոգիապես անվտա՞նգ են:
Արմեն Սաղաթելյանը հայտնեց, որ դեռ երեք տարի առաջ իր ղեկավարած էկոլոգանոոսֆերային կենտրոնը հետազոտել է Դեբեդի ձկան նմուշները: Ձկների լյարդում հայտնաբերվել են ծանր մետաղներ: Ա.Սաղաթելյանը վստահ է, որ ուտողները ձկան փորոտիքը հանելիս հեռացնում են նաև նրա լյարդը: Գիտնականը, սակայն, ավելորդ չհամարեց Դեբեդի ձկնատեսակների առավել մանրազնին հետազոտման անհրաժեշտությունը:
Ըստ ձկնորս Ռոբերտ Մնացականյանի՝ Դեբեդի մյուս ձկների 1կգ-ի շուկայակամ գինը 2-3 հազար դրամ է: Ձկնորս Լևոն Ավագյանն ասում է, որ առանձին հաջողված օրերի 2-3 կգ ձուկ է բռնում Դեբեդից:
«Դե, հիմա Դեբեդի չալ տեսակի ձուկը շատ թանկ է: Տարբեր ձկներ կան այստեղ. կողակ կա, բեղլու կա, կարմրախայտ կա: Իմ բռնած ձուկը ընտանիքով ենք ուտում»,- ասաց ձկնորսը: Լևոն Ավագյանը նաև հավաստիացրեց, որ ձկնորսությամբ է զբաղվում ոչ այնքան ընտանիքի համար ձուկ տանելու, որքան հանգստանալու համար:
Նույն է ասում նաև Ռոբերտ Մնացականյանը: «Զբաղվում եմ, էլի, ներվերս հանգստացնում է: Ճնշումս բարձրանում է մինչև 180, երբ սկսում եմ ձուկ որսալ, հանգստանում եմ: Ես ձուկը հետաքրքրության համար եմ բռնում: Ամեն օր գալիս եմ: Միշտ նույն տեղն եմ գալիս: Ես իմ բռնած ձուկը չեմ ուտում: Ձկնորսը ձուկ չի ուտում»,- ասում է ձկնորսը:
Նա պատճառաբանում է, որ գետը մաքուր չէ, այդ պատճառով էլ չի կարողանում ուտել իր բռնած ձուկը: Դրա փոխարեն նա իր բռնած ձուկը տալիս է նրան, ով խնդրում է: «Խնդրողներ շատ են լինում»,- ասաց Ռոբերտ Մնացականյանը:
Ձկնորսները պատմեցին, որ ձուկ որսալը Դեբեդում ավելի հեշտ է օրվա երեկոյան ժամերին: Շուրջ կես ժամվա ընթացքում Ռոբերտ Մնացականյանը որսացել էր 5 բեղլու: Նա վստահ էր, որ մինչև ժամը 21:00-ն մոտ 15 հատ ձուկ կբռնի:
Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամաս տանող մայրուղու հարևանությամբ գտնվող, Դեբեդին հարող հենապատի մոտ կանգնած ձուկ էր որսում Փիրուզյան թաղամասի բնակիչ Ռաֆիկ Առաքելյանը: «Էս մի ժամ կլի ըստի եմ, դեռ մի հատ էլ ա ձուկ չեմ բռնել»,- ասաց անհաջողակ ձկնորսը:
Ռաֆիկը բացատրեց, որ հենապատին չի նստում, որովհետև վախենում է գետի կողմից հենապատի քարերի խոռոչներից դուրս եկող օձերից: «20 սմ հաստություն ունեն, դրանցից վախում եմ»,- ասաց նա:
Պարզվեց՝ այս ձկնորսն էլ, ինչպես ինքն ասաց, «երևի մի 4-5 տարի կլի պրոստո» զբաղվում է ձկնորսությամբ: «Սկի չեմ էլ ուտում ես ձուկը»,- ասաց Ռաֆիկը, ով 63 տարեկան է և սրտի հետ կապված խնդիր ունի: «Մի սուտ ինֆարկտ ա խփել: Բժիշկն ասել ա՝ ջրի ղրաղներումը զբաղվի»,- բացատրեց Ռաֆիկը:
Նրա բռնած ձկները երեխաներն ու թոռներն են ուտում: «Ես վափշե չեմ ուտում: Ցավը գցես վրես, էս ձկնիցը ես չեմ ուտում: Մի բան տեհել եմ էս ջրի մեջ, մարդու էն ոնց են ասում' փորեր մորեր մեշոկի մեջ, դրա հմա էլ չեմ ուտում, անցկենող տարի եմ տեհել: Դիահերձած մարդու փորոտիք էր: Անցկացած տարվա, երևի էս ամսներին կլեր: Ես մի անգամ եմ տեհել, բայց շատ անգամներ շատերն են տեհել: Կարող ա չաստնի տանը դիահերձում են, տանում են գցում»,- ասաց Ռաֆիկ Առաքելյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է թույլատրում, որ իր բռնած ձկներն ուտեն թոռները և ընտանիքի մյուս անդամները՝ պատասխանեց. «Որ ուտում են, ի՞նչ կարաս անես: Լրիվ ուտում են, ինչ ա ըլում որ: Պրոստո ես էս ձկնից զզվում եմ»:
Դեբեդում հաճախ հանդիպող, դիահերձված մարդկանց փորոտիքով լեցուն պարկերի մասին վկայեց նաև ձկնորս Սուրիկ Շախկյանը: «Դե հմի, ես ասեմ, չասեմ, էդ սաղին էլ պարզ ա»,- ասաց նա:
Սուրիկ Շախկյանն ասում է, որ մսի թանկության պայմաններում շատ աղքատ ալավերդցիներ միս ուտելու պահանջը բավարարել են Դեբեդի ձկով: «Լավ է, վատ է' աղքատ մարդիկ կերել են, մսի կարիք էլ չեն զգացել: Շատերն էլ իրենց բռնած ձուկը ծախել են ու իրենց ընտանիքի գոյությունը քարշ տվել»,- ասաց ձկնորսը:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել