HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզում նույնպես դժգոհում են միասնական քննությունների թեստերի բարդությունից

17_06-qnnutyunԱրագածոտնի մարզը 2008-09 ուսումնական տարում ունեցել է 2136 շրջանավարտ, որոնցից 1797-ը այս տարի ցանկություն են հայտնել քննությունները հանձնել միասնական ընթացակարգով: Նրանցից 525-ը դիմել է հայոց լեզու եւ գրականություն առարկայի համար, 401-ը՝  մաթեմատիկայի, 48-ը` ռուսաց լեզու առարկայի համար, 63-ը՝ կենսաբանության, 31-ը՝ ընդհանուր պատմության, 19-ը՝ աշխարհագրության, 197-ը՝ ֆիզիկայի, 163-ը՝ հայոց պատմության, 37-ը` քիմիայի, 240-ը՝ անգլերենի, 36-ը՝ գերմաներենի, 36-ը՝ ֆրանսերենի եւ 1 աշակերտ՝ իտալերենի համար: Մինչ այժմ կայացել են հայոց լեզվի եւ գրականության, մաթեմատիկայի, կենսաբանության, ընդհանուր պատմության, աշխարհագրության, օտար լեզուների, երեկ էլ՝ ֆիզիկայի միասնական քննությունները: Միասնական քննություն հանձնողներից 7.5 միավորի շեմը հաղթահարել են` մաթեմատիկայից` 89.5%-ը, կենսաբանությունից` 82.5%-ը, 92.6%-ը՝ ընդհանուր պատմություն առարկայից, աշխարհագրության ցուցանիշը կազմում է 94.7%, հայոց լեզուն եւ գրականությունը՝ 87.5%: ՙ «Նոր եմ հանձնարարել, որ առանձնացնեն, թե քանի դիմորդ է ստացել 18, 19, 20 միավորներ, բայց ասեմ, որ դրանք շատ քիչ են, իսկ ընդհանուր միջին մակարդակը սկսվում է 8-16 միավորի միջակայքում, թեեւ ընդհանուր միջին միավորն ընկել է: Սակայն, դա չեմ կապում որակական անկման հետ, ես կապում եմ թեստերի, առաջադրանքների բարդացման հետ: Անձամբ չեմ տեսել այդ թեստերը, սակայն երեխաները դժգոհում են, որ իրենց ուղեցույցներից հարցերը շեղված են, անգամ թեստերում մտցրել են հարցեր, որոնք ծրագրով չեն անցել: Դրա համար միավորները միանգամից իջել են: Անցյալ տարի մենք 99% առաջադիմություն ունեինք, նույն երեխաներն են, նույն դպրոցներն են ավարտել, այդ ինչպե՞ս եղավ, հո հրաշք չէ՞ր եղել: Նայեք տեսեք, թե ինչ թափանցիկ քննություններ են գնում մեր դպրոցներում: Հավքն իր թեւով, օձն իր պորտով չի կարող քննության ժամանակ դպրոց մտնել` իհարկե, բացի ինձանից ու մարզպետից: Մենք էլ միջանցքից ենք հետեւում, քննասենյակ չենք մտնում»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանը: 17_06-S-XukasyanՄեր այն հարցին, թե ինչու են դիմորդները օտար լեզվից ավելի բարձր միավորներ հավաքում, քան հայոց լեզվից, տիկին Ղուկասյանը բացատրեց, որ անգլերենի թեստերը բավականին մատչելի են եղել: «Այդ ինչպե՞ս եղավ, որ հայոց լեզվի եւ գրականություն առարկայից դիմորդներն ավելի ցածր են ստանում, քան օտար լեզվից: Դա նշանակում է, որ առաջադրանքների բարդության խնդիր կա: Հայոց լեզուն արհեստական են բարդացրել, իսկ թե ինչու են այդպես արել` չեմ կարող ասել: Միգուցե թեստ գրողները մանակավարժներ չեն եղել, եթե դոկտոր, պրոֆեսորներ են կազմում, դա իրենց համար շատ հեշտ է, բայց շրջանավարտի համար շատ դժվար է: Ինչու՞ չեն բողոքում աշխարհագրության, կենսաբանության, ընդհանուր պատմության արդյունքներից, որովհետեւ նորմալ է եղել, ծրագրին համապատասխանել է: Երբ օրեր առաջ կրթության նախարարն այցելեց մեր մարզ, ծնողները միանգամից գրոհեցին Արմեն Աշոտյանի վրա` դժգոհելով թեստերի բարդությունից: Ես էլ առաջարկեցի թեստ կազմելու ժամանակ գոնե նմուշներն ուղարկեն մեզ, մանկավարժների հետ քննարկենք, համեմատենք ծրագրերի հետ, եւ կարող է լինեն այնպիսի հարցեր, որ, իրոք, այդ երեխան դպրոցում չի անցել»,- ավելացրեց Սիրամարգ Ղուկասյանը: Տիկին Ղուկասյանը ծնողներին հույս հայտնեց, որ այդքան էլ չվախենան իրենց երեխաների հավաքած ցածր միավորներից, քանի որ բուհ ընդունվելու շեմը նույնպես իջել է: Սիրամարգ Ղուկասյանին հարցրինք, թե կրթության նախարարների հաճախակի փոփոխությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ուսումնական ընթացքի վրա: «Չեմ կարծում, որ ինչ-որ փոփոխություն կունենա, որովհետեւ քաղաքականությունը չի փոխվում: Ես՝ որպես վարչության պետ, հասկացել եմ, որ նախարարները չեն փոխում քաղաքականությունը, իհարկե, իրենց առանձնակի մոտեցումները դրսեւորում են, բայց դա էական ազդեցություն չի ունենում ուսումնական պրոցեսի վրա: Մի կողմից էլ ճիշտ չէ հաճախակի նախարար փոխելը: Նախկինում Լուսավորության նախարար Հախումյան ունեինք, նա այնքան երկար պաշտոնավարեց, որ առանց նրա այլեւս չէինք պատկերացնում նախարարությունը, իսկ հիմա քաղաքականություն է, ու ես չգիտեմ: Դրանք քաղաքական, հայեցողական պաշտոններ են, ու քաղաքական ուժերի հարաբերակցությունից կախված՝ փոփոխություններ են լինում: Մի բան միանշանակ է` նախարար փոխելով կրթական քաղաքականությունը չի փոխվում»,- ավելացրեց  Սիրամարգ Ղուկասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter