HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Կուզենայի, որ դասագիրքը լիներ դպրոցի համար, ոչ թե որոշ մարդիկ դրանից հարստանային».-ասում է դպրոցի տնօրենը

Արմավիրի մարզի Ծիածան գյուղական համայնքի միջնակարգ դպրոցը առաջիկա 1-2 տարվա ընթացքում դառնալու է ավագ դպրոց: Դրանից ելնելով էլ` այսօր այս դպրոցից սպասվող ակնկալիքները բարձր են, ինչպես ուսման որակի առումով, այնպես էլ ուսուցչական անձնակազմով: 15_06-v_babayan«Հետքի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Վալերիկ Բաբայանը մեզ փոխանցեց, որ մինչ օրս աշակերտները հանձնել են քննություններ` հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներից եւ որակական փոփոխությունները նախորդ տարվա հետ համեմատ այնքան էլ մեծ չի եղել, բայց դրական միտում է նկատվել: Դպրոցն ունի 334 աշակերտ, որից 45-ն այս տարվա շրջանավարտներն են: Նրանցից 14-ը ավարտական քննությունները հանձնում են մարզկենտրոնում` միասնական կարգով եւ հիմնականում մաթեմատիկայից ու հայոց լեզվից ստացել են 14, 15, 20, 25 միավորներ: «Մենք նորմայի մեջ ենք, իսկ եթե ընդհանուր համեմատենք ամբողջ հանրապետության կրթական որակը, ապա բոլոր տեղերում էլ որակական անկումը նկատելի է: Դրան նպաստում է գրքերի ոչ նորմալ լինելը: Ամեն տարի գիրք են փոխում: Իմ կարծիքով, քանի դեռ դպրոցական դասագրքեր կազմելիս այդ աշխատանքներում ներգրավված չէ դպրոցի ուսուցիչ, այս վիճակն ենք ունենալու: Գիտնականը, ակադեմիկոսը կամ բուհում աշխատող մարդը, ինձ թվում է, ի վիճակի չէ նորմալ գիրք գրել: Սոսկալի դժգոհ եմ Հայոց պատմության դասագրքերից: Գրքի հեղինակը ակադեմիկոս Բարխուդարյանն է, եւ այդ գիրքն ավելի շուտ գիտական աշխատություն է, քան դասագիրք: Յուրաքանչյուր թեմայի մեջ կան 40-50 տեղանուներ, թվականներ: Ինձ թվում է, հարգելի Բարխուդարյանն էլ այդ բոլորը չի կարող հիշել: Իմ խնդրանքը գիրք ստեղծողներին է ուղղված, որ պարզ գրեն: Մաթեմատիկան էլ շատ բարդ է գրված: Դասարաններում 3-4 հոգին են թեման հասկանում, դրանով դասարան չի լինի, պետք է պարզ լինի, որ գոնե 60-70 տոկոսի մոտ հասկանալի լինի: Նույնը վերաբերում է աշխարհագրությանը, Արեւմտյան Հայաստանի նույնիսկ առուների անուններն էլ դասագրքերում գրված է: Շատ դժվար է նաեւ ուսուցիչների համար: Ես չեմ ուզում, որ դասագրքերը դառնան բիզնես առարկա, ցավոք այսօր այդպիսին է: Կուզենայի, որ դասագիրքը լիներ դպրոցի համար, ոչ թե որոշ մարդիկ դրանից հարստանային: Չգիտեմ, տենդեր է հայտարարվում, թե մրցույթ, փաստորեն այդքան քննադատելուց հետո պատմության դասագրքերի հեղինակը էլի մնացել է նույնը: Սրա տակ հասկանում եմ, որ երեւի հարստանալու միջոց է` առանց հաշվի առնելու հանրության կարծիքը»,-վրդովված ասաց պարոն Բաբայանը: Զրուցեցինք նաեւ Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանի հետ: Նա նույնպես հաստատեց, որ դասագրքերը բավականին բարդ են եւ աշակերտները դրանցից գլուխ չեն հանում: «Կրթության նախարարությանը մենք բոլոր առարկաների գծով առաջարկություններ ներկայացրել ենք, որ դասագրքերը բարդ են եւ պետք է վերանայվեն: Նախարարությունից մեզ ասել են, որ կվերանայեն, բայց ոչինչ էլ չի արվել: Արդեն 3-4 տարի է, երբ ես, որպես վարչության պետ, տարեկան հաշվետվություն եմ տալիս, իմ ելույթին ներկա են լինում նաեւ Ազգային ինստիտուտի բոլոր դպրոցական առարկաների մեթոդիստները: Ամեն տարի մեր մասնագետները դասագրքերի հարցը բարձրացնում են, բայց ոչինչ չի արվում: Օրինակ, հայոց լեզվի եւ ֆիզիկայի դասագրքերը ոչ միայն բարդ են, այլ նույնիսկ թեմայից են շեղված: Դրա արդյունքն էլ եղավ այն, որ այսօր ավարտական քննություններում հայոց լեզվի գնահատականներն այդքան ցածր են»,- ասաց Գ. Սայադյանը: Վալերիկ Բաբայանն էլ հավելեց, որ իրենց դպրոցում կան երեխաներ, որոնք իրենց ստացած գնահատականներով հանրապետության միջին որակի մեջ տեղավորվում են: Իսկ մի քանի ծնող էլ փաստեցին, որ ընդհանուր ավարտական քննությունները դպրոցում անցկացվել է բավականին պատրաստված: Դպրոցի տնօրենին մեկ այլ հարց էլ է հուզում: Այս տարի մանկավարժները ատեստացիա են անցնելու եւ մտահոգված է, որ շատ ուսուցիչներ դուրս կմնան դպրոցից: Այսօր ցավոք ունենք մանկավարժներ, որ աշխատում են խորհրդային ժամանակաշրջանի մեթոդներով: Ես չեմ ասում, որ խորհրդային ժամանակաշրջանի մեթոդները վատն են, բայց ժամանակները փոխվել են եւ այսօր մեծ դժվարությամբ ենք երեխաներին գրքի հետ կապում: Բացառված չէ, որ ատեստացիայի ժամանակ շատ ուսուցիչներ չանցնեն, որովհետեւ այսօր հատկապես գյուղական ուսուցիչներն իրենցով չեն զբաղվում: Երբ ուսուցիչը ֆինանսական կարիքներ ունի, մատյանը դնում է ու անմիջապես ձեռքն է վերցնում քախանի ուրագը, նրան այլեւս ժամանակ չի մնում, որ  զբաղվի իր մասնագիտական գիտելիքները հարստացնելու համար: Եթե ուսուցիչը իրոք կոչումով ուսուցիչ է, ապա պետք է լոկ մանկավարժությամբ զբաղվի: Չնայած 8 համակարգիչ ունենք, բայց մեր ուսուցիչների 90 տոկոսը համակարգիչ չգիտի, եւ նախատեսել եմ, որ այս տարի դպրոցում անվճար համակարգչային դասընթացներ կազմակերպենք նրանց համար: Ատեստացիայի հիմնական պայմաններից մեկն էլ համակարգչին տիրապետելն է, իսկ մեր ուսուցիչները չեն տիրապետում»,- ասաց տնօրենը: Պարոն Բաբայանին հարցրինք, երբ ուսուցիչը իր գիտելիքները հարստացնելու փոխարեն հողագործությամբ է զբաղվում, այստեղ մեղավորը ուսուցիչն է, թե պետությունը, ասաց. «Երկուսն էլ մեղավոր են: Եթե ուսուցիչը բավարարված լինի հող չի մշակի իր աշխատանքի հաշվին: Ես կցանկանայի տեսնել կոկիկ, գեղեցիկ հագնված, երկու օրը մեկ նոր զգեստ հագնող ուսուցչի, չէ± որ աշակերտը պետք է ուսուցչից սովորի կոկիկ հագնվել, տեսնել հարդարված եղունգներ, դրանք բոլորն էլ խնդիրներ են, ցավոք հանրապետությունով մեկ է այդպես: Ուուցիչը հասկանում է, որ իր աշխատավարձը իր վերջնական եկամուտը չէ, որով կարող է ընտանիք պահել եւ հեկտարներով հող է մշակում: Իհարկե, շնորհակալ ենք նաեւ կառավարությունից, որ վերջին տարիներին բավականին բարձրացրեցին մեր աշխատավարձերը: Հիշում եմ 1999 թվականին իմ աշխատավարձը 8330 դրամ էր, իսկ հիմա մոտ 150 հազար եմ ստանում եւ այսօր այդ գումարով կարողանում եմ մի քիչ ինձ տնօրենի պես պահել, ասենք հագուստներ գնել, մի երկու վերնաշապիկ էլ ավել ունենալ»: Տնօրենի փոխանցմամբ, այս տարի դպրոցի համար 200 հազար դրամի գրականություն են գնել, եւ արդեն նկատել է, որ հատկապես ցածր դասարանի երեխաները սկսում են կարդալ: Ըստ, Վ. Բաբայանի` եթե ուսուցիչը պահանջում եւ պարտադրում է` երեխան անպայման կարդում է եւ երեխայի գիրք չկարդալու մեջ մեղադրեց նաեւ դպրոցներին ու ուսուցիչներին: Գալիք տարվա ընթացքում նույնպես նախատեսել են 200 հազար դրամի գիրք գնել: Նկատեցինք, որ տնօրենի ընդունարանի դիմաց փակցրած էր Հանրապետական կուսակցությանը վերաբերող ցուցանակ: Վալերիկ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ինչու± է դպրոցը քաղաքականացրել: «Ես այդ կուսակցության անդամն եմ, ինձ թվում է, որ վատ բան չեմ արել, որ անդրադարձել եմ կուսակցության ղեկավարներին: Մեր դպրոցը վերանորոգվել է հենց նրանց շնորհիվ: Այսօր ինչ տեսնում եք դպրոցում դրա համար պարտական ենք մեր լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Այսօր, որ բոլոր աշակերտների համար ունեմ սեղան, աթոռ, ստացել եմ այս  իշխանությունների օրոք: Պետք է գնահատել աշխատանքը: Ինձ հետաքրքրում է, որ դպրոցը լավ լինի, ինձ չի հետաքրքրում, թե որ կուսակցությունը կանի` ընդդիմադիր, թե դիմադիր, թող գան մի բան անեն, մենակ խոսելով գործ չի արվում: Ինձ մնացել է 3-4 տարի թոշակի գնալու ու ուզում եմ, որ ինձ գոնե մի քիչ հիշեն»,- նշեց տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter