HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ընտրություններից հետո

Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո Հայ ազգային կոնգրեսի վերաբերյալ բավականին կոշտ արտահայտվեց «Ժառանգություն» կուսակցության ամենաակտիվ անդամներից մեկը՝ Զարուհի Փոստանջյանը։

«Պետք է բոլորս մտահոգվենք, որ որպես ընդդիմություն, որպես քաղաքական ուժ՝ այս ուժը դեռ չի կայացել եւ վստահություն չի վայելում մեր ընդդիմադիր ժողովրդի կողմից»,-հայտարարեց նա։ Մի քանի օր անց «Ժառանգության» դե ֆակտո առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իհարկե, պարզաբանեց, որ Փոստանջյանը ոչ թե կուսակցության ընդհանրական, պաշտոնական մոտեցումն է արտահայտել, այլ միայն իր սեփականը։ Սակայն դրանից ընտրություններից հետո ջրի երես դուրս եկած այս երկու ուժերի միջեւ առկա որոշակի լարվածությունը չվերացավ. դրա հիմքերը բոլորովին այլ են։ Փոստանջյանի շուրթերով «Ժառանգությունը», փաստորեն, ՀԱԿ-ին պատասխան տվեց ընտրություններից առաջ իր նկատմամբ վերջինիս իրականացրած քարոզչական ճնշումների համար, որոնց հետեւանքով «Ժառանգությունը» հայտնվեց փաստացի խաղից դուրս վիճակում։ Այն ժամանակ որդեգրելով «չեզոք» արբիտրի դեր՝ «Ժառանգությունը» գործելու ողջ դաշտը թողեց միայն ՀԱԿ-ին՝ դրանով իրենից, որպես ընդդիմություն, թոթափելով ընդդիմադիր դաշտի հնարավոր պարտության պատասխանատվությունը։ Նման կեցվածքը, անշուշտ, բխում էր իր անկախ կարգավիճակը չկորցնելու, ՀԱԿ-ի միանշանակ գերիշխանությունը չընդունելու քաղաքական կեցվածքից, ինչը Տեր-Պետրոսյանը փորձեց ջարդել՝ նախընտրական ցուցակի ձեւավորման հարցում «Ժառանգության» հետ որեւէ փոխզիջման չգնալու միջոցով։ «Մենք տեսնում էինք, որ մեր գործընկերների ու ընդդիմադիր մամուլի կողմից չկա այդ տոլերանտ վերաբերմունքը, որպեսզի թույլ տային երկրորդ ընդդիմադիր ուժը գործի»,- անդրադառնալով նախընտրական շրջանում երկու ընդդիմադիր ուժերի միջեւ ստեղծված հարաբերություններին՝ վերջերս ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։ Երեւանյան ընտրություններում ՀԱԿ-ի պարտությունն առավել քան ակնհայտ էր։ Եվ դա պայմանավորված չէր այն ընտրախախտումներով ու կեղծումներով, որոնց, իր ձախողումը պատճառաբանելիս, անընդհատ հղում է անում ՀԱԿ-ը։ Չնայած վերջինի հավակնոտ նպատակներին՝ ՀԱԿ-ին ողջ քարոզարշավի ընթացքում չհաջողվեց իր լայն ընտրազանգվածին նախապատրաստել միանգամայն կանխատեսելի ընտրախախտումներին եւ հետընտրական զարգացումներին։ Արդյունքում ընդդիմության ընտրազանգվածը, այդ թվում նաեւ «Ժառանգության», ընդհանրապես ընտրատեղամաս չգնաց։ Այս իմաստով ՀԱԿ-ը պարտվեց ոչ թե իշխանությանը, այլ ինքն իրեն։ Հանգամանք, ինչի հետ այս դաշինքում ոչ մի կերպ հաշվի չեն նստում։ Հենց այս ցավոտ կետի վրա էլ «Ժառանգությունը» դնում է մատը՝ փորձելով վերականգնել ընդդիմադիր դաշտում ընտրությունների պատճառով իր կորցրած դիրքերը, հավասարակշռել երկու ուժերի ազդեցությունները՝ ստիպելով ՀԱԿ-ին վերջապես լուրջ վերաբերվել իր գործոնին։ Դրա համար «Ժառանգությունը» բավականին նպաստավոր ժամանակահատված է ընտրել։ ՀԱԿ-ի ձախողումը ընտրություններում ընդդիմադիր դաշտում նոր վերաձեւումների լայն հնարավորություններ է ստեղծում։ Հանրային նվազող վստահության նման պայմաններում ՀԱԿ-ն այլեւս որեւէ կերպ չի կարող թելադրողի դիրքերից հանդես գալ այս դաշտ ներթափանցելու փորձեր անող ուժերի նկատմամբ։ Եթե նախկինում ՀԱԿ-ը եւ մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանը այդպիսի ուժերին պարտադրում էին ընդունել միայն իրենց խաղի կանոնները, ապա այժմ նրանք ստիպված են նույնիսկ փոխզիջումների գնալ, ընդունել այլախոհությունն ընդդիմադիր դաշտում։ Դրան նպաստում է եւս մի կարեւոր հանգամանք, որը ՀԱԿ-ում չեն կարող հաշվի չառնել։ Խոսքը վերաբերում է ՀՅԴ-ի դիրքափոխմանը եւ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելուն ուղղված քայլերին։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այս ավանդական կուսկացությունը եւս հանրային վստահությունը կորցնելու իրական վտանգի առջեւ է կանգնած, քանի որ կուսակցությունը եւս չստացավ իր ակնկալած ձայների մի հսկայական մասը։ Դա լուրջ ազդակ էր ՀՅԴ-ին առ այն, որ վերջանակապես չմարգինալացվելու համար անհրաժեշտ է շատ արագ փոփոխություններ կատարել թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական առաջնահերթություններում։ ՀՅԴ-ն, ըստ էության, արմատական ընդդիմություն դառնալու այլընտրանք այսօր չունի։ Հակառակ դեպքում հանրությունը նրան երբեք չի ընկալի իբրեւ իրական ընդդիմություն։ Իսկ որպեսզի այդպիսի նոր իմիջ ու կերպար ձեռք բերի, ՀՅԴ-ին անխուսափելիորեն անհրաժեշտ է լինելու առնվազն երկխոսություն սկսել ընդդիմադիր դաշտում գործող ուժերի՝ «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի հետ։ Նման երկխոսությանը կարելի էր եւ շատ լուրջ չվերաբերվել, եթե գոյություն չունենար մի գործոն, որը հստակորեն պայմանաորում է այսօր ընդդիմադիր դաշտում ստեղծված նոր, աննախադեպ իրավիճակը։ Թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Ժառանգությունը» եւ թե՛ ՀՅԴ-ն, ըստ էության, այնքան կայացած քաղաքական ուժեր են, որքան թույլ է տալիս հայաստանյան այսօրվա քաղաքական մշակույթը։ Նրանք ունեն գաղափարական հստակ ուղղվածություն, ներքին կազմակերպվածություն, գործողությունների հստակ ձեռագիր, ավանդույթներ։ Եվ չնայած գաղափարական տարբեր հոսանքներում գտնվելուն ՝ նրանք գործում են արժեքային ընդհանուր դաշտում, որն ընդդիմադիր դաշտը գաղափարահեն դարձնելու լուրջ պոտենցիալ ունի։ Այսինքն՝ այս եռյակի անգամ անուղղակի տանդեմի ձեւավորման արդյունքում հնարավոր է առաջացնել մի վիճակ, երբ ապագաղափարական հենքի վրա գտնվող եւ վարչական ռեսուրսների հաշվին գոյությունը պահպանող իշխանությանը կարող է հակադրվել կազմակերպվածության բարձր մակարդակ ունեցող գաղափարական ուժերի ընդհանրությանը։ Սակայն որպեսզի դա տեղի ունենա, նախ անհրաժեշտ է, որ նման ընկալում միաժամանակ ունենան թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Ժառանգությունը» եւ թե՛ ՀՅԴ-ն։ Մինչդեռ ի՞նչ իրավիճակ է այսօր այդ առումով։ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անցած շաբաթ ուղղակի հայտարարեց. «Ես կողմ կլինեի, որ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը խորհրդակցությունների շարք սկսեին, յուրաքանչյուրը սկսեր իր սխալներից եւ փորձեր համագործակցության նոր բանաձեւ անել։ Շփումը, հաղորդակցումը պետք են, եւ կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է սկսի իր սխալներից»։ Այսինքն՝ «Ժառանգությունը» նման համագործակցությունը դիտարկում է որպես ամենաարդյունավետ ուղիներից մեկը։ Միակ խնդիրը, որ առաջադրում է այս կուսակցությունը՝ իրեն իբրեւ հավասարազոր գործընկեր ընդունելն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ՀԱԿ-ը ձերբազատվեն իրենց նախկին «ամբողջատիրական» հավակնություններից։ Սխալներից սկսելու Հովհաննիսյանի ակնարկն այս իմաստով ինքնանպատակ չէ։ Չի կարելի բացառել, որ թե՛ ՀԱԿ-ը եւ թե՛ ՀՅԴ-ն հաշվի չեն առել այս մարտավարական բացթողումները։ Այսօր բոլոր նախադրյալները կան «Ժառանգության» հետ նոր տիպի հարաբերություններ ստեղծելու համար։ ՀՅԴ-ն, թեպետ դեռեւս ոչ պաշտոնապես, արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու Արծվիկ Մինասյանն այս կապակցությամբ անցած շաբաթ հայտարարել էր. «Դա այնպիսի բան է, որ չի կարելի չընդունել։ Պարզապես պետք է ճշտել, թե ի՞նչ գաղափարների շուրջ պետք է համախմբվել։ մասնավորապես մեր օրակարգում ազգային գաղափարների եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդումն է, եւ բնականաբար, այդ համատեքստում, կարծում եմ, ոչ միայն «Ժառանգության», այլ նաեւ մյուս քաղաքական ուժերի հետ անհրաժեշտ է համագործացության օրակարգ ձեւավորել։ Այստեղ կարող է որոշակի տարբերություն լինել. երբ կլինի կոնկրետ առաջարկությունը՝ օրակարգ ձեւավորելու շուրջ, կարծում եմ, այն ժամանակ ավելի հստակ պատասխան կտրվի, թե արդյոք հնարավո՞ր է այդ հարցերի շուրջ համագործակցել, թե՞ ոչգ Վստահ եմ, որ օրակարգի հարցեր էլ կձեւակերպվեն՝ սկսած ազգային հարցերից մինչեւ ներքին կյանքի հարցերը։ Այն ժամանակ, կարծում եմ, յուրաքանչյուր ուժ կկարողանա իր տեսակետը հայտնել եւ համագործակցության ուղղությունը տեսնելգ»։ Այս լավատեսության կողքին, սակայն, նկատելի է, որ ՀՅԴ-ում միասնական դիրքորոշում դեռեւս ձեւավորված չէ։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն, օրինակ, չի հավատում, որ նման գործակցություն հնարավոր է. «Միասին աշխատելու նրա (Ր. Հովհաննիսյանի-հեղ.) կոչը շատ ճիշտ է, սակայն մենք գիտենք, որ համագործակցությունը Հայաստանում քաղաքական ուժերի միջեւ դժվարացված է, որովհետեւ շատ մեծ դեր են կատարում ամբիացիաները»։ Ըստ էության նա նկատի ունի ՀԱԿ-ին, որովհետեւ այս ուժի հետ շատ ավելի մշուշոտ է տեսնում գործակցության հնարավորությունները. «Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա արբանյակ կուսակացությունները չեն կարող որեւէ մեկի հետ համագործակցել՝ չլինելով պապայի դերում։ Այս առումով մենք նրա հետ համագործակցելու ոչ թեմա ունենք եւ ոչ ընդհանուր դաշտ»,- ավելացրել է Հովհաննիսյանը։ Չնայած այս կտրուկ արձագանքին՝ ՀԱԿ-ում որոշակի քայլեր են ձեռնարկում՝ ՀՅԴ-ի հետ հարաբերություններում առաջացած սառույցը կոտրելու համար ։ «գԻնչ վերաբերում է մյուս կուսակցություններին, մասնավորապես Դաշնակցությանը եւ «Բարգավաճ Հայաստանին», ապա նրանք դեռ ընդդիմություն պիտի դառնան, որպեսզի նրանց հետ համագործակցելու անհրաժեշտությունից խոսվի։ Թեեւ հարկ է ճշտել, որ Դաշնակցությունը կարծես թե բռնել է այդպիսին դառնալու ճանապարհը, ինչն, անշուշտ, երկխոսության դուռ կարող է բացել»,- հունիսի 12-ին կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այսպիսով, ՀԱԿ-ը, փաստորեն, անուղղակի կերպով հայտարարում է, թե վերանայում է իր քաղաքականությունն այլ ուժերի հետ հարաբերությունները կառուցելու հարցում։ Նա այլեւս չի խոսում այն մասին, թե իրենց չմիացողներն ազգային դավաճաններ են կամ իշխանության խամաճիկներ, ինչպես նախկինում։ Դա նշանակում է, որ ՀԱԿ-ը համապատասխան հետեւություններ, այնուամենայնիվ, արել է ընտրություններից հետո եւ փորձում է, երկխոսության դաշտ ստեղծելով, դուրս չմնալ քաղաքական գործընթացներից եւ զերծ մնալ մարգինալացումից։ Երբ Դաշնակցության կամ «Ժառանգության» կողմից համապատասխան ազդակներ լինեն, ՀԱԿ-ի՝ ամբողջականության պահպանման խնդիրը կրկին երկրորդական պլան կմղվի։ Ահա այս նկատառումներից ելնելով է, որ Տեր-Պետրոսյանը փորձում է քաղաքական պահանջարկ ձեւավորել ՀԱԿ-ի շուրջ։ Եվ պատահական չէ, որ առաջ անցնելով բոլոր ուժերից՝ առաջինը հենց Տեր-Պետրոսյանն է առաջադրում այն քաղաքական օրակարգը, որի շրջանակներում կարող է տեղի ունենալ ընդդիմադիր ուժերի գործակցությունը։ Տեր-Պետրոսյանը դա անվանեց «պլատֆորմ», որը կազմված է 12 հստակ կետերից։ Դրանք ներառում են թե ազգային, թե ներհայաստանյան խնդիրներն ու իրողությունները։ Սակայն նկատելի է, որ այս պլատֆորմը կազմված է բացառապես Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի գաղափարական, ծրագրային մոտեցումներից։ Օրինակ՝ ընտրական համակարգի վերափոխման, բազմակուսակցական ընտրական հանձնաժողովների վերացման, այն ոստիկանության կամ արդարադատության նախարարության վրա դնելու նրա պահանջի առկայությունը բացառապես Տեր-Պետրոսյանի ծրագրային դիրքորոշումն է։ Կամ՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականին հասնելու հետ կապված պայմանները։ ՀՅԴ-ն դեռ կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ իր հայտարարությամբ էր հստակ ասել, որ չի գնալու արմատական լուծումների ճանապարհով եւ իշխանությունների հրաժարականի հարց առաջ չի քաշելու։ Տեր-Պետրոսյանի այս պլատֆորմը ՀՅԴ-ում կարող են գնահատել որպես կրկին ընդդիմադիր դաշտում գերիշխանության հասնելու գործիք, քանի որ այն արտահայտում է միայն ՀԱԿ-ի քաղաքական դիրքորոշումները։ Սակայն այս առումով Տեր-Պետրոսյանը բավարար շրջահայեցություն է դրսեւորում՝ այն ոչ թե վերջնական, նախապայմանային, այլ ընդամենը աշխատանքային «փաստաթուղթ» համարելով։ «Ավելորդ է նշել, իհարկե, որ այս պլատֆորմը նախնական ու զուտ աշխատանքային է, որը, շահագրգիռ ուժերի հետ քննարկումների արդյունքում, ենթակա է փոփոխությունների ու լրացումների։ Կարծում եմ՝ ամառը լիովին բավարար ժամանակ է այդ հույժ անհրաժեշտ աշխատանքը կատարելու համար»,- իր ելույթն այսպես է եզրափակել Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նման մոտեցման պայմաններում էականը, բանականբար, դառնում են ոչ թե պլատֆորմում նշված միջոցառումները, այլ ընդհանուր օրակարգի ձեւավորման նախաձեռնությունն ընդհանրապես։ Դա միջոց, ճանապարհ է՝ ընդդիմադիր դաշտում երկխոսություն սկսելու համար, որն առաջիկայում մյուս քաղաքական ուժերին ստիպելու է կամա-ակամա անդրադառնալ այդ օրակարգին, ճշտել, հստակեցնել սեփական մոտեցումները դրանց նկատմամբ, թեկուզ այն փոփոխելու իմաստով երկխոսություն սկսել ՀԱԿ-ի հետ։ Այլ կերպ ասած՝ Տեր-Պետրոսյանը նոր գործընթացների հիմքեր է ստեղծում, որը կրկին քաղաքական դաշտի հստակեցման խնդիր է լուծելու։ Թե ինչպիսին կլինի այս նախաձեռնության հանդեպ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» դիրքորոշումը, պարզ կդառնա առաջիկայում։ Հենց այդ ժամանակ էլ որոշակիորեն հասկանալի կդառնա՝ այս երեք ուժերը ի վիճակի կլինե՞ն ընդհանուր քաղաքական օրակարգ ձեւավորել եւ համագործակցության եզրեր փնտրել, թե՞ ոչ։ Համենայնդեպս հիմա դա այնքան էլ իրատեսական չի թվում։ Սակայն միաժամանակ ոչինչ բացառել չի կարելի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter