«Շիրակում մուրացող երեխաներ գրեթե չեն մնացել»,- վստահեցնում է Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը
Սոցիալապես ծանր վիճակում գտնվող Շիրակի մարզում հաճախակի են ոտնահարվում անչափահաս երեխաների իրավունքները. նրանցից շատերը փոքր տարիքից հարկադրաբար դառնում են տան միակ աշխատողը` հավերժ մոռանալով դպրոց հաճախելու ու կրթվելու մասին: Այս մասին մենք տեղեկացրել ենք` առանձին օրինակներ բերելով:
Կոնկրետ Գյումրիում որոշ անչափահասներ էլ ընտրում են փող աշխատելու ամենահեշտ տարբերակը` զբաղվում են մուրացկանությամբ: Եվ քանի որ մուրացող երեխաները հաճախ իրենց համար «աշխատատեղ» են ընտրում եկեղեցու բակը, մենք նրանց մասին հետաքրքրվեցինք Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից:
Օրեր առաջ եկեղեցու բակում աղավնի վաճառողներից մեկը «Հետքին» վստահեցրել էր, թե «Դուք այլևս թույլ չեք տալիս մուրացիկ երեխաներին եկեղեցու բակում կանգնել, քանի որ նրանք հաճախակի են քաշքշում հավատացյալներին` մտնելով նրանց գրպանները»: Որքանով է իրականությանը համապատասխանում այս տեղեկությունը:
Դա բնավ չի համապատասխանում իրականությանը, քանի որ մուրացիկ երեխաները եկեղեցու շրջակայքում եղել են տասը տարի առաջ միայն, և նրանց փորձել ենք ուղղել, կամ այլ ճանապարհներով, վերջիվերջո, ուղղվել են: Վերջին յոթ-ութ տարում եկեղեցու շուրջ և ընդհանրապես քաղաքում մուրացիկ երեխաներ չկան, չեմ ասում` իսպառ չկան, գործնականում տեսանելի չեն: Հետևաբար, այն ինֆորմացիան` իբրև թե Սրբազանը վռնդել է մուրացիկ երեխաներին և հրահանգել է աչքին չերևալ, սխալ է. այդպիսի բան չի եղել: Ճիշտ է, որ ընդհանրապես մուրացիկների, չափահասների նկատմամբ մենք փորձել ենք միջոցներ ձեռք առնել, որովհետև նրանք անհանգստացնում էին եկեղեցի մտնող-ելնողներին. ոչ թե սովորական մուրացիկի նման նստած են, այլ հարձակվում են և ուղղակի քաշքշում են մարդկանց: Եվ դրա համար մենք երկու անգամ, այո, իրավապահ մարմիններին դիմել ենք, որպեսզի կարողանան կարգ սահմանել եկեղեցու շրջակայքում, որպեսզի նրանք եկեղեցի մտնողներին կամ պարզապես անցորդներին լկտիաբար չանհանգստացնեն, որովհետև, վերջիվերջո, մուրացկանությունն էլ պատշաճության սահմաններում պետք է լինի, և պատշաճության սահմանները պետք չէ անցնել: Ուրեմն, խոսքը եղել է ընդհանրապես մուրացիկների հարձակողական պահվածքի մասին: Այդ իմաստով, այո, մեր կողմից դիմումներ եղել են, բայց վռնդել որևէ մուրացկանի` երբեք չենք վռնդել, նույնիսկ չափահաս մուրացկանի չենք վռնդել և չենք վռնդում, որովհետև երկու հազար տարի էլ դրանից առաջ և դրանից հետո էլ, բոլոր երկրներում` կայացած, հարուստ, մուրացկանները եկեղեցու շուրջն են հավաքվում, և եկեղեցին չի կարող մուրացկաններին վռնդել եկեղեցու շրջակայքից: Բայց, անշուշտ, եթե իրենք իրենց պահում են պատշաճության սահմաններում:
Դուք ասում եք, որ քաղաքում մուրացկան երեխաներ գրեթե չկան, բայց Ձեր ասուլիսներից մեկի ժամանակ հայտնեցիք, որ եկեղեցում սոցիալ-կրթական կենտրոն հիմնելու նպատակներից մեկը մուրացկան երեխաներին փողոցներից կտրելն է: Որքանո՞վ է հաջողվում այդ գործը:
Ես մուրացիկ երեխաներին հատուկ չեմ շեշտել, ես ընդհանրապես երեխաների մասին եմ խոսել` դժվար կամ փողոցում հայտնված երեխաների: Մուրացիկ երեխաներ, ինչպես արդեն ասացի, գրեթե չկան: Իսկ Սոցիալ-կրթական կենտրոնը միայն երեխաների համար չէ, բնականաբար, բոլոր տարիքների համար է և միայն մուրացիկ երեխաների համար չէ, այլ` բոլոր երեխաների: Բոլոր այն երեխաների համար, որոնք այս կամ այն պատճառով զբաղմունք չունեն, ուշադրությունից դուրս են մնացել, հայտնվել են փողոցում: Նրանց պետք է ընդգրկել զանազան խմբակների մեջ, որպեսզի զբաղմունք ունենան, փողոցներից կտրվեն, լավ բան սովորեն` եկեղեցական կարգին ծանոթանան, լավ հայեր, քրիստոնյաներ դառնան: Բնական է, որ բոլորին փրկել չենք կարող, բայց ում որ կարող ենք փրկել, փորձում ենք փրկել: Միշտ էլ պետք է գործնական ու պրագմատիկ լինել ու հասկանալ, որ որևէ մեկը հնարավորություն չունի բոլորին փրկելու: Բայց բոլորին փրկելու փորձ անել պետք է, մենք էլ անում ենք: Հետևաբար, մեր Սոցիալ-կրթական կենտրոնի ջանքերը միայն մուրացիկ երեխաներին չեն ուղղված, այլապես դա շատ փոքր ասպարեզ կլիներ, որովհետև, Փառք Աստծո, մուրացիկ երեխաները շատ չեն: Իսկ փրկելը և' ստացվում է, և' չի ստացվում, բայց, բարեբախտաբար, մեծ մասաբ ստացվում է: Վերջիվերջո, տասը տարի է, մենք այդ գործունեությունը ծավալում ենք և գիտենք շատ երեխաների, որոնք հիմա արդեն երիտասարդներ են, ամուսնացել են, ընտանիք են կազմել և ուղղվել, դուրս են եկել այդ վիճակից, երևի այդ գիտակցությունն էլ չունեն, թե իրենք ինչպես փրկվեցին: Ոչ էլ մենք ենք դրա վրա ուշադրություն դարձնում, բայց երբ որ վերլուծում ես, տեսնում ես, որ մեր ուշադրության տակ հայտնված երեխաների մեծամասնությունը, ովքեր այսօր մեծացել են, դարձել են երիտասարդներ, լավ, շիտակ մարդիկ են:
Ինչպե՞ս եք վերաբերվում անչափահաս երեխաների աշխատանքին:
Դա նորմալ երևույթ չէ, բայց ավելի լավ է աշխատի, քան հանցագործ ուղի բռնի: Թող աշխատի, բայց, անշուշտ, ոչ ի հաշիվ իր ուսման: Դպրոցը թողնելը, չհաճախելը տխուր երևույթ է, որովհետև կրթություն ստանալն իր իրավունքն է, իսկ պետության պարտականությունը նաև այս իրավունքն ապահովելն է: Եթե և' ուսանում է և' աշխատում է ծնողների հոգսը թեթևացնելու համար, ես ինքս դրա մեջ վատ բան չեմ տեսնում. երեխան փոքրուց էլ, մանկուց էլ թող սովորի աշխատել և աշխատանքի նկատմամբ սեր ունենա: Դրանում ոչ մի վատ բան չկա, բայց նորից եմ կրկնում` ոչ թե ուսման հաշվին: Այնպես որ, աշխատելու մեջ դրական բան կա, որ երեխան մանկուց հասկանում է աշխատանքի արժեքը, ծնողներին է օգնում: Ես ինքս փոքր հասակում, դպրոցից հետո, դրամ վաստակել եմ և դրա մեջ վատ բան չեմ տեսել:
Մարզպետարանի երեխաների իրավուքների պաշտպանության բաժնից մեզ վստահեցնում են, որ Շիրակի մարզում դպրոց գնալու հաշվին աշխատող անչափահաս երեխաներ գրեթե չկան: Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս, Դուք համամիտ եք նման վիճակագրության հետ:
Իհարկե, մեր մարզում կան երեխաներ, որոնք դպրոց չեն հաճախում: Երևի թե աշխատող երեխաների մի զգալի մասը դպրոց հաճախում է, բայց մի մաս կա, որ չի հաճախում, մանավանդ ութերորդ դասարանից հետո: Աղջիկ երեխաներ կան, որոնք չեն էլ աշխատում, ուղղակի պատշաճ զգեստ չունենալու պատճառով դպրոց չեն հաճախում, իրենց ընկերուհիներից ետ չմնալու համար գերադասում են դպրոց չհաճախել, քան թե աղքատիկ զգեստով գնան ու իրենց բարեկեցիկ ընկերուհիների կողքին նստեն: Որ ասենք` շատ են նրանք, այդպես չէ, բայց կրթության ոլորտն այս հարցին պիտի ուշադրություն դարձնի, սա պետության պարտականությունն է, ոչ թե եկեղեցու:
Իսկ հասարակական կազմակերպությունները, որոնք դրամաշնորհներ են ստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար, որևէ ձևով համագործակցու՞մ են եկեղեցու հետ:
Գիտեք, ես հկ-ներին հավատացող չեմ. գոյություն ունեն, թող աշխատեն, իրենց ծառայությունը մատուցեն: Բացառությունները հարգելով` ընդհանրապես հկ-ները ստեղծված են դրամաշնորհներ ստանալու ու անձնական կամ որևէ մի խմբակի բարեկեցությունը ապահովելու համար: Սա փաստ է. հիմա շատ քիչ հկ-ներ կան, որոնք, իրոք, գործ են անում: Մասնավոր համագործակցություն չունենք որևէ մի հասարակական կազմակերպության հետ: Ճիշտ էլ չեմ համարում նրանց հետ գործնական հարաբերություն ունենալը, որովհետև հկ-ների գոյությունը և աշխատանքը ժամանակավոր է, իսկ եկեղեցունը` մշտնջենական: Հաճախ հկ-ները դիմում են մեզ` օգնության և օժանդակության հարցով, այնինչ պետք է լիներ հակառակը. հկ-ներն այնքան զորավոր պետք է լինեին, որ իրենք կարողանային նեցուկ կանգնել եկեղեցու գործունեությանը, ոչ թե եկեղեցուց ակնկալեին օժանդակություն: Այն ծառայությունը, որը եկեղեցին կարող է ինքնուրույն իրականցնել, ինչու՞ պիտի իրականացնի հասարակական կազմակերպության հետ: Այն նույն գումարը, որ ինքը կարող է ինքնուրույն ծասել և արդյունք ստանալ, ինչու՞ պիտի տա հկ-ին, որպեսզի հասարակական կազմակերպությունը դա իրականացնի, ընդ որում ավելի վատ: Այդ իմաստով համագործակցություն գործնական հողի վրա չկա, որովհետև նպատակները տարբեր են, ուղղությունները տարբեր են: Հկ-ի համար ժողովրդին ծառայելը միջոց է դրամաշնորհ ստանալու, իսկ եկեղեցու համար ժողովրդին ծառայելը առաքելություն է, ոչ թե միջոց:
Այսօր Գյումրիի մանկատները ծանրաբեռնված են ոչ այնքան որբերով, որքան սոցիալապես անապահով երեխաներով, սակայն մանկատները բեռնաթափելու ծրագրեր են մշակվում: Ի՞նչ է սպասվում այդ երեխաներին:
Բեռնաթափման այն նպատակը, որ երեխային պետք է ընտանիք վերադարձնել, գովելի է, բայց այդ դեպքում ընտանիքին պետք է օժանդակել. այլապես երեխային պարզապես մանկատնից հանել, ուղարկել ընտանիք, որտեղ շատ ավելի վատ պայմաններում է ապրելու, ճիշտ լուծումը չէ: Բայց նպատակը շատ ճիշտ է. փոխանակ երեխաներին հավաքեն մանկատներում, լավ է սոցիալապես անապահով ընտանիքին օգնեն, զորացնեն, որպեսզի երեխան ընտանեկան ջերմություն ունենա և ապահովված լինի սննդով, հագուստով, այսինքն` բեռնաթափման նպատակը բարի է, բայց եթե ճիշտ իրականացվի, այլապես ոչ մի բան չի լինելու. երեխան բոբիկ, սոված, ձմեռը` առանց վերարկուի վերադառնալու է այն ընտանիքը, որն առանց այն էլ այդ վիճակում էր:
Ինչպե՞ս կգնհատեք երեխաների իրավունքերի պաշտպանության վիճակը Շիրակի մարզում:
Երեխան իրավունք ունի, երբ ծնողը կամ հասարակությունը ունի պարտականություն. երեխայի իրավունքն այնտեղ է սկսվում, որտեղից սկսվում է մեծահասակների պարտականությունը: Հետևաբար, երեխայի իրավունքը հարգված է այնքանով, որքանով մենք` ծնող, հասարակություն, դպրոց, կատարում ենք մեր պարտականությունները: Եթե այս տեսանկյունից ենք հարցը դիտարկում, տեսնում ենք, որ երեխաների իրավունքներն այնքան էլ չեն հարգվում, որովհետև մենք մեր պարտականությունները լավ չենք կատարում կամ կատարում ենք ձևական: Անշուշտ, գյումրեցի ծնողները փորձում են առավելագույնը անել երեխաների համար, բայց, ասենք, սոցիալապես խոցելի ընտանիքներում, մանկապարտեզներում, դպրոցներում լինում են դեպքեր, ես չէի ասի` երեխաների իրավուքների խախտումներ, ես կասեի` մեր պարտականությունների թերացում, կանվանեի ծնողների, դաստիարակների, ուսուցիչների, հոգևորականների պարտականությունների թերացում: Այդ իմաստով, թերացումներ կան, այլապես տեսականորեն երեխայի իրավունքները հարգված են, որովհետև դեկլարատիվ բնույթով երեխան բոլոր իրավունքներն ունի կրթվելու, մեծանալու, ամուսնանալու: Բայց նրանում, թե որքանով ենք մենք մեր պարտականությունները կատարում, թերացումներ կան, թեև բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում կան: Մենք, բարեբախտաբար, մեր մանուկներին սիրում ենք, գոնե այս մի հարցում շատ քիչ ենք թերանում, բայց երբեմն այդ սերը արտահայտում ենք ոչ ճիշտ եղանակով, ի վնաս մեր մանուկների: Բայց և շատ բացասական չէի գնահատի ընդհանուր իրավիճակը. ծնողները գոնե իննսուն տոկոսով իրենց պարտականությունները կատարում են: Եթե թերանում է, ավելի թերանում է դպրոցը:
Հարցազրույցը՝ Անի Ղուկասյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել